Ինչպես տեղեկացրել ենք, «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Արտյոմ Թումանյանը մայիսի 14-ին հացադուլ էր հայտարարել Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի։ Նա Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ երկիրը պայթունավտանգ իրավիճակում է, կան բազմաթիվ հարցեր, որոնք րոպե առաջ պիտի կարգավորվեն։ Ըստ հացադուլավորի, միակ անձը, որին վստահում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
Կառավարությունից անմիջապես արձագանքել են Արտյոմ Թումանյանի պահանջին։
Նա այսօր մեզ հետ զրույցում պատմեց, որ կառավարությունից իրեն փոխանցել են, թե վարչապետը մեծ սիրով կգա Գյումրի, սակայն եթե գա հրապարակ, մարդիկ կհավաքվեն, իսկ դա կխախտի արտակարգ դրության պայմանները։ Արտյոմ Թումանյանին հրավիրել են կառավարություն, նա ներկայացրել է հուզող հարցերը։ Որոշ հարցերի պատասխաններ տրվել են, սակայն եղել են հարցեր, որոնց պատասխանները ժամանակատար են, պիտի զբաղվեն դրանցով։
Ըստ Արտյոմ Թումանյանի, իրեն նորից զանգելու են, երկրորդ անգամ են հանդիպելու, պայմանավորվածությունն այդպիսին է։
Կարդացեք նաև
«Տարբեր տեսակի նամակներ եմ տարել, որոնք անձամբ Նիկոլ Փաշինյանին են փոխանցվել, դրանցով կզբաղվի անձամբ վարչապետը։ Երբ ես հացադուլ հայտարարեցի՝ հայտարարելով երկրում տիրող իրավիճակի մասին, մի քանի հոգի՝ դաժան խնդիրներ ունեցող, ուզում էին միանալ ինձ, նույնիսկ պատրաստ էին ինքնահրկիզվելու, երակ կտրելու։
Նրանք պատրաստ էին նման ծայրահեղ միջոցների գնալ, ես թույլ չեմ տվել, քանի որ 71 տարեկան կին կամ 82 տարեկանը նստի հացադուլի, ճիշտ չէր։ Ես վերցրեցի իմ ուսերին, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի։ Չորս տարի շարունակ նրանց հարցը չի լուծվել, մեկինը կապված էիր զինվորի սպանության հետ։ Ինձ կառավարությունում ասացին, որ խնդիրը կփոխանցեն այն մարմնին, որը զբաղվում է այդ դեպքերով, ամեն հարցով կզբաղվի համապատասխան մարմինը։ Այստեղ իմ անձնական խնդիրը չկա»,-ասաց Արտյոմ Թումանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