Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 4 միլիոն 860 հազարը, վիրուսի հետևանքով մահացել է 318 հազար 687 մարդ:
Չնայած կորոնավիրուսի հաստատված դեպքերը շարունակում են ավելանալ՝ եվրոպական մի շարք երկրներ թուլացնում են կարանտինի ռեժիմը: Իտալիայում մայիսի 18-ից բացվում են սրճարանները, գեղեցկության սրահները, այցելուները և աշխատակիցները պետք է դիմակներ կրեն և սոցիալական հեռավորություն պահպանեն: Իտալիան համավարակի հետևանքով ամենատուժած երկրներից է, այստեղ մահացել է 32 հազար մարդ: Կանխատեսումների համաձայն՝ երկրի ՀՆԱ-ն կնվազի շուրջ 10 տոկոսով՝ ընթացիկ տարվա արդյունքներով: Ինչպես եվրոպական մի շարք երկրներ, Իտալիան համավարակի պիկը հաղթահարել է կարանտինի միջոցառումների շնորհիվ:
Իսպանիան ևս թուլացնում է կարանտինը որոշ շրջաններում: Երկիրը բաժանված է գոտիների, կարանտինը չեղարկվում է փուլային տարբերակով և տարբեր արագությամբ: Օրինակ՝ Բարսելոնում, Մադրիդում, գրեթե բոլոր սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ: Ակնկալվում է նաև, որ Իսպանիայի իշխանությունները կհաստատեն կորոնավիրուսի հետևանքով տուժած ընտանիքներին ֆինանսական օգնություն հատկացնելու ծրագիրը: Նախնական փուլում նախատեսվում է ներգրավել առնվազն շուրջ 100 հազար ընտանիք: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր չափահաս ամսական կստանա նվազագույնը 462 եվրո:
Բելգիայում, որտեղ շարունակվում է պահպանվել կորոնավիրուսի հետևանքով մահացության համեմատաբար բարձր ցուցանիշ, բացում են տարրական և միջնակարգ դպրոցները: Հունաստանում բացում են Ակրոպոլը և տարրական դպրոցները:
Կարդացեք նաև
Կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակում է ավելանալ նաև Ռուսաստանում, որտեղ հաստատվել է ավելի քան 290 հազար դեպք:
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