Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխականները դավաճանում են հեղափոխությանը

Մայիս 19,2020 17:53

Հայկական իրականության մեջ լավագույն դեպքում գործում է երանգավորված ճշմարտությունը կամ բացահայտ սուտը: Ընդորում այս գաղափարախոսությամբ շարժվում ենք բոլորս՝ իշխանավորից մինչև շարքային քաղաքացի: Յուրաքանչյուրս առօրյա կյանքում ամեն օր կիրառում ենք ժողովրդական լեզվով ասած «շուստրիությունը և կռուտիտը»: Ահա հիմնական գաղափարախոսությունը և մշակույթը, որ դարձել է մեր առօրյան: Որևէ արտառոց տարբերություն չկա քաղաքական կյանքում: Այդ մարդիկ նույնպես օգտվում են փողոցային բառապաշարից և վաղուց արդեն լեզվի տեսչության չափանիշներն իջեցվել են փողոցային «ժառգոնի» մակարդակի:

Լրատվամիջոցներում գրեթե բացակայում է բանավեճը, ուստի մեկ տաղավարում հակադարձ կարծիք լսելն անհնար է: Ըստ ուղղվածության անվերջ եթեր տրվող հարցազրույցներին մասնակցում են միայն իշխանական կամ ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ: Նրանց միասին նույն հարցի շուրջ բանավիճելիս չես տեսնի, քանզի լսելու ընդունակությունը և չափի սահմանները մեր երկրում բացակայում են և սա չեմ կարծում, որ միայն լրատվությամբ զբաղվող հեռուստաընկերությունների խնդիրն է, սա մեր ազգային մոտեցումն է: «Եթե ինձ հետ չես, ուրեմն իմ դեմ ես», ահա միակ գործող կարգախոսը, իսկ եթե կասկածում եք, որ Նիկոլ Փաշինյանն աստված է կամ Ռոբերտ Քոչարյանը՝ հերոս, ուստի ընդհանրապես դավաճան եք երկու մասի բաժանված հասարակության շրջանում և ընդհանրապես խոսելու իրավունք չունեք: Ամենից ահավորն այն է, որ երկու կողմերն էլ միմյանց խոհեմության կոչեր են անում, այսինքն մեզ՝ շարքային քաղաքացիներիս, ովքեր յուրաքանչյուր դրվագի մասին անհատական կարծիք ունեն, մեղմ ասած՝ փորձում են շեղել իրականությունից՝ հրամցնելով իրենց համեմված սուտը:

Իմ կյանքի ճանապարհին ընկերներ եմ ձեռք բերել վերոնշյալ երկու «քաղաքական» տեսակետներ ունեցող կողմերից և հավատացեք նրանք միմյանց վրա այնքան բարկացած չեն, որքան հիասթափված են ինձնից, որ ես չեմ բռնում իրենցից որևէ մեկի կողմը, այլ խնջույքների կամ այլ հավաքույթների ժամանակ, քանի որ հայկական սովորության համաձայն չի ստացվում խուսափել քաղաքական թեմաներից, առաջարկում եմ դրանք ուսումնասիրել ոչ թե նախկինների կամ ներկաների տեսակետից, այլ դիտարկել իրականությունը, քանի որ համոզված եմ, որ համեմվող տեղեկատվության մեջ ճշմարտությունը թաքցվում է, քանի որ գոնե ինձ համար պայմանական աստվածները և հերոսները պատրաստ չեն այդ ամենին առերեսվել:

Հեղափոխությունից հետո ես՝ միամիտս, կարծում էի, որ գոնե հիմա քաղաքական դաշտում կհնչեն, եթե ոչ ամբողջ, ապա գոնե նախկինների համեմատությամբ ճշմարտությանն ավելի մոտ խոսքեր, սակայն փոխվել են միայն բառերը: Համեմատեք ինքներդ՝ մի՞թե «մեր դեմ խաղ չկա» կամ «բոլորին կփռենք ասֆալտներին» բառակույտերում որևէ էական բովանդակային տարբերություն կա:

