Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ազդակիր բնակավայրերից 23 բնակիչ դիմել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին (IPAM/ԾՀԱՄ)՝ կոչ անելով ԾՀԱՄ-ին առաջարկել ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից: Ի աջակցություն Ջերմուկի բնակիչների՝ դիմումին միացել են “CEE BankWatch” միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ն և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը: Բանկից արդեն հաստատել են դիմումի ստացումը:
Դիմումում նշված է. «Մենք՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ազդակիր բնակավայրերից ներքոստորոգրյալներս, գտնվում ենք Ամուլսարի ծրագրի ազդեցության տակ (Lydian Extension project, 2016, #48579): Ծրագիրն առաջ է տանում «Lydian International» ընկերությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ: Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ միասին մենք դիմում ենք ՎԶԵԲ-ի Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին (IPAM/ԾՀԱՄ)՝ բանկի սոցիալ-էկոլոգիական քաղաքականությանը և հաստատված սկզբունքներին Ամուլսար ծրագրի համապատասխանության ստուգում նախաձեռնելու նպատակով: Ծրագրի կատարողը՝ «Lydian International» ընկերությունը, ՀՀ նախկին կառավարության օգնությամբ և ՎԶԵԲ-ի ֆինանսական ու բարոյական աջակցությամբ չի կիրառել միջազգային լավ չափանիշներ՝ ազդեցություն գնահատելու և ծրագրի ազդակիր մարդկանց հետ բովանդակալից/առարկայական խորհրդակցություններ անցկացնելու և տեղի բնակչության կարծիքը հաշվի առնելու համար: Մենք կարծում ենք, որ ՎԶԵԲ-ը՝ որպես «Լիդիան»-ի ներդրող, չի ապահովել ծրագրի համապատասխանությունը բանկի բնապահպանական և սոցիալական քաղաքականության հետ: Արդյունքում, ՎԶԵԲ-ին և իր հաճախորդին՝ «Lydian International» ընկերությանը, չի հաջողվել պատշաճ կերպով պաշտպանել մեր բնությունը (ջրերը, օդը, հողը և վայրի բնությունը), մեր համայնքի առողջությունը և ապրուստը (այգիները, արոտավայրերը և սննդի արտադրությունը) և Ջերմուկ խոշորացված համայնքի 5 բնակավայրի, այդ թվում՝ Ջերմուկ առողջարանի, տնտեսությունը (հիմնված բժշկական, գյուղական, էկոլոգիական տուրիզմի և հանքային ջրերի արտադրության, մաքուր գյուղատնտեսության վրա):
2014թ. արդեն իսկ բողոքներ ներկայացվել են ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմ, ինչպես նաև Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականի գրասենյակ (ՀԱՊԽ): ՀԱՊԽ-ը բողոքը փակել է հետևյալ եզրակացությամբ. «ՀԱՊԽ-ը գտնում է, որ ՄՖԿ-ի պատասխանը համապատասխանության ապահովման հետաքննությանը միայն մասամբ է անդրադարձել համակարգային մակարդակում արված բացահայտումներին, և չի անդրադարձել նախագծի մակարդակում արված բացահայտումներին: Բայցևայնպես, ՀԱՊԽ-ն որոշել էր փակել Լիդիանում ՄՖԿ-ի ներդրումներին վերաբերող երկու գործերն էլ՝ հաշվի առնելով, որ ՄՖԿ-ն որևէ ընթացիկ ներդրում այդ ընկերությունում չունի և ՄՖԿ-ն ունի որոշում՝ չմասնակցել նախագծի մակարդակում որևէ պատասխան գործողությունների իր նախկին հաճախորդի կամ բողոքաբերների հետ»:
ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը մեր բողոքները համարել է «վաղաժամ», քանի որ այդ փուլում ՎԶԵԲ-ը ներդրել էր միայն օգտակար հանածոների հետախուզման համար (DIF Lydian, 2009, #42182), և հանքարդյունաբերության ծրագիրը դեռ չէր հաստատվել (Lydian Amulsar Gold Mine – Extension, 2016, #48579): Եթե անգամ մեր բողոքի մերժումն ընթացակարգային առումով հիմնավորված էր, մենք բաց թողեցինք անկախ ստուգման անցկացման հնարավորությունը և ծրագրի ազդակիր համայնքների դիրքորոշման քննարկումը ծրագրի վերաբերյալ: Այսպիսով, սա բաց թողնված հնարավորություն էր՝ տեղեկացնելու ՎԶԵԲ-ին համալիր գնահատման անհրաժեշտության մասին: ԾՀԱՄ-ը կարող է անդրադառնալ և´ Ծրագրերի բողոքարկման մեխանիզմին ներկայացված բողոքներին, և´ ՀԱՊ-ի գնահատման զեկույցին այնքանով, որքանով դրանք առնչվում են Ամուլսարի ոսկու հանքի նախագծի ստուգմանը:
Կարդացեք նաև
2018-2019թթ-ին մի քանի կազմակերպություններ Ամուլսարի ծրագրի խնդիրները բողոք նամակով ներկայացրել են ՎԶԵԲ-ին: Սակայն բանկը չի դիտարկել այդ խնդիրները՝ դիմումատուներից Հայկական բնապահպանական ճակատին նշելով որպես ոչ պատշաճ դիմող:
2018թ. դրությամբ հանքի շինարարության աշխատանքներն առաջ էին գնացել, և մեր շատ մտահոգություններ և վախեր հիմնավորվեցին: Մենք արդեն իսկ կրել ենք լուրջ բնապահպանական վնասներ՝ ջրի, օդի և հողի աղտոտում ծրագրի պատճառով: Մենք անհանգստացած ենք, թե որքան թունավոր կարող է լինել ծրագրի տեղանքից տարածվող փոշին: Չնայած «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ի համաձայն հանքարդյունաբերական գործունեության արդյունքում փոշու ազդեցություն Ջերմուկի վրա չի լինի, հանքի շինարարական աշխատանքների մեկնարկից Ջերմուկում արտահայտվեց փոշով զգալի աղտոտում: Օրինակ, ձմռանը ձյունը դառնում էր վարդագույն 8 կիլոմետր հեռավորությունից տարածվող փոշու պատճառով: Անձրևներից հետո մեքենաների վրա և տներում փոշու շերտ էր նստում, ինչը մինչ այդ աշխատանքները չկար:
Ուշադրության արժանի են նաև այն պատահարները, որոնք ազդեցություն են թողել Գնդեվազ բնակավայրի խմելու ջրի, ոռոգման ջրի և ձկնաբուծարանների վրա: 2018թ. տեղի է ունեցել ջրի մատակարարման խաթարման և ջրի աղտոտման մի քանի դեպք, չնայած «Լիդիան»-ը գրել էր իր նախագծի ազդեցության գնահատման մասում, որ ջրի վրա ազդեցությունները կարող են կառավարվել և զգալի չեն լինի:
Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ թթվային դրենաժը կարող է ազդել մակերևութային ջրերի աղբյուրների վրա, ինչպիսիք են՝ Դարբ, Արփա և Որոտան գետերը, բազմաթիվ աղբյուրներ ջրհավաք ավազաններում, Կեչուտ և Սպանդարյան ջրամբարները և, ի վերջո, Սևանա լիճը, ինչպես նաև ստորգետնյա ջրերը:
Գնդեվազ բնակավայրի ծիրանի այգիների սեփականատերերը կորցրել են ոչ միայն իրենց հողերը, այլ նաև՝ ապրուստը, որը պատշաճ կերպով չի փոխհատուցվել: Նշենք, որ Գնդեվազի հողերի վաճառքի փաստի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված է քրեական գործ Գնդեվազի նախկին համայնքապետի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ։ Բացի այդ, Ջերմուկ առողջարանային քաղաքը լուրջ վնասներ է կրել, ինչպես օրինակ՝ վարկանիշի կորուստ և բացասական տնտեսական և սոցիալական ազդեցություն տուրիզմի անկման պատճառով:
Ջերմուկը վերածվել էր հանքարդյունաբերական քաղաքի, ինչը վնաս էր հասցնում քաղաքի համբավին՝ որպես հեղինակավոր առողջարանային հանգստավայրի: Տուրիզմը Ջերմուկում տուժում էր. մարդիկ չէին ցանկանում գալ մաքուր լեռնային օդ շնչել և բուժիչ հանքային ջրերով բուժումներ ստանալ մի քաղաքում, որը լի էր հանքագործներով, հանքարդյունաբերական հանրակացարաններով և նրանց ցեխոտ ավտոտրանսպորտային միջոցներով: Ջերմուկի սոցիալական կերտվածքը խաթարվել էր հանքի աշխատողների ներհոսքի պատճառով:
