Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը տեսակապի միջոցով հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ի հաղորդագրությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են արցախյան հակամարտության ընթացիկ վիճակը, այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը պայմանավորվել են հստակեցնել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպման վայրն ու ժամկետը՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