Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխությամբ պայմանավորված քաղաքական իրադարձությունները զգալիորեն բարձրացրել են ոստիկանության և այլ ուժային կառույցների հանդեպ հասարակության դրական վերաբերմունքը. ՀՔԱՎ գրասենյակ

Մայիս 18,2020 17:34

ՀՔԱՎ գրասենյակն ամփոփել է  ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը՝ Թավշյա հեղափոխությունից առաջ  և հետո

Զեկույցը պատրաստվել է ՀՔԱՎ գրասենյակի կողմից իրականացվող «Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում` Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական օժանդակությամբ և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ:

Հետազոտության նպատակն է ներկայացնել 2019թ. մայիսին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում ՀՔԱՎ գրասենյակի իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներն ու պարզելու ՀՀ իրավապահ մարմինների՝ ոստիկանության, դատարանների, դատախազության կամայականության, ինչպես նաև ոստիկանության վստահության համաթիվը, ՀՀ բնակչության կողմից իրավապահ մարմինների նկատմամբ վստահության, նրանց կողմից քաղաքացիների հանդեպ ապօրինությունների և կամայականությունների դրսևորման, ոստիկանության հետ ՀՀ բնակչության համագործակցության պատրաստակամության, մակարդակը,  իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմադիրների  դեմ իրավապահ մարմինների օգտագործման հաճախականությունը,  քաղաքացիների անհանգստության համաթիվն, ինչպես նաև իրավապահ մարմինների կամայականություններից բնակչության պաշտպանվածության մակարդակը՝ հաշվի առնելով բնակչության կրթական, սոցիալ-տնտեսական, սեռային պատկանելությունից ու ստացվող տեղեկությունների հիմնական աղբյուրներից, նաև  վերհանել ոստիկանության  ու իրավապաշտպան կառույցների աշխատանքի գնահատականները:

Հետազոտություններն անցկացվել են 2015-2016թթ. օգոստոս և 2017թ.-ի և 2019թ.-ի մայիս ամիսներին՝ Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում բնակվող 18 տարեկան և ավելի բարձր տարիքի 1200 բնակչի շրջանում:

Հարկ է նշել, որ 2019թ.-ին իրականացված ուսումնասիրության արդյունքները նախահեղափոխական՝ 2015, 2016 և 2017թթ.-ի նույնանման ուսումնասիրությունների համեմատ, բացահայտել են բազմաթիվ օրինաչափություններ, փոփոխություններ և միտումներ՝ իրավապահ մարմինների գործունեության հասարակական ընկալումներում:

Այսպես՝ «Իրավապահ մարմինների կամայականության» և «Ոստիկանության վստահության» համաթվերի արժեքներն ուղղակիորեն կապված են երկրում տեղի ունեցած հասարակական-քաղաքական իրադարձությունների, և դրանցում իրավապահ մարմինների ներգրավվածության հետ, ինչն ակնհայտորեն երևում է 2015-2016թթ, 2016-2017թթ. և 2017-2019թթ.-ի ընթացքում՝ այդ 2 տվյալների տարբերություններից: 2016թ.-ին՝ պայմանավորված ՊՊԾ գնդի գրավմամբ, այդ համաթվերի արժեքները նվազել էին, հաջորդած միջադեպերի ընթացքում իրավապահ մարմինների գործելաոճը կրել է փոփոխություն: Այդ ընթացքում իրավապահ մարմինների գործունեությունը հանրությունը բնորոշել է որպես իշխող քաղաքական ուժի կողմից իրենց քաղաքական ընդդիմախոսներին  ճնշելու գործիք և եթե 2016թ.-ին «Իրավապահ մարմինների կամայականության» համաթիվը  եղել է բացասական տիրույթում՝ 0-ից ցածր, 2017թ.-ին աճել է՝ հայտնվելով դրական տիրույթում:

