Արենիում տասը մարդ վարակված է կորոնավիրուսով, չորս տասնյակից ավելի մարդ էլ մեկուսացված է եւ գտնվում է հսկողության տակ: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վայոց Ձորի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը: Այս տվյալները ժամը 15:00-ի դրությամբ էր: Նրա խոսքով, այնպես չի, որ բոլոր մեկուսացվածների մոտ կարող է թեստը դրական արդյունք տալ, բայց մարզպետարանի ներկայացուցիչը նաեւ չի բացառում, որ թեստավորմանը զուգահեռ՝ այս թիվը հնարավոր է ավելանա:
Մեր հարցին՝ արդեն վարակվածներն ու մեկուսացվածները ի՞նչ տարիքային խմբում են, Լիլիա Կարապետյանը պատասխանեց. «Տարբեր տարիքի մարդիկ էլ կան. տարեցները, որոնք կոնտակտավոր են 82, 83 տարեկան են, նրանք հոսպիտալացվել են: Հոսպիտալացված երեխաներ էլ են եղել, հղի կին է եղել, որի թեստը սակայն բացասական է եկել եւ տուն է գնացել»:
Նշենք, որ խոսքը Արենի խոշորացված համայնքի Արենի բնակավայրի մասին է: Ըստ մեր զրուցակցի. «Վարակի տարածումը դեռ դուրս չի եկել Արենի բնակավայրի սահմաններից, իրականացվում է հսկողություն, այն անձինք էլ, որոնք հսկողության տակ են, պետք է նմուշառում կատարենք, եթե վարակված լինեն՝ մարդիկ պետք է ջերմեն, ախտանշաններ ունենան կամ չունենան: Նրանք կոնտակտավորներ են, կոնտակտավորների հետ շփված անձինք»:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ից Արենի բնակավայրում արձանագրված կորոնավիրուսի դեպքերի հետեւանքով, ելքն ու մուտքը սահմանափակվեց եւ պարետի որոշմամբ սահմանափակումներ մտցվեցին: Մարդիկ կարող են Արենի մուտք գործել եւ դուրս գալ միայն Վայոց Ձորի մարզպետի հատուկ ցուցումով:
Կարդացեք նաև
Նշենք, որ այս համայնքի մի շարք գյուղեր օգտվում են Արենիի «Առողջության առաջնային պահպանման կենտրոնի» ծառայություններից, սակայն, սահմանափակումներով պայմանավորված, կենտրոնի շահառուները չեն կարող գալ իրենց դեղորայքը ստանալ: Եվ որպեսզի հիվանդները չտուժեն, Լիլիա Կարապետյանի խոսքով, տասը օրվա դեղորայքն այդ մարդկանց կհասցնեն բուժքույրերը, որոնք հատուկ անցաթուղթով ելումուտ կունենան Արենի համայնք:
Լիլիա Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արենիում վիրուսի ներթափանցման հիմնական վարկածը պտտվում է Երեւանի բժշկական կենտրոններից մեկում վիրահատված եւ գյուղ տեղափոխված բնակչի շուրջ, որին տեսության են եկել հարազատներ, համագյուղացիներ, որից հետո սկսել է վարակը գյուղում տարածվել:
Թե որքան փակ կմնան Արենիի սահմանները, բժշկուհու խոսքով, ցույց կտան զարգացումները, բայց, առայժմ, կարանտինը նախատեսված է տասը օր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