Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տուրընկերությունները փակվում են, սնանկանում ու կրճատումներ անում. ընկերությունները կառավարությունից նպատակային ծրագրեր են ակնկալում

Մայիս 19,2020 14:41

Եթե կառավարությունը զբոսաշրջային ոլորտի համար հասցեական եւ նպատակային միջոցառումների ծրագիր չիրականացնի, կորուստներն անդառնալի կլինեն: Այսօր այսպիսի մտահոգություն հայտնեցին զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները, որոնք Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ խորհրդարանի 334 դահլիճում մասնակցում էին աշխատանքային քննարկմանը: Տուրօպերատորների խոսքով, մի շարք ընկերություններ արդեն մեծ թվով աշխատակիցներ են կրճատել, շատերը գտնվում են սննկացման եզրին, որոշներն էլ արդեն փակվել են:

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը թվարկելով զբոսաշրջության խնդիրները նշեց, որ մինչ այս՝ կառավարության իրականացրած միջոցառումները օգտակար չեն եղել զբոսաշրջային ոլորտի ընկերությունների համար: Մեխակ Ապրեսյանի խոսքով, լավագույն դեպքում տուրոլորտի ընկերությունները կսկսեն եկամուտներ ունենալ հաջորդ տարվա ապրիլից, ամենալավատեսական սցենարով՝ այս տարվա սեպտեմբերից, եւ, եթե օգտվեն կառավարության առաջարկած վարկային միջոցներից, միեւնույն է, չեն կարողանալու սկսել մարել այդ վարկերը, որովհետեւ եկամուտ դեռեւս չեն ունենալու:

Ըստ պարոն Ապրեսյանի, արտոնյալ պայմաններով տրվող վարկի երկու տարի ժամկետն էլ բավարար չէ. «Զբոսաշրջության համար կարեւոր է, որպեսզի այդ արտոնյալ միջոցները տրամադրվեն ոչ թե 24 այլ 36 ամսով, առնվազն՝ 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով, որպեսզի ի վիճակի լինենք մարել այդ վարկերը: Երրորդ միջոցառումը, որը հիմնականում ՓՄՁ սուբյեկտների համար է, այստեղ առավել հասցեական եւ նպատակային կլինի այդ միջոցառումներում լինեն փոփոխություններ: Իսկ առավել արդյունավետ կլինի, որ զբոսաշրջության համար ունենանք առանձին ծրագիր»:

Մեխակ Ապրեսյանը կոչ արեց փառատոնների կազմակերպմամբ, երկրի տեսարժան վայրերի գովազդմամբ, նպաստել ներքին տուրիզմի զարգացմանը: Նրա խոսքով, մինչ միջազգային զբոսաշրջության վերականգնումը՝ տուրընկերություններն իրենց գործունեությունը սկսելու են ներքին զբոսաշրջությունից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031