ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կորոնավիրուսի տարածումը կանխելուն միտված օրինագիծը, որով արտակարգ դրության ժամանակ բաց տարածքներում դիմակ չունենալը կպատժվի 10 000 դրամով, իսկ փակ տարածքներում քաղաքացու դիմակ չկրելու համար տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն՝ 100-300 հազար դրամի չափով: Օրինագծի զեկուցող, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը հայտնեց, որ մինչեւ երկրորդ ընթերցումը ԲՀԿ-ից եւ «Իմ քայլ»-ից առաջարկներ են ստացել եւ օրինագիծը խմբագրել:
«Հետադարձ ուժ կկիրառվի, եւ այս դրույթը կտարածվի նաեւ նախկինում 100 000 դրամով տուգանվածների վրա. եռամսյա ժամկետում ոստիկանությունը կվերանայի ակտերը եւ կսահմանի տասը հազար դրամի վարչական պատասխանատվություն: Եթե նախկինում անձը տեղաշարժի խախտում անելու համար տուգանվել է 100-250 000 դրամով, տուգանքները կվերանայվեն»,-տեղեկացրեց Վահե Դանիելյանը:
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ հստակեցրեց՝ 100 000 դրամի փոխարեն տասը հազար դրամ կվճարեն տուգանված քաղաքացիները՝ բացառությամբ մեկուսացման պայմանները խախտողների:
«Իմ քայլից» Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց՝ եթե 100 000 դրամով տուգանվածներն արդեն իսկ վճարել են այդ գումարը, ի՞նչ պետք է անեն: Գործընկերները տեղից պարզաբանեցին, որ քաղաքացին դիմում պետք է գրի:
Կարդացեք նաև
Օրինագծի ամբողջությամբ ընդունմանը «կողմ» քվեարկեց 87 պատգամավոր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