Այո, ես չեմ կարող ասել, որ անարդար են վարվում Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ նրան պահում են կալանքի տակ, քանի որ այն համակարգը, որն ինքը ստեղծել է միակ տղամարդու բարդույթով, նրան վերադարձնում է իր ստեղծած բարիքների պտուղները, սակայն ես չեմ կարող ասել, որ այդ մարդու հանդեպ ճիշտ են վարվում օրենքի ու օրինականության տեսակետից, քանի որ համոզված եմ, որ վերջինս, մշտապես գտնվելով նախկին նախագահին հասանելիք պետական մարմինների կողմից հատկացված թիկնազորի պաշտպանության ներքո, ի վիճակի չէ խուսափել դատաքննությունից կամ խոչընդոտել քննությանն իրականության մեջ: Դա ապրիորի հնարավոր է այնքանով, որքանով հնարավոր է ներկայումս, երբ նա գտնվում է մեկուսարանում:

Ինձ համար զարմանալի է, որ նրա կողմնակից կամ դեմ գաղափարներ ունեցող ընկերներս կամ մեր համաքաղաքացիները պահանջում են ընտրություն կատարել և կողմնորոշվել այդ երկու տեսակետների միջև: Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները պահանջում են, որ եթե հեղափոխության աջակից ես, ապա պետք է խախտել անմեղության կանխավարկածը և այսօր իսկ առանց դատարանի համապատասխան վճռի հայտարարել, որ Քոչարյանը հանցագործ է, իսկ վերջինիս կողմնակիցները պնդում են, որ եթե զոմբիացած ոհմակի մաս չես կազմում, ուստի պետք է պնդել, որ Քոչարյանն անմեղ է:

Եվ կրկին իմ համեստ վերլուծությամբ սխալվում են երկուստեք: Նախ, քանի որ ես իրավաբան եմ, հստակ տեղեկացված եմ, երբ կարելի է անձի մեղքն ապացուցված համարել, ինչպես նաև որպես ՀՀ քաղաքացի ծանոթ եմ երկրորդ նախագահի կողմից իրականացված գործողություններին, նրա կատարած հայտարարություններին և այն հետևանքներին, որոնք տեղի են ունեցել 01.03.2008թ., ուստի, կներեք՝ այս հարցում ևս որևէ կողմ ընտրել չեմ կարող:

Այսօր նախկին իշխանավորները, որ հեղափոխությունից հետո թաքնվել էին քաղաքական ասպարեզից, հեղափոխականների հողմաղացների դեմ անիմաստ պայքարի արդյունքում դուրս են եկել իրենց թաքստոցներից և ամենուր թմբկահարում են իրենց իշխանական տարիներին Արցախի շուրջ տարվող բանակցությունների մասին, ասելով որ այդ իրենք էին, որ Ալիևին դարձրեցին ոչ կոնստրուկտիվ, հայկական կողմի դիրքորոշումներն էլ ընդունելի Մինսկի խմբի համար, մոռանալով, որ այդ իրենց օրոք էր, որ Ապրիլյան պատերազմի մասին մեզ պես իրենք էլ տեղեկացան լրատվամիջոցներից, ինչի արդյունքում հետևանքներն ավելի ցավալի եղան, քան կարող էին լինել, իսկ ներկայիս իշխանությունները, չպատասխանելով Լավրովի ակնհայտ, նեղացած երեխային բնորոշ մեղադրանքներին, չիմանալով, թե ինչպես հակադարձել Արցախի բանակցային հարցի շուրջ իրենց հասցեին հնչեցված մեղադրանքներին, տվեցին «գողական բազառին» բնորոշ պատասխան՝ ասելով «ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք»:

Այսօր նախկինները, ում օրոք հնարավոր է դարձել Հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, ՀՀ ՈՍ ՊՊԾ գնդի գրավումը և դրան հաջորդած Սարի Թաղի անհնազանդության ցույցերի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, տոնածառի գործով և այլ պատրվակներով քաղաքական նպատակներով մարդկանց դատապարտումը, խոսում են իրենց նկատմամբ քաղաքական հետապնդումներից, Գավառի դեպքերից, հանցագործության աճից, իսկ ներկայիս իշխանությունն էլ արդարանում է հայտարարելով, որ «վնգստացող դատավորներն» այսօր ավելի քան անկախ են, բոլոր հնչեղություն ունեցող քրեական գործերը կոռուպցիոն են: Թեև երկու տարվա մեջ չունեն գեթ մեկ դատավճիռ, փոխարենը գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ունկնդրում ենք տեղեկություններ օպերատիվ տեսադաշտից թաքնված և արտասահմանում հայտնված մարդկանց մասին:

