Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց, որ անկախ կորոնավիրուսի ստեղծած մտահոգիչ, տհաճ իրավիճակից՝ Գյումրիում փողոցաշինությունը նույն տեմպով շարունակվելու է։ Կորոնավիրուսը ո՛չ ժամանակացույցի, ո՛չ էլ ընթացակարգի վրա է ազդել․ նախագծա-նախահաշվարկային աշխատանքները սկսվել են դեռ անցած տարի, իսկ շինարարի մրցույթը չորս օր առաջ արդեն հայտարարվել է։
Քաղաքապետը թվարկեց, թե ինչ կարևոր ուղղություններ են ընդգրկել։
«Տեսեք, նույն ծրագրերը շարունակվում են, և եթե շինարարի մրցույթները կայանան, մենք կունենանք երեք կարևորագույն ուղղություններ, որը հնարավորություն կտա ևս 20 կիլոմետր կառուցել, վերականգնել Գյումրու փողոցներից։ Մագիստրալ փողոցներից հիմնականում Օզանյան փողոցն է, որը ՎԶԲ-ով է կառուցվում, Ղարսի խճուղով գնում, միանում է Տեր-Գաբրիելյան փողոցին, և միանում են Ղարիբջանյան խճուղուն։ Սա շատ կարևոր է ուղղություն է, որովհետև մենք շրջանցող ճանապարհ ունեցանք, այդ ճանապարհով կգա և Տեր-Գաբրիելյան փողոցով կմիանա Ղարիբջանյան խճուղուն։ Իհարկե, եթե կարողանան վերականգնել Անիի հատվածը, այն կարծես ծրագրի մեջ մտել է, և ինչպես ժողովուրդն է ասում՝ ներքևի՝ Երևանի ճանապարհով ծանր մեքենաները կկարողանան շրջանցումով գնալ դեպի մայրաքաղաք։ Բնականաբար, սա կլինի շատ կարևոր մի քայլ, որով մենք Բավրայից եկող ծանր տրանսպորտը կկարողանանք Գյումրիից դուրս հանել այդ ճանապարհներով։
ՎԶԲ-ով, իհարկե, պատմական միջուկում ենք շատ մեծ աշխատանք կատարում, որը մտնում է «Կումայրի արգելոց- թանգարան»-ի տարածքում․ Տերյան փողոցից մինչև Գորկի փողոց և Մուսայելյան փողոցից մինչև Հաղթանակ։ Այդ հատվածը լրիվ կառուցապատում ենք։ Արդեն առաջինի մրցույթների արդյունքները պարզ են, շինարարը պարզ է, և շինաշխատանքները երևի թե մինչև մայիսի վերջ կամ հունիսի կեսերը կսկսվեն։
Կարդացեք նաև
Մայիսի 14-ից բացվել է երկրորդ մրցույթը՝ երկրորդ լոտի, որի մեջ մտնում են թվարկածս բոլոր փողոցները։
Մենք նաև երրորդ լոտ ունենք, որը փաստորեն ընդգրկում է կարևորագույն փողոցներ․ դա Բուլվարային փողոցն է, որը միացնելու է Գործարանային փողոցին, կայարանամերձ հրապարակն է, սրանով խնդիր է լուծվելու, որպեսզի Տիգրան Մեծ փողոցն ամբողջանա, և կայարանը գեղեցկանա, գիտեք, որ շատ տուրիստներ ենք ընդունելու։ Նաև ունենք Շարա Տալյան փողոց, որը միացնելու է Նժդեհի փողոցը Թբիլիսյան խճուղու հետ։ Այս երեք կարևորագույն ծրագրերը մենք իրականացնելու ենք ՎԶԲ-ով։
Երկրորդ ծրագիրն իրականացնելու ենք համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, կենտրոնական հրապարակն ենք վերակառուցում, Ջիվանու հրապարակը, եկեղեցու հետնամասը, եկեղեցու լուսավորության հարցն ենք լուծում և Աճեմյան փողոցից մինչև Աբովյան փողոց ընկած բոլոր փողոցները (քաղաքապետի թվարկածը Գյումրու կենտրոնական հատվածում է, Ա․Ն․):
Լուսավորություն, փողոցաշինություն արդեն այս ծրագրի մեջ են ներառված, երկուս ու կես միլիարդ արդեն պետք է հատկացվի, շուտով հանձնաժողովի նիստը կլինի։ Այդ նիստից հետո արդեն պարզ կլինի համաշխարհային բանկի ծրագիրը, որն իրականացվելու է տարածքային զարգացման, ենթակառույցների հիմնադրամի միջոցով»։
