Ադրբեջանի լայնածավալ ռազմական զորավարժություններին անդրադարձել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող զորավարժության անցկացումը: Մինչ այդ՝ ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ էին կրակել՝ վնասելով բնակելի տներ։
«Ելնելով նրանից, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի որոշակի փոփոխություն կա, Ադրբեջանը փորձում է որոշ դիվիդենտներ շահել: Ադրբեջանը փորձում է այդ հանգամանքից իր օգուտները քաղել: Լավրովի հայտարարությունից հետո, որը ես սադրիչ հայտարարություն եմ համարում, Ադրբեջանը գործի դրեց իր մեդիա քարոզչությունը՝ հասկանալով, որ կարող է որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական տրամադրությունների վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ միևնույն ժամանակ պետք է զգոն լինել ու, որպես ազգ, բանակցողներին պարտադրել մեր պայմանները:
«Ադրբեջանը փորձում է լարվածություն մտցնել, միևնույն ժամանակ սադրել, որ մենք պատասխան գործողություններով հանդես գանք»,-ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է վերոնշյալ զորավարժություններին, Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ իր համար դրանք սպասելի էին՝ հաշվի առնելով Ադրբեջանի ներքաղաքական ու սոցիալական իրավիճակը:
Կարդացեք նաև
«Ադրբեջանում բավականին զգայուն են դարձել սոցիալական խնդիրները, ինչը պայմանավորված է թագավարակով: Տնտեսության մեջ որոշակի բացասական էլեմենտներ կան: Սոցիալական բունտը թափ է առնում, իսկ Ադրբեջանի իշխանությունը պետք է փորձի շեղել բնակչությանը, և միակ ճանապարհը «հայրենասիրական պոռթկումներն» են, որոնք պետք է դրսևորվեն սահմանին՝ ռազմական գործողությունների տեսքով: Չորս օր տևող զորավարժությունների մասին խոսելով՝ օգտագործում են «քառօրյա» բառը, որն ասոցացվում է պատերազմի հետ: Այդպիսով ուզում են ենթագիտակցորեն ազդել իրենց բնակչության վրա՝ փորձելով շեղել հիմնական սոցիալական բունտից»,-նշեց նա:
Նա նկատեց՝ մեր հասարակությունը բավականին զգայուն է բանակցային գործընթացի նկատմամբ. «Հիմա գաղտնիության լույսի ներքո մեր իշխանությունները չեն բացահայտում, թե իրականում ինչ է տեղի ունենում: Բայց, հաշվի առնելով հայտարարությունների բառապաշարը, որոշ հայտարարությունների էլեմենտներ, տպավորություն եմ ստանում, որ, համենայն դեպս, ոչ հայանպաստ ճանապարհով չենք գնում կամ էլ չենք բանակցում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: