ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում պետության կարիքների համար 2019թ. ընթացքում տրանսպորտային վառելիքի ձեռքբերման գործընթացը: Ուսումնասիրության ամբողջականության ապահովման համար համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման» պայմանագրով միևնույն ընկերությունից 2019թ. ապրիլին և հոկտեմբերին նույն տարվա համար ստացել է 6620լ և 9930լ ռեգուլյար բենզինի կտրոններ:
Բնականոն աշխատանքն ու ավտոմեքենաների շահագործումն ապահովելու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի կողմից այդ կտրոնները սահմանված չափաբաժիններով հատկացրել են տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցներին։
Տեսչական մարմնում առկա հումք և նյութերի հաշվառում իրականացնելու նպատակով Մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2019թ. նոյեմբերի 28-ին արձանագրվել է 1870 լիտր բենզինի կտրոնների պակասորդ։ Դրա մասին տեղեկացվելուց հետո 2020թ. փետրվարի 17-ին նույն տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալի՝, 2019թ. օգոստոս- սեպտեմբեր ժամանակահատվածում տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացվել է նույն չափով բենզինի կտրոններ՝ «ուժի մեջ է առ 31.12.2020թ» նշագրմամբ։
Կարդացեք նաև
Մինչդեռ, պարզվել է, որ տեսչական մարմնի 2019թ. կարիքների համար ստացված բենզինի կտրոնների վրա ընդհանրապես չի եղել 2020թ. ուժի մեջ լինելու նշագրում, ինչը ողջամիտ կասկած է առաջացրել, որ 2020թ փետրվարի 17-ին ներկայացված կտրոնները նույնական չեն պակասող կտրոնների հետ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ յուրացման եղանակով 2019թ. ընթացքում խոշոր չափերի՝ շուրջ 620000 ՀՀ դրամի 1870 լիտր բենզինի հափշտակման վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ դատախազություն