Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի ռեժիմն օգտագործվում է ընդամենը որպես «բութ գործիք»

Մայիս 19,2020 22:00

Պաշտոնական Երեւանի բազմաշերտ եւ կոշտ հերքումների արժանացած՝ Լավրովի արցախյան «սայթաքումներին» եւ ռուս-ադրբեջանական ապատեղեկատվական արշավին հետեւեցին Բաքվի «աննախադեպ» զորավարժությունները։

Շատ ժամանակ չի անցել, սակայն պատկերն ամբողջացնելու համար հիշողության թարմացումը չի խանգարի։ Եվ ուրեմն, շաբաթներ առաջ Ռուսաստանի ԱԳ նախարար պարոն Լավրովը «հարթ տեղում» սկսում է քարկոծել Հայաստանին, նախ, ստելով, որ ղարաբաղյան բանակցությունների «սեղանին փաստաթուղթ կա», հետո «հանկարծ» վերհիշեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի՝ Ալիեւի սիրելի բանաձեւերը (որոնց վրա, ի դեպ, նույն տարվա դեկտեմբերին կրակեց իր հարազատ հայրիկը, արդյունքում կոտրելով սեփական բանակի ողնաշարը), այնուհետեւ բողոքեց ռուսական պետական մոնոպոլիստների հայկական մասնաճյուղերում գողության եւ թալանի փաստերով քրեական գործերից եւ եզրափակեց «բացատրություններով», թե ինչու Ռուսաստանը չպետք է էժանացնի գազի գինը Հայաստանի եւ Բելառուսի համար, երբ նավթի համաշխարհային գինը հավասարվել է չմշակված աղբի գներին։

Դրան հետեւեց մի կեղտոտ ապատեղեկատվական արշավ՝ մասնակցությամբ ռուսական պրոպագանդայի, ադրբեջանական պրոպագանդայի եւ տեղական «մտահոգ» շրջանակների, որը թիրախավորում էր հայկական մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ Գարեգին Նժդեհից մինչեւ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմում զոհված պապը։

Ի պատիվ պաշտոնական Երեւանի, այդ ողջ ստորությանը պատասխանները տրվեցին արժանապատվորեն, համապարփակ եւ ժամանակին, վեր հանելով այդ արշավի հեղինակների եւ կատարողների մանր քրեական էությունը։ Հիմա հերթը հասել է ուղղակի շանտաժին, ավելի ճիշտ՝ պատերազմով շանտաժին, եւ համավարակի հետեւանքով տնտեսական աղետը մի կողմ դրած, Ալիեւի ռեժիմը ձեռնամուխ է եղել ինչ-որ «զորավարժությունների», որի անունը դրել է «աննախադեպ», փորձելով տպավորել երկու հայկական պետություններին։ Իհարկե, «մեր ռազմավարական դաշնակցի» հույսին չենք, Աստված մի արասցե, որքան էլ որ «տարածաշրջանով զբաղվող» ոչ սթափ տարբեր հերթապահ սադրիչ-«վերլուծաբաններ» ընկնեն «գյուլիստանյան երազանքների» գիրկը, եւ Արցախի Պաշտպանությոան Բանակը բերվեց բարձր մարտական պատրաստականության։ Նաեւ նախազգուշացվեց, որ հակառակորդի ռազմական ուժերի եւ միջոցների առաջխաղացումը դեպի հայ-ադրբեջանական սահման դիտարկվելու է որպես անմիջական սպառնալիք եւ արժանանալու է համարժեք հակազդեցության։

Ինչո՞վ եւ ինչպե՞ս, նաեւ որպես ի՞նչ է մեզ ձգտում տպավորել պարոն Ալիեւը։ Մայիսի 18-ին մեկնարկած այդ զորավարժությունները, որոնց վերաբերյալ ԵԱՀԿ-ն արդեն որերորդ անգամ պատշաճորեն չի իրազեկվել, հիմքում ունեն հարձակողական օպերացիայի մտահղացում, պլանավորված են հնգօրյա ժամանակահատվածի համար, մինչեւ մայիսի 22-ը, մասնակցությամբ 10.000 անձնակազմի, 120 միավոր տանկերի եւ զրահատեխնիկայի, մինչեւ 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային համակարգերի, համազարկային կրակի ռեակտիվ կայանների եւ ականանետների, մինչեւ 30 միավոր օդուժի, տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի։ Զորավարժությունների պայմաններն, ըստ հաղորդագրության, ենթադրում են «հարվածային խմբավորումների ստեղծում», որոնց այդ «հարվածային ունակություններն», ըստ մտահղացման, պետք է ստուգվեն զորավարժությունների ընթացքում։

