Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տուրիզմի ոլորտը փրկելու համար պետությունը պետք է ջանք չխնայի եւ COVID-19-ի հարցը լուծի. Տուրօպերատոր

Մայիս 19,2020 16:40

«Անռիվա» ընկերությունների խմբի ղեկավար Հռիփսիմե Ստամբուլյանը, որն այսօր մասնակցում էր Ազգային ժողովում կազմակերպված տուրօպերատորների խնդիրների աշխատանքային քննարկմանը, տուրոլորտը բաժանեց մի քանի ճյուղերի՝ նշելով, որ յուրաքանչյուր ճյուղի խնդիրը տարբեր է: Ըստ նրա, օրինակ՝ այսօր լուրջ խնդրի առաջ են կանգնած ավիաընկերությունները, որոնք իրականացրել են դեպոզիտներ եւ հյուրանոցների համար վճարումներ են կատարել: Ըստ նրա, 24 միլիոնից ցածր տարեկան շրջանառություն ունեցող տուրընկերությունները չեն կարողանում օգտվել կառավարության միջոցառումների ծրագրից եւ շատերն արդեն փակվել են, նույնը՝ 500 միլիոնից բարձր շրջանառություն ունեցողներին է վերաբերում:

Տուրընկերությունների հետ աշխատանքային քննարկումը կազմակերպել էր ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Տիկին Ստամբուլյանի խոսքով, Քաղավիացիայի՝ երկու ավիաընկերությունների հետ ունեցած խնդիրների պատճառով ոչ թե այդ երկու ընկերություններն են միայն տուժելու, այլ նաեւ զբոսաշրջային ընկերությունները, քանի որ Եվրոպա թռչելու իրավունքից զրկված այդ ավիաընկերությունները չարտերային թռիչքներ էին իրականացնում դեպի եվրոպական երկրներ, որոնց համար զբոսաշրջային փաթեթները տուրընկերություններ են վաճառում: Նա լուրջ խնդիր է համարում տուրընկերությունների՝ աշխատատեղերի պահպանման հարցը: Նրա խոսքով, երկար տարիների ընթացքում գումարներ են ծախսել, ներդրումներ արել՝ բարձրակարգ տուրմասնագետներ պատրաստել, միջազգային էքսպոների են մասնակցել, սակայն այսօր մնալով անօգնական վիճակում, երկար տարիների աշխատանքը «ջուրն է լցվում»:

Մասնագետներն անգործ մնալու դեպքում, ըստ նրա, այլ աշխատանքի են անցնելու եւ երբ արդեն զբոսաշրջային ոլորտն ակտիվանա, նրանք չեն վերադառնալու:

Հռիփսիմե Ստամբուլյանը վստահեցրեց, որ կառավարության տրամադրած վարկային միջոցներից էլ չեն կարողանում օգտվել, քանի որ բանկերը տուրիզմը համարում են ռիսկային ոլորտ: Նրան անհանգստացնում է նաեւ, որ տուրիզմի ոլորտի պատասխանատուները մինչ օրս մեխանիզմներ չեն մշակել: Նրա խոսքով, արտերկրի գործընկերները հետաքրքրվում են՝ ինչ մեխանիզմներ ունենք COVID-19-ի պայմաններում աշխատելու համար, սակայն տուրօպերատորները ոչ մի պատասխան չունեն, քանի որ այդ մեխանիզմները չկան:

Տուրընկերության ներկայացուցիչ Ասյա Հարությունյանի խոսքով, եթե զբոսաշրջային ընկերությունները ուրախությամբ արձանագրում են, որ այս կամ այն երկիրն էլ է բացել իր սահմանները եւ պատրաստ է զբոսաշրջիկներ ընդունել, ապա դա մեզ չի վերաբերում, քանի որ, ըստ նրա, «մեզ այնտեղ չեն սպասում»: Տիկին Հարությունյանի խոսքով, մեր երկրի քաղաքացիներին վիզա չեն տրամադրի, ոչ էլ այդ երկրներից տուրիստներ կգան Հայաստան, քանի դեռ մենք ունենք լուրջ խնդիր՝ COVID-19-ը: «Մինչեւ այդ հարցը չլուծվի, մտածել ներքին եւ արտագնա տուրիզմի մասին լուրջ չէ: Մենք COVID-19-ի առումով գտնվում ենք երրորդ փուլում, որն ամենավտանգավոր փուլն է»:

Անահիտ Հարությունյանը վստահ է, որ տուրընկերությունները չեն կարող ներքին զբոսաշրջությունից բիզնես ակնկալել, քանի որ կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջիկների 70 տոկոսը կնախընտրեն իրենց անձնական մեքենայով ճամփորդել: Անահիտ Հարությունյանը գտնում է, որ ոլորտը փրկելու համար պետությունը պետք է ջանք չխնայի եւ COVID-19-ի հարցը լուծի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031