Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի հետ մենք զրուցել էինք արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրերին, եւ պարոն Դումանյանը 3 ամիս առաջ բավականին լավատես էր։ Այսօր, երբ Հայաստանում օրական ավելի շատ մարդ է վարակվում, քան Գերմանիայում, փորձեցինք կրկին ստանալ նախկին նախարարի կարծիքն ու գնահատականը՝ Covid-19-ի դեմ կառավարության պայքարի ու գործադրած ջանքերի մասին։
– Մասնավոր լաբորատորիաներին արգելվեց թեստ անցկացնելը։ Արդյունքում՝ էլ ավելի կավելանան հերթերը, ու հիվանդացությունն էլի կաճի։ Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՆ որոշմանը։
– Վատ եմ վերաբերվում, պետք է թույլ տալ, որ բոլորն այդ գործողություններն անեն, որովհետեւ իսկապես շատ մարդիկ կան, որոնք ցանկանում են վճարել եւ իմանալ։ Դրանից բացի, այդ վիճակագրությունը եւս ընդհանուր համակարգին կօգնի, եւ ընդամենը կարելի էր այդ ամբողջ տեղեկատվությունը հավաքել մի տեղ։ Ես լրատվամիջոցներում կարդացի բացատրությունը, որ չեն վստահում այնտեղի կատարված հետազոտություններին, բայց ես այդ կարծիքին չեմ՝ մենք շատ լավ լաբորատորիաներ ունենք, այդ թվում՝ մասնավոր համակարգում, եւ դրանք կարող էին օգնել պետական համակարգին։ Ընդամենը։
– Տրանսպորտի վերագործարկումը, որպես առողջապահության նախկին նախարար, ինչպե՞ս եք դիտարկում։
Կարդացեք նաև
– Եթե մարդիկ աշխատում են, պետք է ինչ-որ ձեւով տեղաշարժվեն՝ սա մի բացատրություն, բայց, մյուս կողմից, վարակվելու վտանգն ավելի մեծանում է։ Ուստի, հատկապես տրանսպորտի ներսում պետք է մեր սիրելի քաղաքացիները խստագույնս պահպանեն անվտանգության մեթոդները։ Ամեն դեպքում, կարելի էր տրանսպորտի հարցում եւս մեկ շաբաթ էլ համբերել։
– Բայց այս պայմաններում, երբ այնքան պարզ է, որ եթե այսօր հինգշաբթի է, վաղը լինելու է ուրբաթ, պարզ չէ՞, որ լինելու է ահավոր աճ։ Իսկ մեր առողջապահական համակարգն ի վիճակի՞ է տակից դուրս գալ շատ մեծ ալիքի դեպքում։
– Դժվար է լինելու։ Հատկապես ստացիոնար հիվանդների առումով պետք է պատրաստ լինենք շատ ավելի մեծ թվերի։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: