Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյան. Հոգեկան առողջության վերաբերյալ հայ հասարակության պատկերացումները մնացել են խորը ԽՍՀՄ ժամանակներում

Մայիս 18,2020 20:25

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում «ինչո՞ւ է ամոթ հոգեբանին դիմելը» թեմայով ուղիղ միացմամբ եթեր էր մտել։ Այսպիսով՝ նա շարունակում էր իր առաջին ուղիղ միացման թեման, որտեղ անդրադարձել էր Երևանում իր երկու երեխաների հետ ինքնասպան եղած տղամարդու դեպքին և այդ դեպքի վերաբերյալ հասարակական արձագանքին:

Նա նշեց, որ նախորդ տեսանյութից հետո համապարփակ հետազոտություն են անցկացրել. «Արդյունքներով կարող եմ վստահեցնել, որ իսկապես համընդհանուր համաձայնություն կար, որ նշված բոլոր ուղղություններով մենք՝ որպես հասարակություն, խոսելու, քննարկելու, իրար լսելու, իրար հասկանալու և լուծումներ առաջ բերելու խնդիր ունենք։ Ընդ որում, արդեն քննարկումներ ծավալվեցին անմիջապես դրանից հետո, և կրկին քննարկումների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ համար առաջին խնդիրը մեր հասարակությունում հոգեբանին այցելելու, հոգեբանին դիմելու տաբուն է։ Մի քիչ ավելի պակաս, բայց նույնքան կարևոր էր կնոջ և տղամարդու նկատմամբ տարբեր վերաբերմունքը»։

Աննա Հակոբյանը նկատեց, որ մարդու հոգեկան առողջության վերաբերյալ հայ հասարակության պատկերացումները մնացել են խորը Խորհրդային Միության ժամանակներում. «Մեր պատկերացմամբ՝ մարդը լինում է կամ նորմալ կամ հոգեկան հիվանդ։ Նորմալ է այն մարդը, որը հոդաբաշխ մտքեր է արտահայտում, ժամանակին ժպտում է, բարևում է հարևանին, որպիսությամբ է հետաքրքրվում, տարօրինակ ոչ մի բան չի անում։ Այն մարդը, որը հարևանին տեսնելիս բարևելու փոխարեն հարձակվում է նրա վրա և հարվածում, կամ սկսում է իր մազերը պոկել կամ դեմքը ճանկռել կամ այլ անկանոն շարժումներ է անում, համարվում է հոգեկան հիվանդ։ Այս երկու տարբերակումից բացի, ես կարծում եմ՝ մենք՝ որպես հասարակություն չունենք որևէ պատկերացում այդ խնդրի վերաբերյալ, հոգեկան առողջության վերաբերյալ։ Եվ հենց դա է պատճառը, որ այն 40-ամյա երիտասարդ տղամարդը, որը նման արարք էր գործել, բոլորի բնորոշմամբ նորմալ մարդ էր։ Այսինքն՝ նրա բոլոր հարևանները, բարեկամները, որ շփվել էր, բոլորն ասում էին, որ ինքը շատ նորմալ էր, բոլորը զարմացած էին, որովհետև դեմքը չէր ճանկռում, մազերը չէր պոկում, չէր գոռգոռում, տարօրինակ վարք չէր դրսևորվում, որևէ մեկի վրա չէր հարձակվում, նույնիսկ ժպտում էր, նույնիսկ բարևում էր»։

Նրա խոսքերով՝ նոր կյանքի տեմպը իր հետ բերել է հիվանդության նոր տեսակներ, որոնք մենք չենք ճանաչում, և դրանք հիմնականում կապված են հոգեկան առողջության հետ։ Աննա Հակոբյանը բերեց իր անձնական օրինակը. «Երբ որ իմ ամուսինը 2008 թվականից հետո հայտնվեց ընդհատակում, որից հետո բանտում, երբ որ ես ծանրաբեռնվեցի, ունեցա տեղեկատվություն, որի հետ դժվար էի համակերպվում, մասնավորապես՝ նրա ընդհատակում գտնվելը, բանտում գտնվելը, զուգահեռաբար՝ ընտանիքը, երեխաները, աշխատանքը, և այլն։ Ժամանակի ընթացքում եկավ մի իրավիճակ, որ ես հասկացա, որ չեմ կարողանում հաղթահարել ինչ-որ անձնական վիճակ։ Իմ դեպքում՝ դա արտահայտվում էր սուր տագնապի զգացողությամբ։ Տագնապի զգացողությունը, կարծում եմ, բոլորի համար նորմալ է, բոլորն ունեն վախեր, բայց մարդիկ կարողանում են նաև հաղթահարել իրենց վախերը։ Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ չեմ կարողանում կառավարել այդ տագնապի զգացողությունը, և դա ազդում է իմ կյանքի բնականոն հունի վրա»։

Աննա Հակոբյանը հավելեց, որ ծանոթ չէր, թե դա ինչ էր, երբեք չէր պատահել իր ընտանիքում, և միայն որոնողական համակարգերի միջոցով կարողացավ պարզել, թե ինչ է կատարվում իր հետ։ Դրանից հետո դիմել է իր բարեկամներին, գործընկերներին, բայց միշտ ստացել է պատասխան՝ «դու քեզ ներշնչում ես, տրամադրվի, կանցնի». «Ես էլ ունեի պատասխան, ասում էի՝ եթե մարդը թոքաբորբով հիվանդ է լինում, չես ասում՝ ներշնչի, կանցնի։ Ու նույնիսկ երազում էի, որ այդ ժամանակ թոքաբորբով հիվանդ լինեմ և ոչ թե որևէ ինձ համար անծանոթ իրավիճակում։ Ի վերջո մարդիկ հասկացան, դիմեցի հոգեբանի, հոգեբանի հետ զրուցեցի՝ ակնկալելով լուծում իմ խնդիրներին»։

Բայց խնդիրն իր մոտ կամաց-կամաց վերացավ, երբ որ ամուսինը վերադարձավ. «Այս օրինակը հենց դրա համար էի ուզում բերել, որ դուք ձեր կողքը նայեք, մենք՝ որպես հասարակություն, մեր կողքը նայենք։ Եվ եթե մարդը օգնության կարիք ունի, և մեզ համար դա ճանաչելի չի, փորձենք հասկանալ, ճանաչել»։

https://www.facebook.com/wifeofarmenianPM/videos/532550567418932

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031