«Բավականին մեծ խնդրի առաջ ենք կանգնած, պատճառն այն է, որ մենք բոլորս բավարար լրջությամբ չենք վերաբերում կորոնավիրուսին»,-այսօր այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսով հիվանդացության այսօրվա տվյալները, եւ նշելով՝ օրեցօր դեպքերն աճում են:
Նրա խոսքերով՝ տեղեկատվական հոսքերը երեւի բոլորի վրա են ազդում, բայց ժամանակն է, որպեսզի կրկնակի, եռակի, տասնյակ անգամ ավելի լրջությամբ վերաբերվենք խնդրին: Նշենք, որ այսօր կորոնավիրուսի 218 նոր դեպք է հաստատվել, արձանագրվել է երեք մահ, երեկ կորոնավիրուսի նոր դեպքերը երեք հարյուրից ավելին էին, այսօրվա դրությամբ մահվան ընդհանուր դեպքերը` 64:
«Հիմա, երբ գրեթե բոլոր սահմանափակումները վերացված են, մեզանից յուրաքանչյուրը պետք է առանձնահատուկ քաղաքական եւ քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերի այս իրավիճակը հաղթահարելու համար: Ես նաեւ հասկանում եմ, որ ՀՀ-ում այսօր միջին մահացությունն ավելի քիչ է, քան ամենօրյա մահացությունը նախորդ տարվա մայիսին»,-ասաց վարչապետը:
Փաշինյանի դիտարկմամբ՝ էականը սա չէ, այլ այն, որ եթե տեմպը չկոտրեն, ըստ հաշվարկների մայիսի 29-ին կունենանք 10 հազար հիվանդացության դեպք, իսկ հունիսի 12-ին՝ 20 հազար. «Ինչը նշանակում է՝ մահվան թվերը էականորեն կավելանան, որովհետեւ վերակենդանացման բաժանմունքներն ամբողջությամբ լցված կլինեն պացիենտներով, եւ մենք չենք կարողանա մարդկանց օգնություն ցույց տալ»:
Կարդացեք նաև
Նրա ներկայացմամբ՝ հիվանդացության դեպքերի մեծ մասն առանց ախտանիշի է, եւ մարդիկ իրենց վրա խոշոր խնդիրներ չեն զգում, կան դեպքեր, որ ամենամեծ խնդիրը, որ զգում են՝ համի եւ հոտի զգացողության կորուստն է:
«Եթե այս տեմպը չկոտրենք՝ ամեն օր տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր մարդիկ կմահանան, եւ ստիպված կլինենք ամենախիստ սահմանափակումները մտցնել: Բայց մենք հնարավորություն ունենք դա չանելու, որի ձեւը մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է»,-ասաց Փաշինյանը: Նա կրկին հիշեցրեց՝ պահպանել սահմանված կանոնները, սոցիալական հեռավորություն պահպանել, կրել ձեռնոցներ եւ դիմակ, ձեռքերը ախտահանել. «Այսօր ես փողոցներում տեսնում եմ մարդիկ,որոնք իրար քթի մեջ մտած զրուցում են, կարծես ոչինչ չի պատահել»:
Փաշինյանն ասաց, որ այսօր սուտ տեղեկությունները, թե կորոնավիրուս չկա, դեր են խաղում, որ մարդիկ լուրջ չեն վերաբերվում խնդրին.«Կորոնավիրուսի հաստատման առաջին օրից եւ դրանից առաջ էլ մենք ոչ մի տեղեկատվություն ձեզանից չենք պահել: Դուք հարյուր տոկոսով կորոնավիրուսի մասին իմացել եք այն, ինչ իմացել է կառավարությունը»:
Վարչապետը կոչ արեց, հորդորեց եւ նույնիսկ խնդրեց պահպանել պարետատան կանոնները, նշեց՝ ամենամեծ խնդիրը հուղարկավորություններն են. «Մեր համայնքներում հատկապես, տեղ-տեղ նաեւ Երեւանում, թաղումներն իրականացվում են այնպես, կարծես ոչ մի բան չի պատահել: Դեպքեր ունենք, երբ թաղումները դառնում են համատարած, բռնկումների պատճառ են դառնում: Առանձնահատուկ պետք է հետեւենք, որպեսզի բանկերը, դեղատները, խանութները, այնտեղ, որտեղ հաճախորդների մեծ հոսք կա, պահպանեն հերթի որոշակի կանոններ, պահպանեն սոցիալական հեռավորությունը, փակ տարածքում որեւէ մեկը առանց դիմակի իրավունք չունի մտնել եւ մենք տուգանելու ենք, եթե խախտեն կանոնները:
Եթե որեւէ մեկը վարակվի կորոնավիրուսով, ինչպես ասաց Փաշինյանը, լինի 25 տարեկան եւ տարեց մարդ, չեն կարող երաշխավորել, թե ինչ կարող է տեղի ունենալ:
