Այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան այցելել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան եւ ծանոթանալ ապագա սպաների ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, գործնական եւ տեսական դասընթացների անցկացման պայմաններին:
Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ կրթօջախում զինված ուժերի համար պատրաստում են բակալավրի եւ մագիստրոսի որակավորմամբ ռազմական կառավարման մասնագետներ, որոնք հետագայում հաջողությամբ ծառայում են ամենատարբեր ստորաբաժանումներում, իսկ լավագույն շրջանավարտները հրամանատարական բարձր պաշտոններ են զբաղեցնում զինված ուժերում:
Ռազմական համալսարանը մասնագիտական որակների կատարելագործման նպատակով սերտորեն համագործակցում է ինչպես զինված ուժերի զորամիավորումների, այնպես էլ քաղաքացիական բուհերի հետ: Վերջինների ուսանողները 2-րդ կուրսից ռազմական համալսարանում մասնակցում են «Պատիվ ունեմ» ծրագրին, երկուսուկես տարում ստանում հրաձգային եւ հրետանային ստորաբաժանումների կառավարում մասնագիտություն եւ իրենց բուհն ավարտելուց հետո ռազմական համալսարանում եռամսյա հավաք անցկացնելով ստանում լեյտենանտի զինվորական կոչում:
«Առկա ուսումնանյութական բազան, որի գերակշիռ մասը հայրենական արտադրության է, դասախոսական կազմը հնարավորություն է տալիս այստեղ պատրաստելու որակյալ մասնագետներ: Մեր կուրսանտները նաեւ հնարավորություն ունեն ուսումը շարունակել արտերկրի ուսումնական հաստատություններում: Պաշտպանության նախարարի հրամանով համալսարանում հիմնվել է լեզվի կենտրոն, որը պետք է նաեւ հոգա զինված ուժերի կարիքները: Համալսարանում մեծ աշխատանքներ են կատարվում մեր երկրի ռազմական գիտությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասաց գնդապետ Խաչատուր Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ընդունելության կազմակերպմանը՝ ռազմական համալսարանի պետը նշեց, որ այն ճիշտ եւ որակով կազմակերպելու ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է կատարվել ինչպես համալսարանում, այնպես էլ ՊՆ համակարգում: Սերտ համագործակցություն կա նաեւ զինկոմիսարիատների հետ: Եվ այս ամենի արդյունքում համալրման լավ արդյունքներ կան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