Ուրանի և այլ ռադիոակտիվ տարրերի ազդեցության ռիսկը չի գնահատվել: Մեր բնակիչները լավ տեղյակ են խորհրդային ժամանակաշրջանում Ամուլսարի տարածքում իրականացված ուրանի և ռադիոակտիվ տարրերի որոնման արշավախմբեր հետազոտությունների մասին և Ամուլսարի ուրանային երևակումների հայտնաբերման մասին («Горный журнал», 2007, N 6,: Ամուլսարի ծրագրի ռադիացիոն ռիսկերի մասին նշված է նաև Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կարծիքի մեջ, որը ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»՝ «Գեոթիմ» ընկերության (ներկայումս «Լիդիան Արմենիա») Ամուլսարի ծրագրի 2012թ-ի հայտի վերաբերյալ: Հանձնաժողովի նամակում, մասնավորապես, նշված է. «Նախագծի Radman Associates հատորում նշվում է, որ ռադոնի կոնցենտրացիան գերազանցում է 400ԲԿ m-3 ներգործության մակարդակը, բայց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական» հատորում ոչ մի միջոցառում չի նախատեսված ռադոնի մակարդակը իջեցնելու համար:…»: Հանձնաժողովը Սևանա լճի վրա Ամուլսարի ծրագրի ազդեցության վերաբերյալ նշել է. «Նախագծում լցակույտի համար նախատեսված իջույթի հիդրոերկրաբանական առանձնահատկությունների շնորհիվ դիտարկվում են գրունտային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները կտեղափոխեն Որոտանի գետահունը, այնուհետեւ Որոտան-Արփա-Սևան թունելով նաև Սևանա լիճ»: Գնահատելով Ամուլսարի ծրագրի ռիսկերը՝ հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն:
Սակայն 2014թ-ին՝ Սևանի Հանձնաժողովի կազմի փոփոխվելուց հետո, այն դրական եզրակացություն տվեց Ամուլսարի ծրագրին: Հանձնաժողովը մերժեց հասարակությանը տրամադրել իր դրական կարծիքը:
Ջերմուկի քաղաքացիների կարծիքը հաշվի չի առնվել: Ծրագրի ՇՄԱԳ-ի պատշաճ հանրային լսում և քաղաքացիների համար քննարկումներ չեն անցկացվել: Լինելով նախատեսվող հանքից գրեթե նույն հեռավորության վրա, ինչպես մյուս, բայց ազդակիր համարված համայնքները, տարածաշրջանի կարևորագույն բնակավայրի՝ Ջերմուկի բնակիչներն օտարված են եղել իրենց հարազատ քաղաքի ապագայի վրա լրջագույն ազդեցություն ունեցող ծրագրի մասին կարծիք հայտնելու իրավունքից։ Չնայած նրան, որ 2016-ին Ջերմուկը դարձավ ազդակիր համայնք, սակայն այդ քաղաքում այդպես էլ օրենքով սահմանված կարգով քննարկումներ չանցկացվեցին:
Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա, Գնդեվազ և Կեչուտ բնակավայրերի վրա ազդեցությունները պատշաճ կերպով չեն գնահատվել «Լիդիան»-ի և ՎԶԵԲ-ի կողմից:
2018թ. Ջերմուկում կոլեկտիվ հանրագիրը 3000 ստորագրություն է հավաքել՝ Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ։ 3000 ստորագրությունը հավաքվել է 5 օրում, որը ցույց է տալիս մետաղական հանքարդյունաբերության արգելքին լայնորեն աջակցելու և Ամուլսարի ծրագրին լայնամասշտաբ ընդդիմանալու փաստը: «Լիդիան»-ը որևէ հանրային համաձայնություն չունի իր գործունեության համար: Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն է տվել հանրագրին (Ավագանու որոշում N 88-Ա, 18 դեկտեմբերի 2018թ.:
