Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանում գործունեություն ծավալող այն ընկերությունների ներկայացուցիչներին ու անհատներին, որոնք աջակցել են համայնքին: Շնորհակալություն հայտնելով քաղաքի հանդեպ սոցիալական բարձր պատասխանատվություն ցուցաբերելու համար՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ ձևավորված այս մշակույթը կլինի օրինակելի:
«Քաղաքապետարանի և իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ նվիրված քաղաքացի և նվիրված երևանցի լինելու համար: Ինձ համար մեծ հպարտություն է ապրել մի քաղաքում, որտեղ աշխատում և ապրում են ձեզ նման մարդիկ, ովքեր անմասն չեն մնում իրենց քաղաքի խնդիրներից: Դա շատ կարևոր է, և սոցիալական պատասխանատվություն կոչվածը, որը մենք անընդհատ նշում ենք. ամբողջ գաղափարը սա է, որ մարդ ապրում է, աշխատում է մի տեղ և իր հնարավորության չափով նաև օգնում է հենց իր ապրած քաղաքին: Ես շնորհակալ եմ ձեզ սոցիալական այդ բարձր պատասխանատվությունը ցուցաբերելու համար և կարծում եմ՝ սա ընդամենը սկիզբն է մեր համագործակցության»,- նշել է քաղաքապետը:
Երևան համայնքի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցության և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետը պատվոգրերով է պարգևատրել «Մաստեր Շին», «Կապիտալ Բիլդ», «Արկադա քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին և Սամվել Մկրտչյանին։
Խոսելով իրականացվող ու նախատեսվող ծրագրերի մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքային իշխանության գլխավոր նպատակը կուտակված խնդիրներին համակարգային ու հիմնավոր լուծումներ տալն է: Հենց դրան է ուղղված համայնքային այն կառույցների ստեղծումը, որոնց կատարած աշխատանքն օրեցօր տեսանելի է դառնում:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն