Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր տարբերակով կհանգուցալուծվի ՍԴ-ի հարցը. «Հրապարակ»

Մայիս 19,2020 12:47

Ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողով են դիմել, եւ քննարկվում է ՍԴ-ի հարցը որեւէ բանաձեւով Ազգային ժողովում լուծելու հարցը։

Սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի ճակատի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ի միջոցով ՍԴ «ճգնաժամը» լուծելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովին ուղղված նամակին, ասաց, որ նախեւառաջ իշխանությունը հանրաքվեն չեղարկելու հարցը լուծելու մասին պետք է մտածի, քանի որ, գործող օրենսդրությամբ, արտակարգ դրության ավարտից հետո հանրապետության նախագահը պարտավոր է եռօրյա ժամկետում վերանշանակել հանրաքվեն:

Իսկ ՍԴ կազմի փոփոխության իշխանությունը կարո՞ղ է հասնել առանց սահմանադրական հանրաքվեի՝ ԱԺ-ի միջոցով, ի՞նչ «մասնակի կամ ամբողջական» լուծումներ է պլանավորում իշխանությունը։ Մելիքյանը լուծման իր տարբերակն առաջարկեց, որի մեջ, ըստ իրեն, կա իրավական բաղադրիչ, եւ դա կարելի է քննարկել։

Խոսքը ՍԴ նախագահի եւ դատավորների պաշտոնավարումը 2018 թվականին ուժի մեջ մտած Սահմանադրության նորմերով իրականացնելու մասին է, ըստ որի՝ ՍԴ նախագահը պաշտոնավարում է ոչ ավել, քան 6 տարի, իսկ դատավորները՝ ոչ ավել, քան 12 տարի․ «Օրինակ, եթե վաղը լինի ինչ-որ ձեւաչափով լուծում, որը կվերաբերի նրան, որ, օրինակ, ՍԴ նախագահը պաշտոնավարում է սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված 6 տարի ժամկետով, դա կարելի է քննարկման առարկա համարել, դա իրավական կոմպոնենտ ունեցող առաջարկ կարող է լինել։ Խոսքն այն ժամկետի մասին է, որը սահմանված է 2015 թ․ ընդունված եւ 2018-ի ապրիլից ուժի մեջ մտած Սահմանադրությամբ։

Այս փաստարկը, որ իշխանությունները բերում են, թե գործող մոդելը չի կարող գործարկվել, խնդրեմ, թող գործարկվի այն ժամկետը, որի մասին խոսք է գնում։ Այսինքն՝ նրանք ասում են, որ ՍԴ նախագահն ընտրվել է 6 տարուց ավելի ժամկետով, ինչը եղել է օրենքին համապատասխան, բայց եթե, օրինակ, առաջարկ կատարվի, որ այդ ժամկետը կրճատվի եւ 6 տարի լինի, ինչպես նախատեսված է ուժի մեջ մտած Սահմանադրությամբ, ապա այդ առաջարկությունը կարող է քննարկման առարկա լինել։ Այլ բան ես այս պահին դժվար եմ պատկերացնում։ ՍԴ դատավորների մասով իրավիճակը ոչ միանշանակ է, օրինակ՝ կարող է լինել իրավական հետաքրքիր մոտեցում, որ բոլոր դատավորները կարող են պաշտոնավարել ոչ ավել, քան 12 տարի՝ սկսած 2018 թվականի ապրիլի 9-ից, երբ ուժի մեջ մտավ նոր Սահմանադրությունը, ուղղակի կիրառելու դեպքում այն կարող է կիրառվել 1 կամ 2 դատավորի նկատմամբ, որովհետեւ դատավորների մեծ մասի առավելագույն տարիքը լրանում է 12 տարուց ավելի քիչ ժամկետում․ դատավորներից մեկինը, օրինակ, հաջորդ տարի, մյուսինը՝ եւս մեկ տարի հետո»։ Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանությունը հենց այս տարբերակն էլ քննարկում է, որի մասին ասաց Մելիքյանը, եւ այժմ Վենետիկի հանձնաժողովից ցանկանում են «դաբրո» ստանալ՝ ՍԴ-ի հարցը այսկերպ լուծելու համար։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031