Լրահոս
Օրվա լրահոսը

Բութի ու սրիկայի արանքում

Մայիս 19,2020 09:00

Վերջերս խորհրդարանական ամբիոնից ժողովրդի ընտրյալ Բաբկեն Թունյանը անդրադարձավ նրանց, ովքեր կարծում են, թե վարչապետը, խոսելով այն մարդկանց մասին, որոնք նպաստներ են ստացել եւ ունեն բազմամիլիոնանոց ավանդներ բանկերում, խախտել է բանկային գաղտնիքը: Ըստ պատգամավորի, նրանք, ովքեր այդպես են կարծում, կա՛մ բութ են, կա՛մ սրիկա: Նրանք, ովքեր համարձակվել են այդպես մտածել, կանգնել են տխուր ընտրության առջեւ: Դժվար է ասել, թե որ բնորոշումն է առավել վիրավորական, բայց միանշանակ կարելի է պնդել, որ Բաբկեն Թունյանը դիտմամբ վիրավորել է նրանց, ովքեր իրենից տարբերվող տեսակետ ունեն:

Փոքր-ինչ բարդ է նկարագրել այն, թե ինչ տեղի ունեցավ այդ հայտարարությունից հետո. դա ավելի շուտ մարզական մեկնաբանների մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում է: Բայց ինձ հետաքրքիր է ոչ թե բուն կռիվը, այլ հենց այդ հայտարարությունը: Որովհետեւ այն արձանագրում է այլախոհների հետ շփվելու կարեւոր եւ, իմ խորին համոզմամբ, անդառնալի ձեւ՝ վիրավորելը, պարտադրելը բոլոր նրանց, ում տեսակետը չի համընկնում իշխանականի հետ, իրենց փնտրել սրիկայի եւ բութի արանքում:

Ձեռնամարտից հետո ելույթ ունեցած վարչապետը միայն հաստատեց իմ մտավախությունները: Պարզվեց, որ նրան անհանգստացնում է միայն կռիվը, որը նա կիսադատապարտելով, կիսաարդարացրեց՝ սովորության համաձայն շեղվելով դեպի սադրիչների անվերապահ դատափետումը: Բաբկեն Թունյանի հայտարարության մասին ոչինչ չասվեց, իսկ դա նշանակում է, որ այս հարցում վարչապետը պատգամավորի հետ հակասություններ չունի: Ոչ մի:

Եթե ականջալուր լինենք իշխանական բառապաշարին, հեշտությամբ կհայտնաբերենք, թե ինչպես վիրավորանքները դուրս մղեցին բանավեճերը քաղաքականության գործնականում բոլոր ոլորտներից: Սահմանադրական դատարանում՝ վերջին որջում, նստած են «շնաբարո դուրսպրծուկները», ծախված լրատվամիջոցներն իշխանության դեմ հիբրիդային պատերազմ են մղում, կորոնավիրուսը տարօրինակ ձեւով դարձավ չուզողներ ընդդիմադիրների գործընկերը, լրտեսը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը ու հիմա «հիբրիդայնորեն պատերազմում է», կոռուպցիոներներին պետք է պատերով տալ, իսկ օլիգարխների թիկնազորին՝ փռել ասֆալտին:

Եվ եթե որեւէ մեկին թվում է, որ այդ ամենը տեղի է ունենում պատահաբար, կամ անգիտությունից, ապա՝ ոչ: Դա այդպես չէ: Թավշյա, ոչ բռնի հեղափոխության սկզբից քննարկվում էր այն բառապաշարը, որով վարչապետը, պատգամավորները եւ այլ նախարարներ շփվում էին ընդդիմախոսների հետ: Մենք արդեն սովոր ենք անմեղության կանխավարկածի համատարած ոտնահարմանը, ընդդիմախոսների հասցեին վիրավորանքներին, Ֆեյսբուքում սեռական հայհոյանքների, սպառնալիքների եւ ատելության խոսքի մշտական հոսքին, որը սերում է ամենատարբեր քաղաքական ուղղվածության ֆեյքերից եւ իրական օգտատերերից:

Դուք, իմ ուշադիր ընթերցող, կարող եք ինձ հարցնել՝ «իսկ ինչու ես դու այս հարցերը հասցեագրում իշխանությանը, դրանք պետք է հասցեագրել հասարակությանը, որը հաճույքով սպառում է այդ տոքսիկ բովանդակությունը»: Եվ ես սրտի կսկիծով պետք է համաձայնեմ այդ դրույթի հետ: Սակայն կա որոշակի տարբերություն ամբողջ հասարակության եւ իշխանավորների միջեւ: Պատգամավորները, նախարարները եւ, չեմ վախենա ասելուց՝ վարչապետն, ապրում են իմ եւ ձեր հաշվին: Նրանք այլախոհներին «սրիկա» են անվանում, հայհոյում են եւ ձեռնամարտի մեջ են մտնում հենց այն աշխատանքային ժամերին, որի համար մենք ենք վճարել մեր հարկերով:

Եվ եթե հետեւենք հին ասույթին, դա հենց այն կառավարությունն է, որին մենք արժանի ենք: Եվ դա թախիծ է առաջացնում:

Ս. Յ.

«Առավոտ» օրաթերթ

19.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031