Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրօպերատորները պահանջում են անգործության համար պատասխանատվության ենթարկել Զբոսաշրջության կոմիտեին

Մայիս 19,2020 18:25

Այսօր զբոսաշրջային ընկերությունների համար Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ տուրընկերության ներկայացուցիչ Եղիշե Թանաշյանը նույնպես խոսեց կառավարության աջակցության ծրագրերի անարդյունավետությունից՝ նշելով, որ կան ընկերություններ, որոնք ոչ մի ծրագրից չեն կարողացել օգտվել: Բացի այդ, ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց զբոսավարների առաջ ծառացած խնդրին՝ նշելով, որ նրանք այս ոլորտում ամենախոցելի խումբն են եւ դեռ երկար ժամանակ չեն ունենալու աշխատանք:

«Խմբային զբոսաշրջության մասով դեռ շուտ է խոսելը, զբոսավարների աշխատանքը բավականին ուշ է վերականգնվելու, նրանք կփորձեն իրենց գտնել այլ ոլորտներում իսկ տուրիզմի վերականգնվելու պարագայում խնդիր է լինելու նրանց բերել զբոսաշրջության ոլորտ: Մասնագետների կորուստ ենք ունենալու, որոնց համար ներդրումներ ենք արել, կրթել, վերապատրաստել»:

Եղիշե Թանաշյանի խոսքով, իրենց ընկերությունների խմբի երկու ընկերությունում 60 տոկոս կրճատումներ են տեղի ունեցել. «Վարկային միջոցները, որոնք տրամադրվում են, դրանք իլյուզիաներ են: Հարկային արձակուրդներ, եթե տրամադրվելու են տրամադրվեն երկար ժամանակով, քանի որ միջազգային տվյալներով ոլորտի վերականգնումը 2023 թվականից շուտ չի լինելու»:

Նա նաեւ կարեւոր է համարում, որպեսզի պետական մակարդակով տեսաուղերձի տեսքով տեղեկատվություն տրվի՝ օդանավակայանից սկսած ինչ գործողություններ են իրականացվելու մեր երկիր այցելելու դեպքում, ինչպե՛ս են դիմավորելու, հյուրատներում ինչպես են ապահովելու այդ կանոնները եւ այլն:

Զբոսաշրջության ոլորտի մեկ այլ ներկայացուցիչ էլ, որի ընկերությունը նաեւ ավիատոմսերի վաճառքով է զբաղվում, նեղսրտեց, որ այսօր խնդիրների հետ մենակ ու անօգնական են մնացել:

Այս ընթացքում հաճախորդներից անգամ՝ «կգամ տունդ կվառեմ», «կգամ կսպանեմ» սպառնալիքներ են ստացել, քանի որ չեն կարողացել վաճառված տոմսերի դիմաց ստացած գումարները հետ վերադարձնել: Չեն տվել, որովհետեւ այդ գումարները փոխանցվել է ավիաընկերություններին, որոնք, չեղարկված թռիչքի համար ոչ թե ավիատոմսի գումարն են հետ տվել, այլ՝ «վաուչեր»՝ թռիչքը տեղափոխելով ուղեւորների համար հարմար ժամանակահատված: Սակայն, տուրընկերության ներկայացուցչի խոսքով, հաճախորդները այդ պայմանին չեն համաձայնում եւ գումարը ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունից են պահանջում. «Մենք ոչ մի հարցով պաշտպանված չենք, մեկը չկա, որ աջակցություն ցուցաբերի տուրընկերություններին: Ոչ էլ կարող ենք դրսի ավիաընկերություններից այդ գումարները պահանջել: Նրանք այդ գումարները հետ չեն տալիս»:

Այս բիզնեսի ներկայացուցիչները կառավարությանը կոչ են անում չարտերային թռիչքներ իրականացնող եւ նաեւ դասական ավիաընկերությունների համար հանել օդի տուրքը:

«Ֆեստա տուր» ընկերության ներկայացուցիչ Նարեկ Քամալյանն ասաց, որ երկու ամիս առաջ կառավարությանը նամակ են գրել, եւ երկու ամիս հետո Զբոսաշրջության կոմիտեից պատասխան են ստացել, որտեղ եղել է աջակցության ծրագրերի հիմնական տեքստը եւ նաեւ նշված, որ չեն կարող հարկային արտոնություն տալ:

Զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները պահանջում էին պատասխանատվության ենթարկել Զբոսաշրջության կոմիտեին՝ անգործության համար:

Լուսիեն ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031