Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները կարող են այնպիսի լուծումներ առաջարկել, որոնք կօգնեն վերադարձնել աշխարհը ճիշտ ուղու վրա. մեկնարկում է «Սերունդ առանց սահմանների» մրցույթը 

Մայիս 18,2020 18:09

Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է «Սերունդ առանց սահմանների» (GenU) մրցույթը, որին նաև միացել են Դիլիջանի միջազգային դպրոցն (UWC Dilijan) ու «Այբ» կրթական հիմնադրամը: Առցանց ձևաչափով ընթացող մրցույթին մասնակցում են 12 թիմ՝ 50 երիտասարդ Շիրակից, Վայոց ձորից, Կոտայքից, Տավուշից, Գեղարքունիքից և Երևանից։

GenU-ն համաշխարհային համագործակցություն է, որի նպատակը 10-ից 24 տարեկան երեխաների և երիտասարդների համար կրթության, վերապատրաստման և զբաղվածության՝ ընդլայնված հնարավորություններ ստեղծելն է։ Մրցույթը նպաստում է պետությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցության ստեղծմանը, երիտասարդների ներգրավմանը համայնքային խնդիրների լուծման և նորարարության խթանման ուղղությամբ, ներդրման հնարավորությունների և նորարար ծրագրերի առավել լայնածավալ համահեղինակմանը։ Այն նաև կոչված է աջակցելու և խրախուսելու երիտասարդներին կյանքում առավել հանրօգուտ
գործունեություն ծավալել:

«Մենք նախատեսում ենք երիտասարդների հետ նախագծեր մշակել և ստեղծագործել: Երիտասարդներն ուրույն աշխարհայացք ունեն և կարող են այնպիսի լուծումներ առաջարկել, որոնք կօգնեն վերադարձնել աշխարհը ճիշտ ուղու վրա։ Պարզապես մենք պետք է համագործակցության և ստեղծարար մտածելու հնարավորություն ընձեռենք նրանց»,- իր խոսքում նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։

Առցանց խմբային վարժանքի 50 մասնակիցներն ընտրվել են այն 60 թիմերից, որոնք փետրվարի կեսին դիմել էին սոցիալական ձեռնարկատիրության և համայնքային նախագծերի իրենց նախնական գաղափարներով։ Գաղափարները շատ են՝ սկսած խելացի գյուղատնտեսությունից մինչև հանրօգուտ նորարարական կամավորություն, ստեղծարար արդյունաբերությունից մինչև արվեստ, նորաձևություն, վիդեոարտադրություն և շատ ավելին։ Մայիսի 18-ից 24-ը կայանալիք առցանց վարժանքի շրջանակում երիտասարդները կմասնակցեն առցանց հանդիպումների՝ սոցիալական ձեռնարկատիրության, ձեռներեցության և ստարտափների հմուտ
մասնագետների մենթորությամբ, ովքեր կօգնեն նրանց գաղափարները նախագծերի վերածելու գործընթացում:

«GenU-ի միջոցով հույս ունենք ոգեշնչելու հայ երիտասարդներին նոր գաղափարներ ստեղծել, դրանք կյանքի կոչել և նպաստել իրենց համայնքներում նոր հնարավորությունների, ձեռներեցության նախաձեռնությունների և աշխատատեղերի ստեղծմանը»,- նշեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը։

Մայիսի 24-ին մասնակից թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը ժյուրիի դատին։ Հինգ լավագույն թիմերը կստանան 1000-ական ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ 2020թ.-ի երկրորդ կեսին իրենց ծրագրերն իրականացնելու համար: Մրցույթի երկրորդ փուլում առավել հեռանկարային երկու լուծումները կներկայացվեն համաշխարհային մրցույթին, որը տեղի կունենա ԱՄՆ-ում: Հայաստանի մասնակիցները կմրցեն այլ երկրների թիմերի հետ՝ մինչև 20 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ ստանալու և գաղափարների ինկուբատոր ծրագրին մասնակցելու հնարավորության համար։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031