Ուշագրավ են նաև հանրային ընկալումները «Ըստ Ձեզ՝ որքա՞ն հաճախ են ՀՀ իշխանություններն իրավապահ մարմիններին օգտագործում որպես ընդդիմության (քաղաքական հակառակորդների) նկատմամբ ճնշման միջոց» հարցի շուրջ: Եթե նախորդ տարիների պատասխանները բացասական տիրույթում էին, 2019թ.-ի հետազոտության տվյալներով էականորեն փոխվել են պատկերացումները. 2017թ.-ի բացասական «-17»-ի դիմաց՝ 2019թ.-ին աճելով մինչև «+43.1»: Ինչ խոսք, չենք կարող չնկատել, որ ընկալումների այս փոփոխություններում որոշիչ է եղել 2018թ.-ի ապրիլյան թավշյա հեղափոխությամբ պայմանավորված քաղաքական գործընթացները: Եվ ակնհայտ է, որ մինչ թավշյա հեղափոխությունը, հարցվողներն  իրավապահ մարմիններին ընկալում էին որպես ընդդիմությանը ճնշելու՝ իշխանության գործիք, հեղափոխությունից հետո, երբ նոր իշխանությունները  հրաժարվեցին  նախկինների գործելաոճից, մարդկանց պատկերացումները փոխվեցին: Ասել է, թե  թավշյա հեղափոխությունը փոխեց իրավապահ մարմինների վարքի և գործելաոճի նկատմամբ հասարակական գիտակցությունը:

2019թ.-ի հետազոտության արդյունքներում արդեն հստակորեն արտացոլված է հասարակական ընկալումներում 2018թ.-ի հասարակական-քաղաքական գործընթացների ազդեցությունը: Հասարակության լայն շերտերի մասնակցությամբ տեղի ունեցած հեղափոխությունից բացի, մարդիկ ականատեսն էին նախկին և նոր իշխանությունների վարքագծի դրսևորումների, ինչպես նաև ոստիկանության գործելաոճի փոփոխությանը, որը չէր կարող չարտահայտվել իրավապահ համակարգին գործունեությունը բնորոշող համաթվերում: Նոր իշխանության հաղթանակին մասնակից էր նաև հասարակությունը ուստիև հասարակական ընկալումներում՝ ոստիկանությունը իշխանությանը ծառայեցնելու կարծրատիպը էապես փոփոխության էր ենթարկվել:

 

«Իրավապահ մարմինների կամայականության համաթվի» արժեքը 2015թ.-ին եղել է «0», 2016թ.-ին նվազել է «-6», 2017թ.-ին՝ աճել մինչև «7», իսկ 2019թ.-ին՝ աճել մինչև «35»: Ընդ որում այս համաթվի, ինչպես նաև բաղկացուցիչ համաթվերի արժեքները 2015-2017թթ.-ին ամենացածրն են եղել Երևանում, մարզերից էլ՝ Սյունիքում՝ 2019թ.-ին: Ուշագրավ է, որ համաթվերը  բոլոր տարիներին ցածր են եղել քաղաքաբնակների  շրջանում, իսկ սեռային տեսակետից՝ 2015-2017թթ. հետազոտությունների արդյունքների համաթվերը համեմատաբար ցածր եղել են արական, քան իգական սեռի ներկայացուցիչների շրջանում: Կրթական մակարդակի առումով էլ՝ որքանով կրթական մակարդակը բարձր է, այնքան նվազում է՝ «Իրավապահ մարմինների կամայականության համաթիվն»՝ իր բաղկացուցիչ համաթվերով և հակառակը՝ որքան կրթությունը նվազում է, այնքան աճում են  համաթվի դրական արժեքները:

2016, 2017թ. և 2019թթ. -ի տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատանքի գնահատականները դիտարկվել են նաև՝ ըստ հարցվողների հիմնական տեղեկատվական աղբյուրների: Ըստ այդմ՝ 2016 և 2017թթ.  հետազոտություններով, այն հարցվողները, ում համար  տեղեկության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է եղել, մեծամասամբ դրական են գնահատել իրավապահների աշխատանքը, սոցիալական կայքերից և առցանց մամուլից օգտվողները՝ ավելի շատ բացասական: 2019թ.-ին դրական տրամադրվածություններն աճել են ինչպես հեռուստատեսությունից, այնպես էլ առցանց մամուլից և սոցիալական կայքերից տեղեկություն ստացողների շրջանում:

