Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտեմ՝ ինչպես իմ անունը գրել հայերեն»

Մայիս 20,2020 12:30

Մարոկկացին՝ Մարոկկոյի եւ Հայաստանի մասին

Աշխատանքի բերումով վերջերս ծանոթացա մարոկկացի մի աղջկա հետ, որը պատմելով իրենց երկրի ավանդույթներից, շարժեց հետաքրքրասիրությունս: Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Հայաստանին: «Իմ անունը Մերիեմ Քոզբոուր է, ես 21 տարեկան եմ, համալսարանի ուսանող եմ, լրագրող, թղթակցում եմ korea.net կայքին: Ծնվել եւ մեծացել եմ Մարոկկոյում, մասնավորապես՝ Սաֆի քաղաքում: Սա փոքրիկ, խաղաղ քաղաք է, որը հայտնի է կերամիկայի արտադրությամբ, ձկներով եւ ծովով: Երազանքներ շատ ունեմ, ցանկանում եմ համալսարանն ավարտել եւ մեկնել արտասահման, ճանապարհորդել աշխարհով, հաղորդակից լինել բոլոր մշակույթներին»,-մեր զրույցի ժամանակ ասաց մարոկկացի աղջիկը:

Հիացմունքով խոսեց իր հայրենիքի մասին. «Մարոկկոն շատ եմ սիրում ոչ թե այն պատճառով, որ դա իմ հայրենիքն է, այլ որովհետեւ հիանալի երկիր է՝ մշակույթների եւ լեզուների խառնուրդով, որոնք արժանի են աշխարհում հայտնի լինելու եւ բացահայտման: Ես ուզում եմ ներկայացնել իմ մշակույթը եւ իմ երկիրն ամբողջ աշխարհին: Մարոկկոյի յուրաքանչյուր տարածք ունի իր մշակույթը, օրինակ, հյուսիսային մշակույթը տարբեր է հարավից, իսկ արեւելքը տարբեր է արեւմուտքից: Եվրոպական ազդեցությունը մեծ է մեր երկրում, քանի որ մենք մոտ ենք Եվրոպային: Նույնիսկ մեր բարբառները Մարոկկոյում շատ տարբեր են իրարից»: Պատմելով ավանդույթների մասին, Մերիեմը նշեց. «Կանանց ավանդական հագուստը կոչվում է քաֆթան, իսկ տղամարդկանց հագուստը՝ ջաբադուր: Դա իսկապես գեղեցիկ հագուստ է: Եթե որեւէ մեկը գալիս է Մարոկկո, ես խորհուրդ եմ տալիս փորձել այդ հագուստները: Ինչ վերաբերում է գլխաշորին կամ հիջաբին, մենք այն չենք համարում ավանդույթ: Մարոկկոյում եւ մի շարք այլ երկրներում գլխաշոր կրելը պարտադիր չէ. մենք ենք ընտրում՝ կրե՞լ այն, թե՞ ոչ»:

Մեր զրուցակիցը նշեց, որ անձամբ իրեն դուր է գալիս հիջաբ կրելը. «Ես հիջաբ սկսել եմ կրել միջնակարգ դպրոցից, եւ ինձ ոչ ոք դա չի պարտադրել»:

Ի՞նչ կարծիքի է իր երկրի իշխանությունների մասին, ինչը կփոխեր Մարոկկոյում, եթե երկրի ղեկավար լիներ: Ի պատասխան՝ Մերիեմն ասում է. «Ես քաղաքականությամբ այդքան էլ չեմ հետաքրքրվում, բայց կարծում եմ, որ Մարոկկոյի կառավարությունը շատ ջանք է գործադրում խաղաղություն պահպանելու եւ քաղաքացիների խնդիրները լուծելու համար եւ փորձում է ավելի լավը դարձնել Մարոկկոն: Ես հավատում եմ, որ երկիր ղեկավարելը իսկապես հեշտ չէ եւ դա մեծ պատասխանատվություն է, եւ եթե ես իմ երկրի ղեկավարը լինեմ՝ ավելի շատ աշխատելու եմ կրթության, առողջապահության համակարգերի վրա,  իմ երկիրը կդարձնեմ միջազգային մակարդակով ավելի հայտնի»:

Իսկ ուր խորհուրդ կտա, որ հյուրերն այցելեն Մարոկկոյում: «Ինքս շատ եմ հավանում իմ քաղաքը՝ Սաֆին, քանի որ այն խաղաղ է եւ ունի գեղեցիկ ծովափնյա հատված… Իֆրանը եւս հիանալի քաղաք է՝ լեռներով: Ես սիրում եմ այնտեղ այցելել ձմռանը, որպեսզի կարողանամ ձյունը վայելել: Ինձ դուր է գալիս Ասիլան, որը Մարոկկոյի հյուսիսում գտնվող փոքրիկ քաղաք է: Այն հայտնի է փողոցային արվեստներով: Ես կցանկանայի զբոսաշրջիկներին առաջարկել այցելել Մարաքեշ` Մարոկկոյի ամենահայտնի քաղաքը, կամ Մարզուգա, մի քաղաք, որն ունի անհավատալի անապատի տեսարաններ: Գեղեցիկ են նաեւ Տանգիեր, Չեֆաուեն, Ասիլա եւ նաեւ հյուսիսային  այլ քաղաքներ»,-նշեց մեր զրուցակիցը:

Իսկ երբ առաջին անգամ լսեց Հայաստանի մասին ու  երբ տեսավ Հայաստանի նկարները, հավանե՞ց  մեր երկիրը:  «Երբ առաջին անգամ լսեցի այդ երկրի մասին, չգիտեի, թե որտեղ է այն գտնվում: Հետո տեղեկացա, որ այն  սահմանակից է Թուրքիային, իսկույն  մտածեցի, որ եվրոպական երկիր է: Երբ տեսա Հայաստանի նկարները,  ինձ շատ դուր եկավ ձեր երկիրը: Որոշել եմ անպայման  մասնակցել, անպայման շփվել հայկական մշակույթի հետ: Ի դեպ,  արդեն գիտեմ՝ ինչպես գրել իմ անունը հայերեն»,-ասաց Մերիեմը՝ Մարոկկոյից:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

 ԵՊՀ  ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ
19.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031