Այսպիսով` խախտվել է մեր իրավունքը ՝ զարգացնելու տուրիզմը որպես համայնքի զարգացման և մեր բարեկեցության ուղղություն, քանի որ ծրագրի արդյունքում կտուժի պատմամշակութային տուրիզմը, քանի որ կոչնչացվի պատմամշակութային ժառանգությունը (տե՛ս հուշարձանների ոչնչացման մասին հավելվածը): Կտուժի էկոտուրիզմը (տես կարմիրգրքյան տեսակների և Բեռնի կոնվենցիայով պաշտպանվող տեսակների անհետացման ռիսկերի մասին հավելվածը): Մենք՝ Ջերմուկի բնակիչներս, մտադիր էինք հայտարարել այդ ռիսկերի մասին Ջերմուկում՝ հանրային լսումների ժամանակ, որոնք նախատեսվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին օրենքով, բայց դրանք տեղի չունեցան, թեպետ Ջերմուկը ճանաչվել էր ազդակիր համայնք: Լսումներն անցկացվեցին ոչ մեծ գյուղերում, որոնք ներառված են խոշորացված Ջերմուկ համայնքի մեջ, և «Լիդիան» ընկերությունը հայտարարեց, որ նրանք հետևել են օրենքին և անցկացրել հանրային լսումներ այն դեպքում, երբ իրականում Ջերմուկ առողջարանային քաղաքում լսումներ չեն կազմակերպվել, և մեր՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանրային լսումներին մասնակցելու իրավունքն անտեսվել է»:
Մենք ցանկանում ենք բարելավել մեր շրջակա միջավայրը և սոցիալական վիճակը, ոչ թե այն վատթարացնել: Մենք ցանկանում ենք վերականգնել մեր ապրուստը և զարգացնել տուրիզմը մեր բնական ռեսուրսների հիման վրա: Մենք ցանկանում ենք բարձրորակ կյանք մաքուր և առողջ միջավայրում: Մենք պայքարում ենք մեր իրավունքի վերականգման համար՝ մեր դիրքորոշումը հայտնելու մեր համայնքների ապագայի կապակցությամբ:
Մենք կոչ ենք անում ԾՀԱՄ-ին առաջարկել ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից, ինչը պատասխանատու քայլ կլինի բանկի կողմից և բանկի կողմից հաստատված Սոցիալական և էկոլոգիական քաղաքականության հետևյալ պահանջների պահպանում.
Պահանջ 1.- Էկոլոգիական և սոցիալական ազդեցության գնահատում և դրանց կառավարում:
Պահանջ 3. – Ռեսուրսաարդյունավետություն, շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելում և վերահսկողություն:
Պահանջ 4.- Առողջապահություն և անվտանգություն
Պահանջ 6. – Կենսաբազմազանության պահպանում և բնական ռեսուրսների կայուն կառավարում
Պահանջ 8. – Մշակութային ժառանգություն
Պահանջ 10. – Տեղեկատվության հանրայնացում և շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցություն, որպեսզի խուսափել հետագա լուրջ և անդառնալի վնասից և վերականգնել Ջերմուկի բնակչության հանդեպ արդարությունը:
Աշխարհը նոր մարտահրավերներ ունի, որտեղ մարդու առողջությունը և կյանքը առողջ շրջակա միջավայրում դառնում են սկզբունքային, ինչի մասին վկայում են խոշորագույն կազմակերպությունների հայտարարած դիրքորոշումները: Մենք վստահ ենք, որ ՎԶԵԲ-ը, լինելով զարգացման խոշորագույն ֆինանսական ինստիտուտներից մեկը, հաշվի կառնի մեր բողոքը, կուսումնասիրի մեր կողմից բարձրացված խնդիրները և որոշում կկայացնի ի օգուտ Ջերմուկի բնակիչների»:
Նշենք, որ այս դիմումի հետ միասին, որպես լրացուցիչ տեղեկատվություն ՎԶԵԲ-ին է ուղարկվել նաև “CEE Bankwatch Network” միջազգային ցանցի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի կողմից 2020 մարտին Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն ուղարկված բողոքը, որում, մասնավորապես, նշված է, որ ՀՀ կառավարությունը խախտել է Բեռնի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 5-րդ և 6-րդ կետերը՝ տալով թույլտվություններ Ամուլսարի ոսկու նախագծի իրականացման համար և թույլ տալով նշանակալից ազդեցություն Մշտական հանձնաժողովի 4-րդ բանաձևով (1996թ.) և 6-րդ բանաձևով (1998թ.) պաշտպանվող բնակմիջավայրերի և տեսակների վրա: Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունն ակնկալում է մինչև հուլիսի 17-ը ստանալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ՀԿ-ների բողոքի կապակցությամբ:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