Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատերը վախենում են, որ արդեն կարող են սնանկանալ ու աշխատատեղերի մի մասը կրճատում են». Մեխակ Ապրեսյան

Մայիս 19,2020 18:45

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով կորոնավիրուսի տարածման ընթացքում զբոսաշրջության ոլորտի կրած վնասների մասին, ասաց. «Եթե այսօր լիցենզավորված լինեին զբոսաշրջության ոլորտում անհրաժեշտ գործունեության տեսակները, գոնե պարտադիր հաշվառում լիներ զբոսաշրջային տրանսպորտի, այս դեպքում ոլորտում ե՛ւ մրցակցային միջավայրը կպահպանենք, ե՛ւ ներդրումային միջավայրը էապես կբարելավենք՝ դրանով նպաստելով ընդհանրապես կայուն տնտեսական զարգացմանը: Ես, երկար ժամանակ լինելով զբոսաշրջության ոլորտի պատասխանատու, երբ հասկացանք, որ եկել է ժամանակը լիցենզավորման, պարզվեց, որ կառավարությունում տարբեր կարծիքներ կան, ասում էին, որ դա լրացուցիչ բեռ կլինի բիզնեսի համար: Կառավարությունում բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկում եղավ, ինձ պետք էր կառավարությանը համոզել: Առ այսօր բիզնեսը պատրաստ է, նրանք ըղձում են այդ բեռը վերցնել, որովհետեւ դա փրկությունն է այսօրվա մրցակցային միջավայրի եւ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար կարեւոր պայման»:

Երբ, վերջապես, կառավարությանը համոզել են, որ լիցենզավորում մտցնեն, եղել է հեղափոխությունը ու գործընթացը կանգ է առել. «Նոր ընտրություններ, նոր կառավարություն: Հիմա կարեւորն այն է, որ սկզբունքորեն ընդունվում է, որ ոլորտում հստակ չափանիշներ պետք է սահմանվեն, պետք է լինի վարչական ռեգիստրը»:

Լրագրողների դիտարկմանը, որ զբոսաշրջային ընկերությունները ստվեր կմտնեն՝ Մեխակ Ապրեսյանը չհամաձայնեց՝ վստահեցնելով, որ եթե լիցենզավորմամբ լինի, շատերը ստվերից դուրս կգան:

Հարցին՝ կորոնավիրուսի հետեւանքով զբոսաշրջության ոլորտն անդառնալիորեն անկմա՞ն է գնացել, թե՞ հնարավոր է ինչ-որ բան փրկել՝ Ապրեսյանը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է փրկել ու անհրաժեշտ է դա անել: Այսօր շատ դժվար է ու որեւէ մեկը չի կարող ասել, թե մենք քանի զբոսաշրջային օպերատոր, քանի գործակալ ունենք, նույնիսկ դժվար է ասել, թե քանի հյուրանոցային օբյեկտ ունենք: Մեր ֆեդերացիայի շրջանակներում բոլորն ատամներով փորձում են պահել եղածը, պահպանել աշխատատեղերը: Բայց, ցավոք, շատերը վախենում են, որ արդեն կարող են սնանկանալ ու աշխատատեղերի մի մասը կրճատում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031