Կարիբյան ճգնաժամը արդեն քաղաքագիտական գրականության մեջ պատմական տերմին է, որն արտահայտում է 1960–ական թվականների սկզբին Խորհրդային Միության և ԱՄՆ–ի միջև չափազանց գերլարված քաղաքական, դիվանագիտական և ռազմական առճակատումը: Ճգնաժամը կարող էր հանգեցնել գլոբալ միջուկային պատերազմի։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Խորհրդային Միությունը ԱՄՆ-ի ափերի հարևանությամբ գտնվող Կուբայում տեղակայեց իր ռազմական անձնակազմը, որը զինված էր ատոմային զենքով, ներառյալ բալիստիկ և տակտիկական հրթիռները։
Թվում է՝ 58 տարուց ի վեր, Սառը պատերազմի ուրվականը կրկին հայտնվել է Կարիբյան ծովի և Լատին Ամերիկյան՝ երկիր Վենեսուելայի գլխին. այս անգամ աշխարհի մյուս ծայրում գտնվող իսլամական աշխարհատարած գաղափարներով տարված Իրանի միջամտողական քաղաքականության հետևանքով։
Մայիսի 15-ին Masdar News-ը հաղորդեց, որ Իրանից 5 նավթային լցանավեր են ուղարկվել Վենեսուելա։ Լրատվամիջոցը նշում է, որ դեռևս անհայտ է՝ կհաջողվի արդյոք իրանցիներին բարեհաջող իրականացնել բենզինի մատակարարումը։ ԱՄՆ ռազմածովային ուժերը վերջին մի քանի օրերի ընթացքում Կարիբյան ծով են ուղարկել նվազագույնը 4 ռազմանավ, որոնք կարող են առգրավել իրանական լցանավերը։ Ներկա պահին Վենեսուելան վառելիքային ճգնաժամ է ապրում, որի գլխավոր պատճառը ԱՄՆ և իր դաշնակիցների կողմից տնտեսական պատժամիջոցն է։ Նման ֆինանսական անմխիթար վիճակում է հայտնվել նաև Իրանը։
Հատկանշական է, որ Իրանի իսլամական հանրապետությունը և Վենեսուելան, որոնք վերջին տարիների ընթացքում հայտնվել են հակամերիկյան այսպես ասած՝ դիմադրության ճակատում, ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից ենթարկվել են ամենախիստ տնտեսական և ռազմական պատժամիջոցների, որի արդյունքը երկու երկրների ֆինանսական և արդյունաբերական ենթակառուցվածքների քայքայումն ու հասարակական դժգոհությունների ալիքների բարձրացումն է։
Կարդացեք նաև
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Faxon տանկերն անցնելով Ջիբրալթարի նեղուցը, գտնվում են Լատինական Ամերիկայի ճանապարհին: Fortune, Petonia և Forrest տանկերներից հետո՝ սա իրանական բենզին և գազօյլ տեղափոխող չորրորդ տանկերն է, որ Վենեսուելայի ուղղությամբ է շարժվում:
Իրանը իր ֆինանսական կարիքները հոգալու համար դիմել է Լատինական Ամերիկյան հեռավոր դաշնակից Վենեսուելայի աջակցությանը և հուսով է, որ առաքված նավթ ու բենզինի դիմաց՝ Կարակասի ռեժիմից ստացած ոսկին կարող է Թուրքիայի սև շուկայում դոլարի կամ եվրոյի վերածելով, շարունակել իր ռազմական և քաղաքական նկրտումները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։
Մյուս կողմից, ԱՄՆ-ը հայտարարել է , որ Իրանը շրջանցելով միջազգային պատժամիջոցները՝ փորձում է նավթամթերք առաքել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցի ենթարկված մեկ այլ երկիր և Միացյալ նահանգների նավատորմը միջոցներ կձեռնարկի իրանական նավերի տեղաշարժը սահմանափակելու ուղղությամբ։ ԱՄՆ-ի լուրջ սպառնալիքը խառնաշփոթ է առաջացրել Իրանի ծայրահեղական իշխանությունների շրջանակում, ովքեր երկրի տնտեսական ծանր պայմաններում իրենց նավթային եկամուտները ապահովելու համար ճարահատված դիմել են մեկ այլ հակամերիկյան աղքատ երկրի աջակցությանը։ Այս ռիսկային գործողությունը որքանով կհաջողի Իրանին և նրանք կարող են ոսկու դիմաց խուսափել ԱՄՆ-ի ռազմական գործողություններից արդեն հայտնի կդառնա առաջիկա օրերին։
Զգալով ԱՄՆ-ի ռազմական միջամտության սպառնալիքի լրջությունը և այն, որ Իրանի նավատորմը ոչ մի ներկայություն չունի Կարիբյան ծովում իրանական տանկերները պաշտպանելու համար և իմանալով, որ Լատինական Ամերիկայի տարածաշրջանում վճռական ներկայություն ունի ԱՄՆ-ի հզոր նավատորմը, Իրանի հոգևոր և ռազմական իշխանությունները մտածում են, որ ԱՄՆ-ի պատասխանը պետք է տալ Պարսից Ծոցի տարածաշրջանում և բնականաբար պետք է հարձակվել արևմտյան տանկերների կամ ԱՄՆ-ի դաշնակից երկրների առևտրական նավերի վրա։ Սա, իհարկե իր հերթին շատ մեծ ռիսկ է պարունակում Իրանի համար, քանի որ կարող է նպաստել արդեն անցած տարի ԱՄՆ-ի և ծոցի արաբական ու արևմտյան երկրների միջև ձևավորված հակաիրանական կոալիցիայի ռազմական միջամտությանը Պարսից ծոցի տարածաշրջանում, Իրանի ցանկացած քայլերի դեմ, ինչը վկայում է պատերազմի հրահրումը Իրանի դեմ, որից այդ պահի դրությամբ խիստ խուսափում են Իրանի հոգևոր արմատական և ռազմական ծայրահեղական իշխանությունները։
Հենց այս մտահոգությունից ելնելով՝ նախազգուշական մի քայլով և հավանական պատերազմի վտանգը մեղմացնելու նպատակով, Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է հարգի միջազգային իրավունքը, այդ թվում նավագնացության ազատությունը։
Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին ևս զգուշացրել է Վաշինգտոնին զերծ մնալ Վենեսուելա ուղևորվող իրանական տանկերների հետապնդումից։ Հակառակ դեպքում ամերիկյան կողմին խոստացել են պատասխան տալ։
Իհարկե, Իրանի հռետորաբանությունը չունի լուրջ հիմքեր, քանի որ չնայած Իրանի ռազմական հզոր ներկայությանը Պարսից ծոցի տարածաշրջանում, վերջերս ականատես եղանք, որ մայիսի 10-ին Օմանի ծոցում ընթացող իրանական ռազմածովային զորավարժությունների ընթացքում իրանական «Ջամարան» ռազմանավը սխալմամբ հրթիռակոծել է զորավարժությունների մասնակիցներին օժանդակություն ցուցաբերող սեփական Քոնարաք թեթև նավին։ Դեպքի հետևանքով զոհվել է 19 և վիրավորվել՝ 15 նավաստի: Միջադեպը տեղի է ունեցել Օմանի ծոցի ափին գտնվող իրանական Ջասք նավահանգստի անմիջական հարևանությամբ, այսինքն` ճիշտ այնտեղ, որ Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը պետք է կանխեն ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների ներթափանցումը Իրանի երկնքի և ջրային տարածքները։ Սա ցույց է տալիս Իրանի հակաօդային պաշտպանության և հականավային հրթիռային համակարգի զգալի տեխնիկական և հեռկառավարման համակարգի տեխնիկական թուլությունները, չնայած Իրանը վերջին տասնամյակներում միլիոնավոր դոլարներ ծախսել է իր ռազմական հրթիռային բաժնի զարգացման և ընդլայնման համար։
Մյուս կողմից՝ իրանցիները քաջ գիտեն, որ ԱՄՆ-ի հզոր նավատորմի հրթիռային և ռազմաօդային հարձակումների դիմաց ոչ մի լուրջ պաշտպանական համակարգ չունեն կանխելու նրանց ներթափանցումը Իրանի տարածքի խորքերը։ Ռազմական և տնտեսական թուլությունը ծածկելու համար Իրանն օգտագործում է ԱՄՆ-ի վարչակազմում առկա Մերձավոր Արևելյան անորոշ քաղաքականության թուլությունը և Սպիտակ Տան ուշադրությունը շեղում է Իրանի սահմաններից դուրս արհեստական կոնֆլիկտների առաջացման ուղղությամբ։ Իրանի իսլամական համակարգը հերթական խաղ է սկսել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ, որով փորձում է ԱՄՆ-ին ներգրավել արհեստածին միջազգային կոնֆլիկտների մեջ ԱՄՆ-ի մրցակից և թշնամի երկրների հետ։ Կորոնավիրուսի գլոբալ համավարակի և նավթի համաշխարհային գների անկումի առիթն օգտագործելով՝ Իրանը փորձում է Ռուսաստանին և Չինաստանին հանել ԱՄՆ-ի վարչակազմի դեմ, և տանկերների պայքարը ծավալել ԱՄՆ-ի ափերին սերտ հարևանությամբ գտնվող Վենեսուելայի և Կարիբյան ծովի տարածաշրջանում:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որին մեղադրում են կորոնավիրուսը ստեղծելու համար: Խամենեին ասել է․«Ձեզ, ամերիկացիներիդ, մեղադրում են կորոնավիրուսը ստեղծելու համար: Ես չգիտեմ, թե ինչքանով են հիմնավոր այդ մեղադրանքները, բայց եթե այդ մեղադրանքները գոյություն ունեն, միգուցե ձեր դեղորայքը միջոց է՝ էլ ավելի տարածելու հիվանդությունը: Ձեզ չի կարելի վստահել»: Իրանի հոգևոր առաջնորդն իր խոսքում ԱՄՆ-ին անվանել է Իրանի իսլամական համակարգի գլխավոր թշնամին, իսկ ամերիկացի պաշտոնյաներին բնութագրել է որպես խաբեբաներ: Նման կոպիտ հայտարարություններ նաև հաճախ են հնչում Ռուսաստանի և ավելի մեղմ՝ Չինաստանի բարձրագույն ղեկավարության կողմից։
Հետաքրքիր զուգադիպությամբ՝ կարծեք թե պատմությունը կրկնվում է Կարիբյան ճգնաժամից 58 տարի հետո, նույն վայրում, այս անգամ Իրանի իսլամական համակարգի դերակատարությամբ։ 1962 թվականի մայիսի 20-ին ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը ներկայացրեց ԱՄՆ-ին հակազդելու իր գաղափարը, Կաստրոյի՝ Կուբայում Խորհրդային միջուկային զենք տեղակայելու անընդմեջ պահանջները՝ ուղղված Մոսկվային, և ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեի նախագահության անդամները աջակցեցին Խրուշչովին այդ հարցում։ Կաստրոյի համաձայնությունը ստանալուց հետո ԽՍՀՄ-ը սկսեց ծրագրի իրագործումը, կազմակերպել խորհրդային զորքերի և ռազմական տեխնիկայի գաղտնի տեղափոխումը ծովով դեպի Կուբա։ Այժմ Իրանը, հետևելով իր մեծ եղբոր հնացած տակտիկային՝ փորձում է նավթամթերք և մինչ այժմ պաշտոնական աղբյուրների կողմից չհաստատված՝ զենք ու զինամթերք ուղարկել Լատինական Ամերիկայի տարածաշրջանում Վենեսուելայի աջակողմյան Մադուրոյի ռեժիմի համար։
ԻԻՀ-ն հայտարարել է՝ կոշտ կարձագանքի իր ու տարածաշրջանի անվտանգությանն ուղղված ԱՄՆ-ի ցանկացած սպառնացող քայլին և կդիմադրի ԱՄՆ-ի ճնշումներին:
Արձագանքելով Իրանի դեմ սպառազինական էմբարգոն երկարաձգելու համար ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին շեշտել է. «Եթե երկարաձգվեն Իրանի դեմ սպառազինական պատժամիջոցները՝ մենք կգործադրենք «4+1» խմբին հղված նամակի վերջի պարբերության մեջ գրված մեր խոսքերը, ինչը վատ հետևանքներ է ունենալու նրանց համար: Իրանը ոչ մի կերպ չի ընդունում 2231 բանաձևից շեղումները: Մենք զենք գնենք, թե վաճառենք՝ այդ քայլը կատարվում է խաղաղության ուղղությամբ: Մենք կրակի վրա բենզին չենք լցնում»:
Անկասկած, ԻԻՀ նախագահ Ռոհանիի այս հայտարարությունները հակասում են այն քայլերին, որ վերջերս Իրանը ձեռնարկել է Կարիբյան ծովում, ուղղակի Իրանից 5 նավթային լցանավեր ուղարկվել ով Վենեսուելա։ Սա փաստորեն նշանակում է 5 տանկերներով բենզին լցնել, Մոնրեոյի դոկտրինի համաձայն՝ ԱՄՆ-ի համար սահմանված ազգային անվտանգության գոտու կրակի վրա։
Իրան-ԱՄՆ ռազմական բախումն անխուսափելի է և դա տեղի է ունենալու կամ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի կանաչ շիական գոտում կամ Իրանի իսլամական հանրապետության կենտրոնական անապատներում։
Վահե ԱՐԱՄՅԱՆ