Քաղաքապետը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ սուբվենցիոն փողոցաշինական ծրագրերը, որոնք պետության հետ համատեղ իրականացնում է համայնքը, ևս չեն դադարեցվել։
«Դրանք մոտ մեկ միլիարդի չափով են, ավելի հստակ 890 միլիոն է, բայց մի փողոց էլ ավելացրել ենք՝ Կոմիտաս փողոցի շարունակությունն է՝ մինչև օդանավակայան։ Գումարը կլինի մոտ մեկ միլիարդ, որից 500 միլիոնը մենք ենք տալիս, այսինքն՝ համայնքը, իսկ 500 միլիոնը պետության սուբվենցիան է։ Սա իր մեջ ընդգրկում է 18 փողոցներ, նախագծերի մրցույթները կայացել են, շինարարի համար մենք արդեն մրցույթ ենք հայտարարել, տեսնենք, թե ինչ շինարարական կազմակերպություններ կհաղթեն, որպեսզի կարողանանք գոնե այս տարվա մեջ՝ հունիս, հուլիս ամիսներինս սկսենք շինարարական աշխատանքները։
Սա երրորդ ծրագիրն է և, իհարկե, կան նաև քաղաքային ծրագրեր, որոնք ընթանում են, փոսանորոգումներ են, մենք 109 միլիոն ենք տրամադրել։ Կոսմետիկ աշխատանքներ են սկսվել, այն փողոցները, որտեղ ասֆալտապատում չպետք է լինի, փորձում ենք շիբինապատել, խճապատում ենք։ Նոր գրեյդեր բերեցինք, որով շատ ազատ աշխատում ենք, մանավանդ Անի թաղամասում, որտեղ մենք փողոցաշինական աշխատանքներ չենք կարող կատարել, քանի որ ջրամատակարարման խնդիր ունենք։ Խոստացել են, որ այս տարվա ընթացքում ջրամատակարարման հարցերը կլուծեն, և հաջորդ տարի նույն ՎԶԲ ծրագրով կվերականգնենք նաև Անի թաղամասի փողոցները, արդեն իսկ այդ փողոցները մտած են ծրագրի մեջ ամբողջությամբ։ Խոսքը Պարույր Սևակի անվան գլխավոր փողոցին զուգահեռ փողոցների մասին է ՝ 11, 12, 13, 15, այսինքն` 1-ից սկսած մինչև 15 փողոց մտած են ծրագրի մեջ, դա արդեն հաջորդ տարվա ՎԶԲ-ի ծրագրով կլինի։ ՎԶԲ-ով մոտ 5 միլիոն եվրոյի փողոցաշինություն կծավալվի»,-ասաց Սամվել Բալասանյանը։
Ըստ քաղաքապետի` փողոցաշինությունն, ամենայն հավնականությամբ, կշարունակվի նաև հաջորդ տարի, կտնտեսեն գումար։ Սամվել Բալասանյանի խոսքով` այժմ սկսել են ընտրել փողոցները, ցանկություն կա քաղաքի կենտրոնական հատվածի փողոցները միացնել իրար՝ մագիստրալ փողոց ստեղծել՝ վերանորոգելով Թբիլիսյան խճուղի, Տիգրան Մեծ, Ալեք Մանուկյան, Գարեգին Նժդեհի փողոցները, Շիրակացու անցան փողոցի մի հատվածը։
«Մենք փորձում ենք այս ամենը կապել իրար, քաղաքի պատմական միջուկն ավելի մեծացնել, որը կայարանը կկապի կենտրոնի հետ, Մայր Հայաստանը՝ Սև ամրոցով կկապի հրապարակի հետ, Գորկի այգին կկապի։ Ափսոս, որ նման իրավիճակ եղավ, բայց ինձ թվում է՝ ներքին տուրիզմը կլինի անպայման, մարդը տեղ չի ունենա գնալու, կգա Գյումրի։ Գյումրին օր օրի գեղեցկանում է։ Իհարկե, Հյուսիս-Հարավ ճանապարհը խանգարում է, որ մարդիկ Գյումրի գան, եթե այս տարի չինացիները գոնե մինչև Թալինի հատվածը վերականգնեն, բնականաբար, մենք ավելի շատ տուրիստների կսպասենք։ Դժվարանցանելի է այսօր Գյումրի-Երևան ճանապարհը, եթե կառուցապատեն, վերջացնեն, ընդամենը մեկ ժամվա ընթացքում Երևանից մարդը կարող է Գյումրի հասնել, իսկ դա շատ մեծ տուրիստական հոսք կբերի Գյումրի»։
Քաղաքապետն ասաց, որ առաջարկել են Գյումրու կենտրոնական հրապարակը մանրաքարերով կառուցապատել, բանակցությունների փուլում են, սակայն հնարավոր է միայն անցումները լինեն մանրաքարերով, ճիշտ այնպես, ինչպես Շիրազի անվան պատմական փողոցում է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի