Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ի՜նչ ամնիստիա, ի՜նչ հետադարձ ուժ, ի՜նչ երաշխավորի ինստիտուտի վերացում, այ ձեր ցավը տանեմ». Արկադի Խաչատրյանը՝ իմքայլականներին

Մայիս 19,2020 17:39

Մարդիկ, բանկերում երաշխավոր կանգնելով՝ չեն գիտակցում, թե ինչ պատասխանատվություն են կրում: Գյուղերում մարդիկ դրա պատճառով տներից, իրենց անասուններից են զրկվում, փչացնում սեփական վարկային պատմությունը:

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել: Նա առաջարկում է ամրագրել, որ այն ֆիզիկական անձինք, որոնք անհատ ձեռնարկատեր չեն հանդիսանում, նրանց երաշխավորությունը սուբսիդիար լինի, համապարտ կարող է լինել, եթե երաշխավորությունը տրվում է իր ընտանիքի անդամի համար, կամ տվյալ վարկառուի հետ համատեղ գործունեության համար են վարկ վերցնում: Երաշխավորը պետք է հստակ իմանա, թե որքան ժամկետում է ինքը կրելու պատասխանատվություն, ինչի համար է երաշխավորություն տալիս եւ այլն, որովհետեւ մարդիկ ուշադիր չեն ու չեն գիտակցում հետեւանքները:

Հարակից զեկուցող Արթուր Գրիգորյանն ասաց, որ երաշխավորի ինստիտուտը կարգավորելու հարցում ահագին ուշացել են, բայց հորդորեց կողմ քվեարկել:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ բանկերի ներկայացուցիչների հետ են հարցը քննարկել ու գտնում են, որ սա չպետք է տարածվի այլ իրավահարաբերությունների վրա, միայն բանկային համակարգին պետք է վերաբերի: Բացի այդ, ըստ կառավարության, երաշխավորի ինստիտուտը սրանով արժեզրկվում է ու եթե բանկը տեսնի, որ երաշխավորից չի կարող ստանալ պարտքը, ռիսկը մեծ է լինում ու հնարավոր է վարկ չտա: Կառավարությունն առաջարկում է, որ երաշխավորի նկատմամբ պահանջ ներկայացվի, երբ հիմնական պարտապանը սնանկ է ճանաչվել, չունի գույք, որի վրա կարելի է տարածել պարտավորության փոխհատուցումը: Թեեւ այս դեպքում պրակտիկայում լուրջ խնդիրներ կարող են արժանանալ. «Դժվար է պատկերացնել, թե ոնց է բանկն ապացուցելու, որ պարտապանը գույք չունի, նոր երաշխավորի նկատմամբ պահանջ ներկայացնի»:

Ըստ փոխնախարարի, պետք է մարդկանց կրթել, գրագիտության մակարդակը բարձրացնել: Արկադի Խաչատրյանն ասաց, որ ինստիտուցիոնալ լուծում չտալ, սպասել, թե երբ մարդկանց գրագիտության մակարդակը կբարձրանա, անթույլատրելի է համարում. «20 տարի է անցել, մարդիկ ծանրագույն վիճակում են հայտնվել: Սա շուտվանից դեռ պիտի անեինք»:

Հանձնաժողովում Տիգրան Ուլիխանյանը հիշեցրեց, որ մի անգամ չկատարած պարտավորությունների համաներում են արել արդեն: Արկադի Խաչատրյանն արձագանքեց. «Ի՜նչ ամնիստիա, ի՜նչ հետադարձ ուժ, ինչ երաշխավորի ինստիտուտի վերացում, ինչ ձեւախեղում, այ ձեր ցավը տանեմ: Սա չի գործելու նախկինում ձեւակերպված վարկերի վրա»:

«Իմ քայլի» պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն ասաց, որ այս նախագծին «կողմ» չի կարող քվեարկել, քանի որ խնդիրներ է տեսնում:

Իմքայլական Արտակ Մանուկյանն էլ ասաց, որ կողմ է տրամաբանությանը, որ եթե խնդիր կա, միջամտեն, բայց այս ձեւով միջամտությունը մեծ ազդեցություն է թողնելու: ԱԺ իրավաբանական վարչությունը մտահոգություններ է հայտնել, ուստի եթե հավելյալ քննարկման կարիք կա, ավելի լավ է քննարկեն, նոր օրակարգ մտցնեն:

Նախագծի հեղինակը՝ Արկադի Խաչատրյանը որեւէ երաշխիք չստացավ, որ ավելի ուշ նախագիծն օրակարգ մտցնելով՝ դրական եզրակացություն կստանա, ուստի այն դրվեց քվեարկության ու բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031