Ակնհայտ է, որ այս անթաքույց ագրեսիվ գործողությունն ունի քարոզչական բաղադրիչ, կոչված ցույց տալու Ալիեւի ռեժիմի «աննահանջ վճռականությունը», մինչդեռ այդ ծխածածկույթի հետեւում առկա է բավականին անպատիվ եւ ողորմելի պատկեր, իսկ տեղ-տեղ նաեւ ուղղակի ծիծաղելի։ Մասնավորապես, զվարճալի է կարդալ պաշտոնական հաղորդագրությունն այդ զորավարժությունների մասին, որտեղ գրված է հետեւյալը. «Զորքերի վերատեղակայումն իրականացվում է ծածուկ եւ օպերատիվ, համաձայն նրանց կազմակերպման պահանջների», եւ դրված են բազմաթիվ նկարներ եւ տեսանյութեր։

Իհարկե, հաշվի առնելով այն, թե մարդկային ինչ որակի հետ գործ ունենք, սա այնքան էլ անվտանգ չէ, քանզի հնարավոր գործողությունները կարող են դուրս լինել ռացիոնալության եւ բանականության դաշտից, բազմապատկած հիմարության գործակցի, ինչպես 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանին դա արժեցավ մոտ 700 զոհ։ Ուստի հայկական կողմը հանդես եկավ համարժեք նախազգուշացումներով, ուղղված ոչ միայն Բաքվին։ Հասցեատերերն էին նաեւ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, միջազգային հանրությունը։ Բայց ոչ ՀԱՊԿ կոչված՝ ոչ մի բանի մասին «կազմակերպությունը, եւ ոչ էլ «մեր ռազմավարական դաշնակիցն» իր լավրովներով։

Ինչպես եւ 2016-ին՝ այս ամենի գլխավոր շահառուն Մոսկվան է, ով վաղուց գտել է, ըստ Բիսմարկի՝ «հարմար օլուխի», որը պատրաստ է իր տարածաշրջանային շահերը սեփական կողերով առաջ տանելու համար։ Եվ ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով.Ալիեւի ռեժիմն այսօր եւ հետայսու պատրաստ չէ տեւական պատերազմի, պատրաստ չէ բլից-կրիգի, հանկարծակիության գործոնն այլեւս զրոյական է, Ալիեւի՝ ոտքից գլուխ ապականված հակաքաղաքակրթական ռեժիմը ցամաքած նավթի պայմաններում պատրաստ է միայն մանր ծառայություններ մատուցել շատ որոշակի ուժային կենտրոնի, ծառայել նրան որպես «բութ գործիք», ապակայունացնել եւ լարվածություն մտցնել տարածաշրջանում՝ հույսով, որ դա կերկարաձգի իր անփառունակ գոյությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի պապը զոհվել է ռազմաճակատում, Քառօրյա պատերազմի ժամանակ «բանակում չծառայած» Նիկոլ Փաշինյանը կամավոր մեկնել է ընկերների հետ ռազմաճակատ, եւ հիմա նա է գերագույն գլխավոր հրամանատարը։ Եվ հաստատապես Նիկոլ Փաշինյանի ոչ հայրը, ոչ էլ պապը «տուբերկուլյոզի տեղեկանքով» բանակից չեն փախել, ինչպես որոշ «ազգային առաջնորդներ», կամ գնացել չեկիստ դարձել, եւ ոչ էլ երկրից դուրս կազինոյում մի-քանի միլիոն են պարտվել ու հետո պարտքը բարդել այդ «ազգային առաջնորդ» հայրիկի վրա։ Եվ որքան էլ որ բեմականացված «վճռականությամբ» փորձեն այդ հարաբերակցության վրա ազդել՝ ոչինչ էլ չի ստացվելու։ Ուղղակի ժամանակն է հասկանալ, որ հայ ժողովուրդը ի պատասխան պարտադրված պատերազմի՝ այլ ընտրություն չունի, քան պարտադրել խաղաղություն՝ հայկական պայմաններով, եւ կարիք չկա ինչ-որ ավելորդ փող ծախսելու՝ ինչ-ինչ տեղաշարժերին «աննախադեպ» փոշի բարձրացնելու վրա, մեզ դա չի տպավորում։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Լուսանկարում` Ալիեւն Ուրարտուի քարտեզի վրա փնտրում է Ադրբեջանը

«Առավոտ» օրաթերթ
19.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031