Թեև տարբեր տարիների հետազոտությունների համաթվերը տատանվում են, այնուամենայնիվ, «Ոստիկանության վստահության համաթիվը» միշտ գտնվել է դրական՝ 30-ից բարձր տիրույթում, ինչը խոսում է այն մասին, որ չնայած մարդիկ ոստիկանությանը վերագրել և շարունակում են վերագրել կամայականություններ ու անօրինություններ, 2019թ.-ին, էապես նվազած բացասական տրամադրությունները վկայում են այն մասին, որ հանրային գիտակցության մեջ, այնուամենայնիվ, կան դրական  սպասելիքներ ոստիկանությունից՝ որպես իրավապահ մարմին։

 

Հետազոտության մեջ տեղ են գտել նաև ապահով վայրերի վերաբերյալ մարդկանց պատկերացումները, որոնք նույնպես փոփոխության են ենթարկվել: Եթե նախկինում ամենաքիչ անվտանգ համարվում էր «Հասարակական և/կամ քաղաքական զանգվածային միջոցառումների ժամանակ» տարբերակը, 2019թ.-ին զգալիորեն նվազել է այդ վայրը՝ որպես վտանգավոր դիտարկելու՝ հանրային ընկալման աստիճանը:

 

Արձանագրենք, որ դատարանների և դատախազության աշխատանքի գնահատման համաթվերը ևս փոփոխության են ենթարկվել հեղափոխությունից հետո՝ դեպի դրականը:  Այս հարցում որոշիչ են եղել նաև բնակավայրի տիպը, սեռն ու կրթության մակարդակը, որովհետև 2 դեպքում էլ պայմանավորված է իրավապահ մարմինների հետ այս կամ այն անմիջական առնչություն ունենալու հանգամանքով:

ՀՔԱՎ գրասենյակի սույն հետազոտությունը փաստում է, որ 2018թ.-ի թավշյա հեղափոխությամբ պայմանավորված քաղաքական իրադարձությունները՝  զգալիորեն բարձրացրել են ոստիկանության և այլ ուժային կառույցների հանդեպ հասարակության դրական վերաբերմունքը, մեծացրել հանրային միջոցառումների ժամանակ ապահովության զգացողությունը: Ավելիին հասնելու համար հարկավոր է ձեռնարկել քայլեր՝ թե՛ դրական ընկալումները պահպանելու, թե՛ հանցագործությունները կանխարգելելու ուղղությամբ: Հասարակական կարծիքի վրա էական նշանակություն են ունեցել նաև հեղափոխության օրերին լայնորեն շրջանառվող՝ «Ոստիկանը մերն է», «մանկության ընկեր Աշոտ-ոստիկանը», «Ոչ բռնի, թավշյա, բաց ձեռքերի հեղափոխություն» և այլ լոզունգները, հատկանշական էր նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը, երբ փողոցներում գրկախառնվում էին քաղաքացիներն ու ոստիկանները: Ոստիկան-քաղաքացի հարաբերությունների նախկին հակասությունների մասին պատկերացումները հեղափոխությունից հետո կերպարանափոխվեցին համերաշխության: Հանրային գիտակցության մեջ արմատավորվի պետք է սերմանվի այն դրույթը, որ ոստիկանությունն օրենքով սահմանված իր պարտականություններն իրականացնող կառույց է և ոստիկանության հանդեպ վստահության մեծացումն ուղղակիորեն կապված է մարդկանց անվտանգությունը, հանցագործությունների ու այլ իրավախախտումների կանխումը, հանցագործությունները բացահայտելու հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգությունը անաչառորեն ու անվերապահորեն ապահովելու հանգամանքով: Միայն այդ պարագայում հասարակության մեջ կարող է ամրապնդվել վստահությունը ոստիկանի ու ոստիկանության հանդեպ:

ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է, որ այս հարցում իրենց անփոխարինելի ու մեծ դերակատարումն ունեն ԶԼՄ-ները՝ ոստիկանության գործունեության օբյեկտիվ ու անաչառ լուսաբանումների միջոցով ազդելով ու փոխելով հասարակական կարծիքը:

ՀՔԱՎ գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031