«Եթե նախկինում այս դիմակը վաճառվում էր 30 դրամով, ապա հիմա՝ 200-230 դրամով: Մարդը օրական երեք անգամ դիմակ կրելով մեկ ամսում 20 000 դրամ է ծախսելու: Այստեղ պետությունը դերակատարում չունի՞»,-ԱԺ այսօրվա նիստում արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին նման հարցադրում հղեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է կորոնավիրուսի տարածումը կանխելուն միտված օրինագիծը, որով արտակարգ դրության ժամանակ բաց տարածքներում դիմակ չունենալը կպատժվի 10 000 դրամով, իսկ փակ տարածքներում քաղաքացու դիմակ չկրելու համար տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն՝ 100-300 հազար դրամի չափով:
Վահե Դանիելյանը պատասխանեց, որ դիմակի արժեքը կապ չունի այս նախագծի հետ. «Տուգանքը՝ 100-250 000 դրամ, դարձրել ենք 10 000 դրամ: Ձեր հարցը պահանջարկի եւ առաջարկի հետ կապված հարց է: Որոշակի փուլում, կախված պահանջարկից, դրա գինը կարող է բարձրանալ կամ նվազել»:
Մելքումյանը չհամաձայնեց. «Արտակարգ իրավիճակի պայմաններում դասական շուկայական կանոնները չպետք է աշխատեն: Ո՞նց կարող է դիմակ չկրելու տուգանքը դիմակի գնի հետ կապ չունենալ: Սա դիմակահանդես չի»:
Կարդացեք նաև
Վահե Դանիելյանն արձագանքեց՝ հասկանում է, որ սահմանափակումները հաճելի չեն քաղաքացիներին, հետեւաբար՝ քաղաքացուն որոշակի նեղություն է պատճառվում դիմակ կրելու, բայց հանրային առողջությունն է պաշտպանվում. «Եթե առաջարկ ունեք պետությանն այս հարցում, ասեք, քննարկենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