Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականը՝ «զզված» Գոգյանի, 7 հղում ունեցող Բագրատյանի ու գիտության քաոսի մասին

Մայիս 19,2020 18:35

Կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանը, որը 10 տարի է աշխատում է Թայվանում, իր հրապարախոսական հոդվածներում ստորագրում է «Երեւանի նախկին ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից», Aravot.am-ի հետ խոսելով վերջին շրջանում գիտության ոլորտում, իսկ իր ձեւակերպմամբ, գիտության հետ կապ չունեցող վերջին զարգացումներից՝ փաստեց. «Նախ եկեք պարզ եւ հասկանալի ձեւակերպենք, թե ինչ բան է գիտությունը, որպեսզի հստակ կարողանանք տարբերակել բոլոր շահառու կողմերը:

Պետք է ասենք, որ դա անհայտից գիտելիք կորզելու գործընթաց է: Բավականին հստակ սահմանում՝ չնայած նրան, որ գիտությամբ զբաղվելը այդքան էլ հեշտ գործ չէ: «Աշխարհը ճանաչելու» պահանջը ամենայն հավանականությամբ մարդու բնական պահանջներից մեկն է՝ նախամարդուց սկսած, ներառյալ այսօր: Ընդ որում, տարբեր ժամանակներում տարբեր արագությամբ են գնացել պրոցեսները:

Այդ պրոցեսի մաս եւ բնական շարունակությունն է հետեւյալը՝ ինչ-որ մեկը անհայտից գիտելիք կորզեց, հաջորդ էտապում պետք է արձանագրվի՝ արդյոք այդ գիտելիքը ճի՞շտ գիտելիք է: Ովքեր են այդ պրոցեսի մասնակիցները՝ անունը դնենք գիտության մարդիկ, որոնք դա անում են լաբորատորիաներում ու գիտահետազոտական ինստիտուտներում՝ կախված նրանից, թե այդ երկրում գիտությունն ակադեմիակա՞ն սկզբունքով է կազմակերպված, թե՞ համալսարանական: Եվ այս ողջ պրոցեսի մեջ ոչ ԲՈԿ գոյություն ունի, ոչ Գիտության կոմիտե, ոչ էլ ԿԳՄՍ նախարարություն: Այսինքն բուն գիտական պրոցեսը դրանց հետ բնավ կապ չունի»:

Նրա խոսքերով, այդ կազմակերպությունները հայտնվում են, երբ առաջանում է գիտությունը ֆինանսավորելու խնդիրը՝ ինչը ժամանակակից պայմաններում սկզբունքային է, իսկ գիտությամբ զբաղվելը դարձել է «թանկ հաճույք»: Սասուն Գեւորգյանը հավելում է. «Չքննարկելով մանրամասները, թե ով պետք է ֆինանսավորի գիտությունը, այդտեղ հայտնվում է պետությունը եւ ԿԳՄՍ նախարարությունը: Իսկ ինչպե՞ս անենք, որպեսզի հասկանանք՝ մեր կորզած գիտելիքը գիտելի՞ք է, թե խաբկանք: Այստեղ է, որ հայտնվում է փորձագիտությունը, հայտնվում է ԲՈԿ-ը, ինչ-որ տեղեր՝ Գիտության կոմիտեն, որոնք կազմակերպում են այդ անհրաժեշտ գործընթացները: Փորձագիտության են ենթարկվում թե դրված խնդիրները, թե ստացված արդյունքները»:

Գիտնականը Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչը սրվեց ԲՈԿ նախագահի հրաժարականից հետո, բնորոշում է որպես քաոս. «Մի կողմը գոռում է՝ վայ ուժեղ տղեն գնաց, մյուս կողմը՝ էդ ինչ ուժեղ տղա է: Չեն ուզում իրար հետ խոսել: Ամեն մեկն իր համար հարթակ է ստեղծել եւ իրար հայհոյում են, արդյունքում՝ չի ձեւավորվում օրակարգը, թե ինչ պետք է քննարկել: Ընդհանուր գաղափարախոսության բացակայության պայմաններում դա էլ բերում է քաոսի: Երբ Հայաստանում հեղափոխություն էին անում, եթե, իհարկե, դա հեղափոխություն էր, ասում էին՝ սա լավ չի, գնացինք այստեղից: Բնականաբար դա հասկանալի եւ ընդունելի գաղափար էր եւ հարյուր հազարավոր մարդիկ ասում էին՝ գնանք, քայլ անենք մերժենք Սերժին:

