Հարցազրույց իրանահայ լրագրող Շաքե Ա. Պետրոսյանի հետ
– Շաքե, ես զրուցել եմ Անգլիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Վրաստանում գտնվող, աշխատող գործընկերներիս հետ: Ինչպիսի՞ն է վիճակը Իրանում: Տեղեկացա, որ այդտեղ ես, եւ չես կարողանում վերադառնալ Հայաստան:
– Այո, անցյալ տարվա նոյեմբերի կեսերից այստեղ եմ: Նկարագրել, թե ինչ է կատարվում եւ մարդիկ ոնց են վերաբերվում այս ամենին, կարող եմ պատմել տեսած ու լսածս։ Նաեւ սոցցանցերի ընկերական խմբերի վերաբերմունքը։ Կարծում եմ՝ վերաբերմունքը նույնն է, ինչպես բոլոր երկրներում, բայց մեկ տարբերությամբ։ Ժողովրդի զրո տոկոս վստահության պայմաններում։ Սահմանափակումներն ափալ-թափալ հանեցին, ողջ պատասխանատվությունը մարդկանց վրա դնելով։ Այսօր նախագահը հայտարարեց՝ դպրոցները բացվում են, մզկիթներն անվտանգ են`սպիտակ քաղաքներում։ Ռամադանի վերջին օրը տոնական հավաքներ ու միասնական աղոթք տեղի կունենա։ Քայլարշավի փոխարեն երթ կլինի մեքենաներով։ Կան հակասություններ կառավարության եւ առողջապահության նախարարության միջեւ։ Թեհրան նահանգը, Խուզիստանը, խեղճ ու աղքատ Սիստան եւ Բալուչեստանը, հյուսիսային ծովափնյա երկու՝ Մազանդարան եւ Գիլան, եւ Քերմանշահ նահանգը ամենաբարձր վարակվածության տարածքներն են։ Վերջին տվյալներով՝ 120.000 հոգի վարակված են։ Խուզիստանն ամբողջովին կարմիր, Լոռեստանը եւ արեւելյան Ատրպատականն աղետի շեմին են՝ ըստ Համշահրի online գործակալության: Եթերը ողողված է բաց շուկաների եւ մայթերին առեւտուր անողների նկարներով։ Մոտակայքի միակ մամուլի կրպակը փակ է. անցորդներն առավոտյան վերնագրերը կարդում են ու տասից մեկն է թերթ գնում:
– Իսկ կառավարությունը ի՞նչ փոխհատուցում տվեց, ինչպիսի՞ն է աջակցությունը:
Կարդացեք նաև
– Ընդամենը մեկ միլիոն թուման, որը հավասար է 70 դոլարի, իբր պիտի անտոկոս վարկ տրվեր չքավոր ընտանիքներին։ Քսան միլիոն շահառուներից մինչ այժմ ստացել են 3-4 միլիոնը։
– Տնտեսական վիճակի մասին ի՞նչ են ասում, գրում տեղի լրատվամիջոցները:
– Տնտեսությունը գահավիժում է ԱՄՆ-ի սանկցիաների եւ 40 տարվա սխալ տնտեսական քաղաքականության պատճառով։ Նավթի արտահանումն անկում ապրեց երկու միլիոն տակառից մինչեւ 70 հազար։ Դա աղետ է այս երկրի համար, որը նստած է նավթի վրա։ Միայն ուղարկվում է Սիրիա եւ հիմա էլ` Վենեսուելա։ Բայց գները, եթե վերածես դոլարի, մոտավորապես այն է, ինչ Հայաստանում։ Իսկ աշխատավարձն ու եկամուտները՝ չնչին են։ Խոցելի խավերը եւ աղքատության շեմից ցածր եւ օրավարձով աշխատողներն ահավոր վիճակում են։ Մեծ գործարանների եւ հանքարդյունաբերության բանվորների գործադուլներ եւ բողոքներ կան։ Նրանք վերջին ամիսներին աշխատավարձ չեն ստացել։ Կորոնայի պայմաններում ժողովուրդն իրեն պաշտպանված չի զգում։
– Կապ ունե՞ս հայերի հետ:
– Իմ ծանոթների շրջանակում առնվազն տասնհինգ հայ եւ պարսիկ ընտանիքներ արդեն երեքամսյա կարանտինում են։ Այստեղ էլ դիմակների ու ալկոգելի պակաս կար։ Հիմա առկա է, բայց մեծամասնության համար քառապատիկ ու տասնապատիկ գներով։ Երբ դուրս եկա նկարելու, հանդիպեցի 10-12 տարեկան երեխաների, վաճառում էին գրավոր գուշակություն եւ անձեռոցիկ. առանց դիմակի եւ ձեռնոցի։ Այստեղ շատ են մարդիկ, ովքեր առանց դիմակի եւ ձեռնոցի են:
Հարցազրույցը`
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
19.05.2020