Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի որոշ աշխատակիցներ միաժամանակ գրանցված են եղել նաև «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում ու ստացել են շուրջ 55 միլիոն դրամի չափով աշխատավարձ. ՊՎԾ

Մայիս 19,2020 15:29

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ «100 տոկոս պետական մասնակցությամբ» գործունեության 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրվել են Ընկերության կողմից հիմնադրամների ստեղծման և օգտագործման, ազատ ֆինանսական միջոցների կառավարման խնդիրները, անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը, հաստիքացուցակը և փաստացի աշխատողների թվաքանակը, նրանց վճարված աշխատավարձերը, գործուղման ծախսերը, ինչպես նաև իրականացված գնման գործընթացները:

Ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում հաշվարկվել է պետությանը պատճառված շուրջ 613 միլիոն դրամի վնաս և (կամ) հնարավոր լրացուցիչ եկամուտների կորուստ:

Հարկ է նշել, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է նաև, որ Ընկերության հաշվին կուտակված 1 մլրդ 202 միլիոն դրամի չափով ֆինանսական միջոցները ՀՀ պետական բյուջե փոխանցման դեպքում Ընկերությունը կարող է լիարժեք և անխափան գործունեություն իրականացնել, ինչի արդյունքում 2020թ. մայիսի 15-ին ՀՀ պետական բյուջե է փոխանցվել նշված գումարը՝ որպես լրացուցիչ շահաբաժին:

Ուսումնասիրության արդյունքում, ընդհանուր առմամբ, պարզվել է, որ՝

– ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ պահուստային հիմնադրամին առնչվող իմպերատիվ դրույթները Ընկերության գործադիր մարմնի կողմից խախտման հետևանքով Ընկերությունը չի ունեցել առնվազն 257,8 միլիոն դրամի հնարավոր լրացուցիչ եկամուտներ,

– Հայկական ավիաընկերություններից մեկը «տվյալ ժամանակաշրջանում պետական պաշտոն զբաղեցրած անձի հետ փոխկապակցված» 2014թ. ընթացքում Ընկերության նկատմամբ կուտակել է շուրջ 181 միլիոն դրամի դեբիտորական պարտքեր, այնուհետև, դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, իսկ Ընկերության գործադիր մարմինը չիրականացնելով իրեն վերապահված իրավունքները՝ քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

– Ընկերությունը չպահպանելով աշխատանքային օրենսդրությունը և ներքին իրավական ակտերը ունեցել է սահմանված հաստիքներից ավելի աշխատողներ և նրանց վճարվել է առնվազն 109 միլիոն դրամ,

– ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի որոշ աշխատակիցներ միաժամանակ գրանցված են եղել նաև Ընկերությունում և ստացել են շուրջ 55 միլիոն դրամի չափով աշխատավարձ,

– Ընկերության որոշ աշխատակիցների արտասահմանյան գործուղումների հատուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ավելի հաշվարկվել և վճարվել շուրջ 3,1 միլիոն դրամ,

-Ընկերության կողմից հաշվարկվել և վճարվել է շուրջ 7,4 միլիոն դրամի չափով պարգևատրում այն աշխատակիցների համար, ովքեր այդ ժամանակահատվածում գտնվել են երկարաժամկետ ուսումնական գործուղման մեջ,

-Աուդիտորական ծառայությունների, ինչպես նաև տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար նախատեսված գնման ընթացակարգերում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ իրավական գնահատական տալու նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031