Լրահոս
Օրվա լրահոսը

«Տատը օգնություն էր կանչում, մինչև հասցրեցինք կոտրել պատուհանը, ձայնը կորավ, հարսն էլ տեղաշորում ծխախեղդ եղավ»․ Լուսաղբյուրի վարչական ղեկավար

Մայիս 19,2020 13:02

Երեկ գիշեր հրդեհ էր բռնկվել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր համայնքի տներից մեկում, տունն ամբողջությամբ այրվել էր, փրկարարները տանը հայտնաբերել են Մեդա Մ․-ի (ծնված 1928 թ․) և Քնարիկ Մ․-ի (ծնված 1963 թ.) դիերը։

Ինչպես տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից․ «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին: Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 240 քմ), մոտակայքում կայանած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, «KAvZ» մակնիշի ավտոբուսը՝ մասամբ, վնասվել են թիվ 10 տան պատուհանը և 1-ին փողոցի թիվ 33 տան երեք պատուհան»։

Լուսաղբյուր համայնքի վարչական ղեկավար Մելս Մանուկյանն Aravot.am-ին պատմեց․ «Մահացողները հարս ու սկեսուր են: Տղան, թոռները Ռուսաստանի Դաշնությունում են, կեսն՝ արտագնա աշխատանքի են, կեսն էլ Կրասնոդարի մարզում են բնակվում։

Հարս ու սկեսուր բնակվում են երկրաշարժից հետո կառուցված փայտյա ֆիննական տնակում, այդ տնակները ժամանակավոր կացության համար են: Բնակիչների մի մասը քարով վերափոխել են իրենց տնակները, իրենք երևի հնարավորություն չեն ունեցել, մնացել է փայտյա։

Իրենց տնակը գազաֆիկացված չէ, իրենք տնակում վառարան են վառել մինչև երեկ։ Հարևանն ասաց, որ տատը միշտ մրսել է: 92 տարեկան հիվանդ կին է, հարսին ասել է ՝ իրիկունները վառի, տաքանամ, հնարավոր է դրանից բռնկված լինի հրդեհը։ Էլեկտրիկի ասելով, ամբողջ համակարգը երկու ամիս առաջ թոռի հետ են փոխել, քիչ հավանական է, որ էլեկտրականությունից լինի հրդեհը։

Տատը օգնություն էր կանչում, ես լսել եմ ձայնը: Պատուհանը ճաղավանդակներով էր, մինչև հասցրեցինք կոտրել, առաստաղը փլվեց ու ձայնը կորավ։ Իսկ հարսը տեղաշորի մեջ ծխախեղդ էր եղել։ Երկուսի մարմիններն իրար հետ երևի մի փոքր պարկի չափ բան էր մնացել։ Սոսկալի տեսարան էր։ Առավոտ ժամը 6․30-ին են հարսի դին գտել: Տատի ձայնի ուղղությամբ գիտեին, թե որ մասում է, իսկ հարսինը չգիտեինք: Հրշեջները չորս մարտական հաշվարկով մինչև 6․30 տունը, կարելի է ասել, գլխի վրա դարձրեցին, մինչև գտան։ Դիակներն անճանաչելի էին, մարմիններից ոչինչ չէր մնացել։

Շատ արագ բռնկվեց տարածքը: Հարևաններից մեկի մեքենան այրվեց, կտուրներն այրվեցին։ Իրենք էլ տեղյակ չէին, ես եմ գիշերը ձայն տվել, հանել քնից, թե չէ ծուխը լցվում էր հարևանի տունը։

Ես եկա, տեսա՝ 2-3 հոգի հավաքված էին: Կողքի տան պատուհանը խփեցի, խփեցի, չբացեցին: Այնտեղ Արցախում վիրավորված ազատամարտիկ է բնակվում՝ իր ընտանիքով, ջարդեցի, որ մտնեի: Մտանք, հանել ենք երեխեքին, կնոջը: Փառք Աստծո, իրենք լավ են։

Մահացածները դիահերձարանում են, դատաբժշկական փորձաքննություն է սահմանվել: Ես հիմա կազմակերպել եմ տարածքի մաքրման աշխատանքները: Տները շատ մոտ են, հրդեհի վտանգ կա։

Գիշերը զանգել ենք հարազատներին, խոսեցի տատի տղայի հետ։ Ես խնդրում եմ պատկան մարմիններին, չնայած մարզպետարանին էլ տեղյակ ենք պահել, արտառոց դեպք է, թող օգնեն, հարազատները գան, հասնեն։ Տատը աղջիկներ ունի, հարևան գյուղերում են բնակվում, բայց տնեցիներից ոչ ոք չկա ներկա պահին։ Այս խնդրանքը ներկայացնում եմ պարետին, վարչապետին, օգնեք մեզ, թող հարազատները տեղ հասնեն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031