Մայիսի 18-ին Վիսբադենի պետական օպերային թատրոնն ընդունեց հանդիսատեսին
Նոր կորոնավիրուսը շարունակում է եւ դեռ հայտնի չէ, թե ինչքան համաշխարհային թիվ 1 մարտահրավերը կմնա։ Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակում արեւմտյան մեկ-երկու թատրոններ գտել են իրենց աշխատաոճը, այդ թվում՝ հանդիսատեսի ներկայությունը ապահովող։ Ինչպես հայտնի է, մեր կառավարությունը մինչ օրս հայտարարությամբ հանդես է եկել ընդամենը կատարողական արվեստի բնագավառում՝ փորձերի մասով, այն է՝ թատերախմբերի, երգչախմբերի եւ նվագախմբերի դեպքում 10 հոգի, իսկ պարային խմբերի դեպքում 7 հոգու մասնակցությամբ, ինչն, իհարկե, նույնիսկ ոչ մասնագետին է հասկանալի, որ այս ձեւաչափը ընդամենը արտիստներին «մարզավիճակում» պահելու համար է։ Հավանաբար առաջիկայում կառավարությունը ելք կգտնի՝ ստեղծված վիճակից դուրս գալու համար, ինչքան էլ որ առողջապահության նախարարի կարծիքով համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո, եթե նույնիսկ հայտնաբերվի պատվաստանյութը։
«Առավոտը» զրուցեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանի հետ, ով 1999-ից մինչեւ 2018 թվականը, բնակվելով ու ստեղծագործելով Գերմանիայում, որպես օպերային երգիչ հանդես է եկել եվրոպական թատրոններում, եւ ոչ միայն։
Պարոն Բաբաջանյանը մեզ հայտնեց, որ մայիսի 18-ին Գերմանիայի Վիսբադենի պետական օպերային թատրոնը վերսկսել է գործունեությունը որպես փորձաշրջան, որը կշարունակվի մինչեւ հունիսի կեսերը։ «Թատրոնի հանդիսասրահը, որը նախատեսված է 1500 հանդիսատեսի համար, կընդունի ընդամենը 200-ի՝ պահպանելով սոցիալական հեռավորություն։ Հանդիսատեսը կզբաղեցնի յուրաքանչյուր 4-րդ աթոռը՝ դատարկ թողնելով 3-ը։ Ի դեպ, ընտանիքի անդամները կարող են նստել կողք կողքի։ Նշենք, որ տոմսերը գնելիս գրանցվում է յուրաքանչյուր գնորդի հասցեն եւ հեռախոսահամարը»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։ Խնդրեցինք տեղեկատվություն հայտնել նաեւ այլ մշակութային օջախների աշխատանքների մասին։ «Օրինակ, օպերային արվեստի հայտնի Բրեգենցի փառատոնն այս տարի եւս կկայանա, բայց այլ ձեւաչափով։ Հիշեցնեմ, որ դա բացօթյա միջոցառում է՝ շուրջ 5000 հանդիսատեսի համար նախատեսված։ Փառատոնային օրերին ներկայացման փոխարեն հանդիսատեսին կհրամցվի օպերային ներկայացումներից ընդամենը հատվածներ։ Վերադառնամ Վիսբադենի թատրոնին. այստեղ նույնպես կներկայացվեն հատվածներ օպերաներից ռոյալի նվագակցությամբ՝ առանց երգչախմբի ու նվագախմբի մասնակցության։ Ներկայացված տեսարաններում ներկա է լինելու 5-6 մեներգիչ, ոչ ավելին»,- հայտնեց արվեստագետը։
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում Մկրտիչ Բաբաջանյանը մի հետաքրքիր փաստի մասին խոսեց։ Նրա հավաստմամբ՝ Բադեն-Բադեն քաղաքի օպերային թատրոնի նվագախմբի տնօրինությունը, կապված վարակի հետ, գիտնականներ է հրավիրել, որոնք պետք է պարզեին, թե արդյոք փողային գործիքները վարակ չե՞ն տարածում՝ անկախ սոցիալական հեռավորությունից, քանի որ փողային գործիքներից օդը արտամղվում է բարձր ճնշմամբ, եւ մեծ հեռավորության վրա։ Արդյունքում գիտնականները հետեւյալ եզրահանգումն են արել. վարակ գրեթե չի տարածվում։
Ամիսներ անց կամ չգիտենք երբ, մեր օպերային թատրոնն էլ պետք է վերսկսի աշխատանքը… Համաշխարհային օպերային գրականությունը հարուստ է, այսպես կոչված, մինի օպերաներով, այդ թվում՝ Պերգոլեզի՝ «Սպասուհին՝ տիրուհի», Մոցարտ՝ «Թատրոնի տնօրենը», Դոնիցետի՝ «Զանգակ», կան նաեւ մոնո օպերաներ, օրինակ՝ Պուլենկի «Ձայն մարդկայինը»… Հարցրինք՝ հնարավոր չէ՞ մինի օպերաները ներկայացնել միայն ռոյալի նվագակցությամբ։ Ի վերջո, մեր օպերային թատրոնի խաղացանկում էլ ունենք բալետներ՝ Բիզեի «Կարմեն» սյուիտը, «Լորկիանան», «Շոպենիանան», որոնք ուղեկցվում են ձայնագրություններով, չնայած հիշյալ բալետներում, բացի մենապարողներից, ընդգրկված է նաեւ կորդեբալետը։ «Ես մշտապես կապի մեջ եմ մաեստրո Օրբելյանի հետ, եւ մենք օպտիմիստ ենք, իհարկե, մաեստրոյի հետ ունենք պլաններ, այդ թվում՝ մինի օպերաների հետ կապված։ Հնարավորություն կա նույնիսկ հանդես գալ բացօթյա, բայց դեռ փակագծերը չեմ ուզում բացել եւ, ի վերջո, այս պլանները պետք է քննարկել նաեւ նախարարության հետ…»,- ասաց պարոն Բաբաջանյանը։
Քանի որ արվեստագետի հետ զրույցը ընթացավ միայն Գերմանիայում համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակի շուրջ, փաստենք, որ այդ երկրի պառլամենտը գործուն մասնակցություն է ունենում երկրի թատերական կյանքի ձեւավորման ու աջակցման գործում, հատկապես պարբերաբար կրկնվող ճգնաժամերի դեպքում, երբ ֆինանսական աջակցության խնդիրը վերածվում է նույնիսկ լինել-չլինելու հարցի։ Վերջին շրջանի հայտնի դեպքերից է, երբ երկու տարբեր քաղաքների՝ արդեն փակման եզրին հայտնված թատրոնները պառլամենտի նախաձեռնությամբ միավորվեցին մեկ ստեղծագործական միավորի մեջ եւ այդ մեկ օղակին հատկացում կատարվեց բավականաչափ, ոչ փոքր գումար՝ 21 մլն եվրո։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.05.2020
Տեղեկացնեմ, որ հայ կոմպոզիտորներն էլ են գրել մոնո օպերաներ՝ Վահրամ Բաբայան, Սոֆիա Ազնավուրյան և այլք: Ինչու՞ հայկականը անտեսվում է և հիշվում է գերմանականը … Վստահ եմ, որ մեր հասարակությանը հող ու ջրի կես անհրաժեշտ են հայկական բարձրակարգ օպերային նոր ներկայացումներ …Հարգանքով՝ Աշոտ Բաբայան
վերևում՝ ,,կես,,- ը կարդալ ,,պես,, (համակարգչային սխալ)