Բայց երբ հարց ծագեց՝ հա, բայց ուր ենք գնում, պարզվեց տակը գաղափարախոսություն չկա, եւ այս հիվանդությունը բնորոշ է բոլոր ոլորտներին, ներառյալ գիտության ոլորտը: Երբ ակադեմիայի ինստիտուտներին ասացին՝ գնանք այստեղից, բայց չասացին, թե ուր, դրա համար էլ պանիկա սկսվեց: Չնչին աշխատավարձ ստացող մարդիկ սկսեցին աղաղակել, որ իրենց «չկպնեն», որովհետեւ չհասկացան, թե ուր են «ուղարկում» իրենց: Իսկ ԿԳՄՍ նախարարությունում, ոչ միայն չեն հասկանում, թե ուր են գնում, այլեւ չգիտեն, թե որտեղ են: Նույնը՝ ԲՈԿ-ի դեպքում էր»:

Սասուն Գեւորգյանն ասում է, թե չի թաքցրել, որ հրաժարական տված ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ամենաշնորհալին է այսօրվա հայկական գիտության ղեկավարներից. «Նա միջազգային չափանիշներով ամենասովորական գիտական արդյունքն է տվել, չնայած երեսունյոթ տարեկանում դոկտորական է պաշպանել, սա չեմ էլ ուզում քննարկել: Միակն էր բոլորի մեջ, որի հետ կարելի է խոսել, մնացածի հետ՝ Արայիկ Հարությունյան, Հովհաննես Հովհաննիսյան, Մխիթար Հայրապետյան…խոսելու բան չկար, նրանք գաղափար էլ չունեն, թե գիտությունն ինչ է, եւ բնականաբար ոչ մի տեսլական էլ չունեն դրա զարգացման մասին:

Ինչ վերաբերում է ԲՈԿ-ին, դա փոքր լիազորություններով համեստ կազմակերպություն է, բայց Հայաստանում տարիներ շարունակ վերածված է փող աշխատելու դուքանի: Եթե որեւէ մեկը կհամարձակվի ինձ հակաճառել, ես կոնկրետ անուններով կասեմ՝ ով ոնց եւ որտեղ է փող աշխատում: Իրականում մեծ փողերը բանակից ազատվելու պրոցեսում են, եւ ԲՈԿ-ը պետք էր դիտարկել այդ պրոցեսի մեջ, գիտության մեջ նրա մասնակցությունը չնչին էր: Մնացած խոսակցությունները,թե Լիսկան պաշտպանեց, Տարոնը կամ մյուսը, զուտ պայթուցիչներ էին, որոնց միջոցով խլացվում էր բանակից ազատվելու համար աշխատած մեծ փողերի աղմուկը…Պետք է մտավոր հետամնաց լինել չհասկանալու համար, թե ինչից էր, որ ԲՈԿ-ի նախարդ ղեկավարները զրոյից թանկարժեք մեքենաներ էին սկսում գնել իրենց զավակների համար: Ես կարող եմ կոնկրետ ասել՝ ում ինչ տվեցին:

ԲՈԿ-ը վերածված էր փող աշխատելու դուքանի՝ բանակից ազատվելու, օտար երկրներում պաշտպանած թեկնածուականները փողով՝ որպես դոկտորական հաստատելու համար: Դրա համար ԲՈԿ-ը գիտության հետ կապ չունեցող հիմնարկ էր: Եվ երբ Սմբատին նշանակեցին ԲՈԿ նախագահ, նա սկզբում շփոթված էր, իրեն թվում էր, թե գիտության «շերիֆն» է ու մեծ գիտնական է: Այո տաղանդավոր եւ ընդունակ տղա է, բայց, հաստատ մեծ գիտնական դեռ չի դարձել: Նա էլ գնաց, խելքը դրեց ինչ-որ հոգեբանների հետ, գրագողությունից խոսեց: Դա զբաղմունք է կուրսային կամ դիպլոմային աշխատանք ստուգելու, կամ էլ սեսիոն քննություն ընդունելու ժամանակ: Լավ դասախոսը, եթե բռնում է «գրագողին», ասում է կողք դիր թղթերը եւ պատմիր: Եթե հասկացել ես՝ արդեն ինչ-որ արդյունք է: Դա իմաստավոր է գիտելիք փոխանցելու պրոցեսում, իսկ «գիտելիք կորզելու» ժամանակ դա արվում է հայտնի ձեւերով եւ նոր գյուտերի կարիք չկա: Ի դեպ, Հայաստանում գիտությունը նույնիսկ թեկնածուականի ժամանակ էլ չի սկսվում»:

Մեր զրուցակիցը խոսելով գրագողության մասին, օրինակ բերեց այլ երկրների փորձը. «Նոր զարգացող երկրները հետեւյալ ճանապարհով են գնում՝ որպեսզի պաշտպանես թեկնածուականը, պետք է ունենաս որոշակի թվով հրատարակված գործեր, որոնցից գոնե մեկը պետք է լինի նորմալ կարգ ունեցող ամսագրում, եւ դրանց ցուցակը հայտնի է: Հետո կամաց-կամաց շեմը սկսում է բարձրացվել, որպեսզի այդ բնագավառը սկսի զարգանալ: Իսկ Հայաստանում որոշեցին «զրոյական» կարգ ունեցող հայկական ամսագրերը տեսակավորել, ինչի կարիքը բնավ չկար: Պաշպանության ընդունվող ամսագրերի ցուցակը պետք էր լրացնել պարտադիր ամսագրերի ցուցակով, որոնք տեղական չեն: Բացառություն կարելի էր անել միայն հայագիտական որոշ ուղղությունների համար:

