Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությունը հետագայում պետք է իմանա այն պաշտոնյաների անունները, որոնք վարկային պարտավորությունը պատշաճ չեն կատարել. Արտակ Մանուկյան

Մայիս 19,2020 11:16

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Բանկային գաղտնիքի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Գործող օրենքում դրույթ կա 20 մլն դրամ եւ ավելի ժամկետանց վարկեր ունեցող տնտեսվարող սուբյեկտների եւ ֆիզիկական անձանց անվանումները հրապարակելու: Հիմա առաջարկվում է դա ուժը կորցրած ճանաչել:

Դա ամրագրված էր 2004-ից գործող օրենքով: ԿԲ-ն այն ժամանակ կարծում էր, որ այդ դրույթով գործիքակազմ էր ունենում վարկային պարտավորություն չկատարած անձանց տվյալները հրապարակել, որ կարողանար զսպել ու մարդիկ այդ ցուցակում իրենց անունը տեսնելու համար փորձեին վճարել:

ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն ասաց, որ գործող օրենքը հին է, չի կիրառվում, ԿԲ նախագահի հրամաններով էին կարգավորումներ անում: Վարկային բյուրոն դրանից ավելի լավ լուծումներ է տվել: Բացի այդ, այս օրենքը թույլ տալիս է, որ ֆինանսական համակարգի համար հասանելի լինի անուն, ազգանուն ու գումարը, բայց տնտեսվարող սուբյեկտի դեպքում, եթե ընկերության համարը չկա, այդ մարդու անունը ոչ մի բան չի ասում:

Եվ հետո նախկինում 20 մլն վարկ քչերն էին վերցնում, հիմա սովորական հիփոթեքային վարկը 20 մլն-ը կարող է անցնել, ուստի այդ 20 մլն թիվն էլ կորցրել է իր իմաստը: Երիցյանն ասաց, որ բանկային գաղտնիքը, կոմերցիոն գաղտնիքը պետք է նեղացնել. «Երբ մարդը հարկային պարտավորություն չի կատարում, հանրության առաջ ստանձնած պարտավորություն չի կատարում: Սա մասնավոր կոնտրակտ է, վարկ է վերցրել բանկից»:

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ հետագայում օրենսդրությունը պետք է կատարելագործվի. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը առնվազն պաշտոնատար անձանց մասով, որոնք վարկեր կվերցնեն եւ ժամկետանց կլինի, հանրությունը դրա մասին պետք է իմանա: Հանրությունը միայն հետաքրքրված չի եկամուտների հայտարարագրմամբ: Հանրությունը հետաքրքրված է նաեւ ոչ պատշաճ վարքագծերով, որոնք հանրության համար ծախս են առաջացնում: Ակնհայտ է, որ այն սուբյեկտները, որոնք իրենց պարտավորությունը պատշաճ չեն կատարում, դա այլ հավասար պայմաններում ինչ-որ առումով թանկացնում է վարկային ռեսուրսը: Հետեւաբար հանրությունը պետք է հետագայում ստանա այդ տեղեկատվությունն առնվազն քաղաքական եւ պետական պաշտոն զբաղեցնող սուբյեկտների գծով»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031