Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդյոք ԱՄՆ-ն խանգարելու է պատժվածներ Իրանի և Վենեսուելայի նավթային գործարքը

Մայիս 19,2020 10:37

Իրանական վառելիք փոխադրող նավթատար հինգ հսկաներ (Clavel, Faxon, Forest, Petunia և Fortune) ԱՄՆ-ի չխանգարելու դեպքում, տաս օրից կավարտեն իրենց երկամսյա երթը և Վենեսուելային խիստ անհրաժեշտ բենզինի և սոլյարկայի մեծ խմբաքանակը բարեհաջող տեղ կհասցնեն: Իրանն ու Վենեսուելան երկուսն էլ ամերիկյան պատժամիջոցների ցանցում են, կքում են տնտեսական տագնապի ծանր բեռան տակ և սպառվում է նրանց արտարժույթի պաշարը: Նավթաշատ Վենեսուելան ամերիկյան պատժամիջոցների պատճառով դժվարանում է աշխատեցնել նավթի իր զտարանները: Նա աշխարհի մյուս ծայրում գտնվող իր բախտակից Իրանից բենզին և սոլյարկա է խնդրել: Փորձագետների կարծիքով, Իրանն այս գործարքի ու նաև տրամադրած նավթամշակման տեխնիկայի դիմաց, բարեկամ Վենեսուելայից ձույլ ոսկի է ստացել: Այս գործարքը սպեղանի կլինի երկու երկրների բազում վերքերը մասամբ բուժելու համար:

Իրանն ու Վենեսուելան միջազգային օրենքներով ազատ են միմյանց հետ առևտրա-տնտեսական գործարքներ կատարել և ամերիկյան պատժամիջոցները չեն կարող նրանց խանգարել: Իրանը նկատելով ամերիկյան նավատորմի Կարիբյան ծովի շարժը և հաշվի առնելով Ջիբրալթարի անցյալ տարվա դեպքը (իրանական նավթատարի կալանքը) իր նավերի անվտանգ երթն ապահովելու համար գրավոր դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին: Թեհրանում Արտաքին գործերի նախարարություն է կանչվել նաև ԱՄՆ շահերի պաշտպան Շվեյցարիայի դեսպանության ներկայացուցիչը և զգուշացվել է դեպի Վենեսուելա ընթացող իրանական նավթատարների երթի հավանական խանգարման անցանկալի հետևանքների մասին: Անցյալ տարի, երբ Ջիբրալթարում, բրիտանական նավատորմը Եվրոմիության պատժամիջոցների պատճառով կալանեց դեպի Սիրիա ընթացող իրանական նավթատարը, իրանցիները ևս Պարսից Ծոցում կալանեցին բրիտանական նավ. ամիսներ հետո վտանգավոր խաղն ավարտվեց ոչ ոքի արդյունքով և իրանական նավթն հասավ Սիրիա:

Արդյոք այս անգամ էլ նույն սցենարը կկրկնվի, դժվար է ասել: Այս անգամ Իրանի դիմաց ինքն Ամերիկան է և ոչ թե դաշնակից պետություն. ԱՄՆ-ի համար ևս շատ դժվար կլինի Իրան-Վենեսուելա առևտրային օրինական գործարքը խանգարել: Դա պահանջելու է միջազգային պարարտ հող, որի ապահովումն այս օրերին Սպիտակ Տան համար դժվար կլինի:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031