ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանի հետ, որը մեկուկես տարի է, որ ռազմական այս կրթօջախի հոգեւոր սպասարկուն է, իսկ դրանից առաջ 12 տարի հոգեւոր ծառայություն է իրականացրել սահմանային զորամասերում, Aravot.am-ը զրուցեց լրատվամիջոցների այցելության ժամանակ:
-Ո՞րն է եկեղեցու առաքելությունը ռազմական համալսարանում:
-Մեր առաքելությունը, ինչպես ցանկացած համայնքում, այնպես էլ բանակում, մեր զինվորներին, սպաներին հոգեւոր, քրիստոնեական արժեհամակարգի փոխանցումն է, նրանց հաղորդակից դարձնելը մեր սրբություններին, մեր եկեղեցու, նաեւ՝ հոգեւոր արժեքներին, լինելու իրենց համար ավագ ընկեր, խորհրդատու, հոգեւոր հայր: Ռազմական համալսարանն էլ մի ծուխ է, ինչպես ցանկացած եկեղեցի եւ ունի իր հոգեւորականը՝ հոգեւոր կարիքները բավարարելու, եկեղեցու խորհուրդներին հաղորդակից դառնալու համար:
– Քրիստոնեական արժեքներից «մի սպանիր»-ը պատերազմի դաշտում որքանո՞վ է գործում, երբ դիմացդ կանգնած է թշնամին, որը հարձակվել է քո երկրի վրա: Սպանել չի կարելի, բայց նաեւ չսպանել հնարավոր չէ:
Կարդացեք նաև
– Եկեք հասկանանք հետեւյալը: Պատերազմական իրողությունները դուրս են քրիստոնեական պատվիրաններից եւ ընկալումներից: Ամեն դեպքում մենք նպատակ ունենք մեր կուրսանտներին, ընդհանրապես, զինվորներին, սպաներին ներկայացնելու այն կարեւոր ճշմարտությունները, որոնք քրիստոնեական, բարոյական եւ արժեհամակարգի մեջ են: Այսինքն, պաշտպանել այն սրբությունները, որ Աստծուց մեզ են փոխանցված: Դրանք ամենակարեւորն են մեզ համար՝ մեր հայրենիքը, մեր ընտանիքը, մեր հավատը՝ ամեն ինչ, ինչը մարդուն դարձնում է մարդ ու առավել եւս՝ հայ մարդուն պահում է հայ:
-Այստեղ հոգեւորականներն ի՞նչ դիրքորոշում ունեն:
-Պաշտպանել սրբությունները որեւէ մեկը չի արգելում: Մենք՝ հոգեւորականներս, առաջինը մեր զինվորի, մեր սպայի կողքին ենք հենց այդ սրբությունները պաշտպանելու, ոգեւորելու եւ իրենց առաջնորդելու:
-Այսինքն, պատերազմական գործողությունները քրիստոնեական արժեքներից դո՞ւրս են:
-Ոչ թե դուրս են, այլ պիտի հասկանալ, որ մենք պաշտպանվում ենք, պաշտպանում ենք այն, ինչ Աստծո կամոք մեզ է տրված: Դա մեր հայրենիքն է, մեր սրբությունը, մեր ընտանիքը, մեր սրբավայրերը: Եվ մենք պարտավոր ենք դրանք պաշտպանել: Ցավալի է, որ այդ ամեն ինչը պատերազմի միջոցով է:
–Այսինքն, քո սրբությունները պետք է պաշտպանես, բայց խաղաղ բնակչի, նույնիսկ թշնամուդ զինվորի վիզ կտրել չի կարելի:
-Քրիստոնեությունը երբեք այդպիսի ջատագովություն չի արել: Հակառակը՝ մարդասիրություն, հակառակը՝ նաեւ թշնամու հանդեպ հարգանք: Բայց չանտեսելով քո սրբությունները, չանտեսելով այն կարեւոր արժեքները, որոնք մեզ են տրված՝ պահպանելու եւ պաշտպանելու: Պատմությունը լի է այնպիսի էջերով, որ եկեղեցին իր ժողովրդի կողքին է եղել ու նաեւ առաջնորդել է: Ամենամեծ օրինակը, թերեւս, Ավարայրն է, Սարդարապատը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