«Էլի կոչ եմ անում տուրք չտալ սուտ լուրերին՝ հիմա էլ ասում են՝ կորոնավիրուս չկա, կառավարությունը կամ վարչապետը, այլ պաշտոնյաները դիմակի գործ են անում, մի հատ էլ հետեւից ասում են՝ բա ինչի չեք հերքում: Ժողովուրդ ջան, էս ընթացքում ինչ ասես՝ հերքեցինք: Տան վրա երկու միլիոն դոլար են ծախսել, հերքեցինք: Ռեկետ են անում, հերքեցինք, էսինչի գործ են անում, հերքեցինք, չգիտեմ, բանի… կոշիկի գործ են անում, հերքեցինք, նարկոտիկի գործ են անում, հերքեցինք, է, տենց հերքելով…հիմա ուզում եք հավատաք՝ հավատացեք: Ասենք՝ եթե ձեր աչքի առաջ չի տեղի ունեցել այն ամենը, ինչ տեղի է ունեցել, հավատացեք: Վաղն էլ ասելու են՝ մարդ ա ուտում ընդմիջման ժամերին, էն մյուս օրն էլ ասելու են՝ հողերը ծախեցին, ոսկիները ծախսեցին, թալանեցին, փայ մտան բոլորի հետ: Եթե պիտի հավատաք՝ հավատացեք, որովհետեւ ես ստեղ նստած եմ ինչի՞ համար: Դուք եք բելել ինձ ստեղ նստացրել, ինչի՞ համար եք բերել ստեղ նստացրել, որ ես ռեկետ անե՞մ: Եթե՝ այո, ուրեմն՝ այո, ես անում եմ, եթե՝ ոչ, ուրեմն ո՞նց կարա տենց խոսակցություն լինի: Մի հատ մեր կողմնակիցները նամակ են գրում, ասում՝ հերքում տարածեք: Երկու տարի է հերքում ենք, կարո՞ղ ա կյանքներս անցնի հերքում տարածելու վրա, ով ուզում ա հավատա, թող հավատա: Յուրաքանչյուրը մտածում ա իր փչացածության աստիճանով, որովհետեւ յուրաքանչյուրն ասում է՝ ես եթե վարչապետ լինեի՝ կդնեի կդմփցնեի սաղին, որտեղ հնարավոր է՝ փայ կմտնեի, կգռփեի, ռեկետ կանեի, կսպանեի, ոտի տակ կտայի, կլափեի: Ով տենց ա մտածում, թող մտածի: Ես էդ մարդկանց հետ կապ չունեմ, ընդ որում, որեւէ կապ չունի իրենք որեւէ տեղ հրապարակում կանգնած են եղել, թե՝ ոչ: Եվ այս խոսակցությունները պետք ա վերջացնել: Հիմա ես էս ամեն ինչն ասում եմ նրա համար, որ կորոնավիրուս կա (ծիծաղում է, Ն.Բ.): Եվ եթե ասում եմ՝ պետք է դիմակ կրել, նրա համար չեմ ասում, որ դիմակից փայ ունենք: Կրկնում եմ՝ յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանին համապատասխան»:
Փաշինյանը բավականին խիստ տոնով հորդորեց՝ պարտադիր դիմակ կրել, իրար քիթ չմտնել, թաղում չգնալ, եթե շատ մոտ հարազատ չէ, տուգանվելու են բոլորը, եթե կանոնները խախտեն. «Եվ չասեք՝ սոցիալապես վատ վիճակում ենք: Վատ վիճակում եք պահեք կանոնները:
«Ու խնդրում եմ՝ էդ անհեթեթ լուրերով մեզ չդիմեք, թե՝ հերքեք, որ դիմակի մեջ փայ չեք, հերքեք, որ մաքսանենգությամբ չեք զբաղվում, դե ապացուցեք, որ ուղտ չեք: Ով ուզում ա դրան հավատա, թող հավատա,ու գնա իր սիրելի իշխանությանը հետ բերի եւ երջանիկ ապրի, որ ոչ մի լուր իշխանության մասին սուտ չլինի, ամեն ինչ ճիշտ լինի: Բայց դա գալիս է իշխանության մասին ստերեոտիպից: Ընդդիմադիր ժամանակ, որ ելույթ էի ունենում, ինձ գրում էին՝ հաստատ պայմանավորված է: Հետո վերլուծել էի՝ մարդը մտածում է, նման ելույթ կունենար այն դեպքում, երբ պայմանավորվածություն լիներ, մեջը քյար լիներ: Մաֆիոզ մտածողությունը մեր երկրում այնքան խորացած է, որ հեղափոխությունն եղավ, մի շաբաթ ուրախացան, հետո կամաց-կամաց վերականգնվում է մարդու մոտ՝ այ, որ ես լինեի էդ կաբինետում, կդնեի կհագցնեի: Ես էդպես մտածող ձեզանից մեկը չեմ, չփորձեք ինձ կապել ձեզ հետ: Հույս ունեմ, ինձ նայողների մեջ քչերն են էդպես: Այնպես, որ չեմ պատրաստվում որեւէ բան հերքել, մեր սաղ կյանքով հերքել ենք, քսան տարի է՝ հերքել ենք: Հարյուր բան հերքենք՝ հարյուրն էլ պոչից կկպցնեն»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