Տեղեկանում ենք, որ երկու տարի առաջ հանրությանը մատուցած համակարգերի զտման գաղափարը, որը հեղափոխության գլխավոր կարգախոսներից և խոստումներից է եղել՝ չի իրականացվելու: Ներկայիս իշխանավորները նախկիններին մեղադրում են իրենց խնամի, ծանոթ, բարեկամներին պաշտոնների նշանակելու մեջ, սակայն իրենք էլ այսօր նույն բանն են անում: Ինչպես նախկինները, այնպես էլ ներկաները շատ հաճախ շարունակում են պաշտոններ վստահել այնպիսի անձանց, ովքեր անգամ ընդունակ չեն երկու սոված էշին մեկ պարկ գարի հավասար բաժանել: Խորհրդարանն իր մակարդակով, տոնայնությամբ և «ոսկեղենիկ հայերենով» մարդկանց պակաս ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս չունի, ոնց «տղերքը նախկինում գողական բազառներ են տարել այդ օրենքի տաճարում», այնպես էլ նոր դեմքերը շարունակում են նախորդների թողած ավանդական մեթոդների հուսալի ժառանգորդը մնալ:

Ըստ օդում կախված լուրերի՝ նախկինները բյուջեից գաղտնի հափշտակություններ են կատարել, ներկաները այժմ բացահայտ հափշտակություն են կատարում՝ իրենց պարգևավճարներ տալով, ու դեռ նախորդներին բնորոշ տոնայնությամբ հակադարձում են, որ անկարելի է 500.000 դրամով ապրելը, մոռանալով, որ նախկինների պես հպարտ քաղաքացիներին դեռ 26.000-ից 70.000 ՀՀ դրամ թոշակներ ու 50.000-ից 150.000 ՀՀ դրամ աշխատավարձեր են տալիս, ովքեր թեկուզ տրտնջալով, բայց ապրում են, իսկ իրենք հպարտ քաղաքացիներից երեքից հինգ անգամ ավել վարձատրվելով անկարող են ապրել:

Թաքնված սուտը, որ ժառանգվել է նախորդներից, ստացել է բացահայտ տեսք և մատուցվում է հանրությանը: Ինչ եք կարծում, հարգելի՛ իշխանավորներ, դեռ որքան ժամանակ հանրությունը լուռ կուտի այդ կուտը, ինչքան ժամանակ է պետք, որ գա այն օրը, երբ դուք էլ հանրապետականների նման մի օր կհնձեք ձեր իսկ ցանածը և արդյոք զմայլվում եք ձեր «քրտնաջան» աշխատանքի արդյունքներով և եթե այո, ապա դուք ոչ միայն մեզ եք խաբում, այլ նաև զբաղված եք ինքնախաբեությամբ: Զգաստացե՛ք, հարգելինե՛րս, եթե մոռացել եք, ապա կրկին դիտեք հեղափոխության ընթացքում ձեր տված խոստումները, վերապրեք այդ հրաշք և անկեղծ զգացմունքները, որ ժողովրդի հետ ապրել եք, քանի որ Հայաստանում չկա այլ ճանապարհ, բացի ժողովրդի կողմնակից լինելուց ու ի սկզբանե հարցը անպարկեշտ է դրվում, թե այս կամ այն քաղաքացին ում կողմնակիցն է:

Կարծում եմ այսօրվանից հարցը պետք է դրվի ոչ թե ներկաների և նախկինների կողմնակիցներին հաշվելու, այլ ժողովրդի իրական ծառաներին որոնելու կոնտեքստում: Դուք դեռևս որպես իշխանություն, համեմատած քաղաքական դաշտի մյուս մասնակիցների, լեգիտիմ եք և շահավետ դիրքերում եք գտնվում: Սակայն լեգիտիմությունը ջրի պես բան է, եթե չունի հուսալի սկզբնաղբյուր, մի օր կչորանա և այսօրվա նախկին իշխանավորների պես կընկնենք ձեր բարեփոխած ուժային կառույցների, նախաքննական մարմինների, դատախազության և դատարանների դռները ու ձեր այսօրյա պաթոսից նշույլ անգամ չի մնա: Համոզված եմ չկա և չի կարող լինել նախկիններով ձեզ փոխարինելու վտանգ, կարող է լինել միայն առաջընթաց և եթե փոխել, ապա հիմնովին: Կատարեք ձեր խոստումները, քանի դեռ ուշ չէ` հակառակ դեպքում ձեր գործատուն` ժողովուրդը սպասվածից ավելի շուտ կարող է և ձեզ մերժել:

Հ.Գ. Ժողովուրդը հոգնել է իրեն հեծած իշխանիկներից, ժողովուրդը նվիրյալներ է որոնում:

 

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031