Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«2013 թվականից էս կողմ գազի սակագինը չի վերանայվել, որովհետեւ հայտնի համաձայնագրերով անընդհատ ինչ-որ պահանջ է դրվել». «Հրապարակ»

Մայիս 19,2020 11:20

Դեռեւս մարտին «Գազպրոմ Արմենիան» հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով գազի սակագինը բարձրացնել 28 դոլարով կամ 11 տոկոսով։ Այսինքն՝ 255 դոլարի փոխարեն առաջարկում են 283 դոլար՝ 1000 խմ գազի դիմաց։ ՀԾԿՀ-ն մինչ օրս ուսումնասիրում է «Գազպրոմի» ներկայացրած փաստաթուղթը, դեռ հայտնի չէ, թե երբ հայտը կդնի քննարկման։ Նշենք, որ գազի գինը ռուսական կողմը դեռ անցած տարվա հունվարից սահմանին ավելացրել էր 15 դոլարով, սակայն «Գազպրոմ Արմենիան» իր խնայողությունների հաշվին փոխհատուցում է տարբերությունը։ Հիմա դիմել է ՀԾԿՀ՝ վերանայելու 2013 թվականից ի վեր փոփոխություն չկրած գազի սակագինը։ Իսկ այդ ընթացքում ՀՀ կառավարությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մակարդակով, ճիգեր է գործադրում՝ գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցելու։ Բայց բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը մեզ հետ զրույցում երեկ ասաց․ «Մոտ ժամանակներս կքննենք հայտը, 500 էջ հիմնավորում կա, չենք կարող միանգամից եզրակացության գալ, ուսումնասիրում են, հաշվարկներ են իրականացնում, լրացուցիչ փաստաթղթեր են ուզում։ Ըստ օրենքի՝ ուսումնասիրությունը մինչեւ 90 օր կարող է տեւել»։ Նա նաեւ նշեց, որ իրենք կգնահատեն, թե հայտի որ մասն են համարում հիմնավոր, կխոսեն կառավարության հետ՝ ըստ իրենց գերակա ուղղությունների ու բաշխումը կտան։

– Իսկ հավանականություն կա՞, որ կբարձրանա գինը, թե՞ կթողնեք նույնը կամ գուցե իջնի որոշ չափով։

– Իջնելու մասին կարող ենք խոսել, եթե սահմանին կլինի գազի գնի փոփոխության հարց, որն էս պահին կառավարությունը զուգահեռ քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ։

– Բայց ՀԾԿՀ-ն ինքն է գազի սակագինը սահմանում։ Ինչպե՞ս է ստացվում, որ սահմանին 165 դոլարով է ձեռք բերվում գազը, իսկ սպառողին հասնում է 255 դոլարով։ Դուք չե՞ք կարող ավելի ցածր սակագին սահմանել՝ խելամիտ գնի մասին է խոսքը։

– Իսկ 255 դոլարը, ի՞նչ եք կարծում՝ խելամի՞տ գին է, թե՞ խելամիտ գին չէ։ 2013 թվականից այս կողմ ՀԾԿՀ-ն գին չի սահմանել։ Բայց որ խոսում ենք սահմանի գնից եւ վերջին գնից, նախ՝ դրա մեջ կա 45 դոլար ԱԱՀ, եւ էդ 45 դոլարը որ դուրս գաք, տակը մնում է 210 դոլար։ Եվ 210-ի ու 165-ի տարբերությունն ընդամենը էդ ընկերության մարժան է լինում։ 2013 թվականից էս կողմ էդ 255 դոլար սակագինը չի վերանայվել, որովհետեւ էն հայտնի համաձայնագրերով անընդհատ ինչ-որ պահանջ է դրվել, օրինակ՝ վերջնական գները մնում են նույնը, օրինակ՝ սահմանի գինը 189-ից իջել է 165, բայց տարբերությունը մնում է «Գազպրոմին»։ Այսինքն՝ օրենքի ուժով ՀԾԿՀ-ի հիմնական իրավասությունները, կարելի է ասել, սահմանափակվել են։

– Լավ, ե՞րբ սպասենք նորության։

– Չեմ կարող դեռ հստակ ամսաթվեր ասել, ենթադրում եմ՝ առաջիկա մի 10 օրվա մեջ արդեն որոշակիություն կլինի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031