Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզակումբները հայտարարել են՝ չեն աշխատելու. Պարետից պահանջում են վերանայել ցուցումները

Մայիս 18,2020 19:30

Պարետի թույլտվությամբ մայիսի 18-ից, այսինքն՝ այսօրվանից նաեւ մարզասրահները պետք է վերսկսեին իրենց աշխատանքը: Սակայն հայտնի մարզական ակումբները մեկը մյուսի հետեւից, բացառությամբ, մեկ-երկուսի, հայտարարություն տարածեցին, որ չեն բացվելու, քանի որ պարետի կողմից սահմանված պայմաններով հնարավոր չէ ապահովել հաճախորդների հարմարավետ մարզումները:

Aravot.am-ի հետ զրույցում մի քանի խոշոր մարզակումբներից նշեցին, որ չեն աշխատում եւ չեն կարող ասել՝ երբվանից կբացվեն:

Կենտրոնում գործող միայն մի մարզասրահից հայտնեցին, որ այսօրվանից աշխատում են եւ, քանի որ շատ քիչ թվով հաճախորդներ ունեն, թույլ են տալիս հանդերձարանից, ցնցուղից օգտվել, քանի որ յուրաքանչյուր հաճախորդից հետո տարածքն ախտահանում են: Սակայն, ինչպես մեր զրուցակիցն ասաց, եթե իրենց մարզասրահում էլ այցելուների հոսքը սկսվի, պարետի ցուցումները կատարելը դժվար կլինի, իսկ հաճախորդներին էլ՝ անհարմարություն կպատճառի:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին հրապարակվեցին այն ցուցումները, որոնց հետեւելով պետք է աշխատեն մի շարք տնտեսվարող օբյեկտներ, այդ թվում նաեւ մարզակումբները: Պարետատան պահանջները միտված են COVID-19-ով վարակվելու եւ վարակը տարածելու ռիսկերը նվազեցնելուն: Սակայն, թե՛ հաճախորդները թե՛ մարզասրահների պատասխանատուները նպատակահարմար չեն գտնում նման պայմաններում աշխատել ու մարզումների հաճախել: Մարզակումբների պատասխանատուները, եթե անգամ փորձեն էլ խստորեն պահպանել պարետի ցուցումները, ապա, հաճախորդները  մի շարք անհարմարությունների միջով են անցնելու: Իսկ որոշակի մարզաձեւերի հաճախորդներ, ընդհանրապես, չեն պատկերացնում պարետի որոշ կարգադրություններ ինչպե՞ս են ի կատար ածելու:

Aravot.am-ն իր նախորդ հրապարակմամբ քաղաքացիների մտահոգությունները ներկայացրել է: Մարզասրահների մի շարք հաճախորդների, հատկապես՝ անհանգստացնում է մարզումների արդեն հագնված ներկայանալու, հանդերձարանից ու ցնցուղից չօգտվելու պարետի որոշումը: Եթե որոշ մարզումների պարագայում այդ ցուցումներին ինչ-ինչ անհարմարությունների գնով հնարավոր է հետեւել, ապա, լողավազանի հաճախորդների համար դա, միանգամայն, անհնար պահանջ է եւ հանդերձարանից օգտվելն ուղղակի անհրաժեշտություն է: Ուստի այս պայմաններով մարզասրահներն էլ գերադասում են ծառայությունը չմատուցել, քան իրենց հաճախորդներին անհարմար վիճակի մեջ գցել:

Խոշոր մարզասրահները աշխատում են տարեկան փաթեթով այլ ոչ թե՝ ամսեկան աբոնեմենտով, ուստի, հաճախորդները, եթե նույնիսկ, հրաժարվեն էլ մարզումների այցելել, միեւնույն է մարզակումբի աշխատելու դեպքում, նրանց փաթեթը կսպառվի, քանի որ ամբողջ տարվա համար արդեն իսկ վճարել են:

Aravot.am-ի հետ զրույցում մարզակումբների պատասխանատուները նշեցին, որ պայմանները վերանայելու խնդրանքով նամակով դիմել են պարետ Տիգրան Ավինյանին:

Ի՞նչ է պատրաստվում անել պարետատունը, արդյոք մարզակումբների համար կվերանայվե՞ն արդեն իսկ հրապարակված ցուցումները մեր հարցերին ի պատասխան, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը՝ Վահան Հունանյանը նախ հաստատեց, որ մարզակումբներից նման նամակ ստացել են, ապա հայտնեց, որ դիմումը քննարկման փուլում է, եւ որեւէ որոշման դեպքում լրացուցիչ կտեղեկացնեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031