Սմբատը արդեն հասկացել էր դա եւ փորձում էր կյանքի կոչել…Ես Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի մասին գրել եմ: Ակնհայտ կարիերիզմից տառապող օրենսդիրը եկավ ու դոկտորական պաշտպանեց, հիմա ինքը եւ իր նմաններն ինչպե՞ս կարող էին թողնել, որ ԲՈԿ-ը միջազգային ընդունված չափորոշիչներ մտցնի: Ոչ միայն նրա դոկտորականի, այլ շատերի դիպլոմները միանգամից կվերածվեին «մակուլատուրայի»:

Տնտեսագիտական համալսարանի նախկին եւ ներկա ռեկտորներին էլ անդրադառնամ, քանի որ այդ անհեթեթ վեճը կապ չունի գիտության հետ, բայց գրագողության շուրջ դատարկախոսությունը այն վերածեց «օրակարգի»: Սմբատը նրանց հետ կապված սխալ ուղղությամբ գնաց, երբ երկուսն էլ պարզապես գիտնական չէին, եթե կիրառենք ամենասովորական միջազգային չափանիշներ: Վերջին հինգ տարում այդ համալսարանում գոնե մեկ հոդված չկա նորմալ ամսագրում տպագրված, այդ համալսարանի վերջին հինգ տարում բոլոր պաշտպանած գործերը՝ թեկնածուականներն էլ, դոկտորականներն էլ կարելի է այրել, մոխիրը լցնել ջուրը: Եթե կոնկրետ բողոքավորներ կան՝ համեցեք: Այնքան է մի թաքնվեք խմբակային աղմուկի ետեւում: Բայց եթե դա թողած՝ գնում ես գրագողության խեղկատակության հետեւից, այդտեղ սկսվում է քաոսը: Անիմաստ գոռգոռոց, անձնական վիրավորանքներ…

Եվ այս պարագայում սկսվում են աշխատել անիմաստ եւ ոչ գիտական չափանիշները, օրինակ` կողմերից մեկը որպես լուրջ փաստարկ պնդում էր, թե Հրանտ Բագրատյանն է ասել, որ իրենք լավ գիտնական են: Բագրատյանն ընդամենը 7 հղում ունի իր վրա, այսինքն` ոչ ոք չի կարդում նրա գիտական գործերը եւ հղում չի տալիս: Մի գուցե տնտեսության լավ կազմակերպիչ է, բայց գիտական հեղինակություն չէ: Չնայած մյուս կողմից իր կազմակերպած երկիրն էլ այն է, որ գիտնականն առ այսօր հարյուր դոլար աշխատավարձ է ստանում: Բոլոր վարչապետները, որ ձեռք ձեռքի տված գան, բոլորին էլ կասեմ, որ սա է ձեր սարքած երկիրը… Իսկ անհեթեթ «բազարները»՝ գրագողության մասին, ստեղծում են գործունեության խաբկանք: Դառնալով Սմբատ Գոգյանին, նորից շեշտեմ, որ նա վտանգավոր էր դարձել, քանի որ հասկացել էր՝ ինչպես պետք է աշխատել, դրա համար հասցրին այն վիճակի, որ զզվեց ու հեռացավ…»:

Իսկ ինչ լուծումներ է տեսնում Սասուն Գեւորգյանը: «Պետք է հստակ բացատրենք, թե ինչ կարող ենք ունենալ մեր պայմաններում…Ի դեպ, ես փորձում էի հարթակ ստեղծել, որպեսզի երեք սերնդի գիտության մարդկանցով քննարկումներ անենք, թե ինչ ենք ուզում եւ ինչ կարող ենք ունենալ: Գիտության բոլոր չինովնիկները, Սմբատից բացի, փախան: Մի քանի լակոտ էլ իմ մասին ասել էին, թե էդ մարդը գիժ է, իր հետ չենք խոսի…Եթե ուզում եք կուրթանցի Մեխակի հետ խոսել, գնացեք իր հետ խոսեք, իրար արտաքնապես շատ էլ նման եք: Արդեն խելոք մարդկանց տեղն է՝ քննարկելը, թե ուր ենք գնում…Գիտության հարցերը ժողովուրդը չպետք է որոշեցի, առաջին հերթին պետք է ձեւակերպել, թե ինչ ենք ուզում ունենալ 5- 10 տարի հետո: Եթե այդ հարցը չգիտեն, իսկ դա ակնհայտ է, որ ոչ նախարար Արայիկը, ոչ էլ մյուսները չգիտեն, դրա համար էլ ոչ մի բնագավառում ասելիք չկա»,-ասաց կենսաֆիզիկոսը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031