Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետ. «Միմյանց վերահսկողությունը բավականին մեծ ազդեցություն կունենա, որպեսզի վարակի տարածում չունենանք»

Մայիս 18,2020 15:51

Կան հյուրանոցներ, որտեղ կորոնավիրուսով հիվանդներն ու մեկուսացվածներն են պահվում, ամենօրյա աղբը հավաքվում է, ապա հատուկ մեքենան, որը միայն այդ աղբի համար է նախատեսված, տեղափոխվում է աղբն աղբավայր ու ամբողջը ոչնչացվում է: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Կխնդրեմ բոլոր քաղաքացիներին օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պոլիէթիլենային տոպրակների մեջ դնել, հետո գցել աղբամանը: Մենք նախատեսում ենք աղբամանների լվացում, աղբատար մեքենաներն էլ լվացվում են աղբավայրից դուրս գալուց առաջ: Խնդրում եմ մաքուր պահել Երեւանը»,-ասաց Սարգսյանը:

Նա ասաց, որ ամբողջ Հայաստանում դիմակների եւ ձեռնոցների համար առանձնացված աղբարկղերի տեղադրումը՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման առումով, արդյունք չի տա:

Այսօրվանից գործարկվել է հանրային տրանսպորտը, պարետի որոշմամբ, երթուղայիններում կանգնած երթեւեկելը արգելվում է: Այս առնչությամբ Սարգսյանն ասաց, որ առայժմ փորձում են հասկանալ, թե որքան կկազմի ուղեւորահոսքը, այս պահին, ըստ պարետի որոշման, դուրս է բերվել 150 միավոր շարժակազմ, նաեւ մասնավոր ուղեւորափոխադրողներ են շարժակազմ դուրս բերել. «Ընդհանուր առմամբ տարվա այս ամիսներին ուղեւորահոսքը 30 տոկոսով նվազում է՝ հաշվի առնելով, որ դպրոցներն ու ուսումնական հաստատություններ փակված են լինում: Առաջիկա օրերին, երբ հասկանանք, թե ինչպիսին կլինի ուղեւորահոսքը, միջոցներ կձեռնարկենք»: Ըստ քաղաքապետի, երկու-երեք օրից պարզ կլինի՝ ավելացնել, թե ոչ երթուղայինների քանակը:

Այս պահին, ինչպես վստահեցրեց փոխքաղաքապետը, քաղաքացիների 95%-ը չի նստում այն երթուղայինը, որտեղ ազատ նստատեղ չկա, լինում են դեպքեր, երբ քաղաքացիները վիճում են վարորդի հետ, որպեսզի կանգնած երթեւեկեն՝ ազատ նստատեղ չլինելու դեպքում. «Ավտոբուսները չեն շարժվում, մինչեւ կանգնած քաղաքացին չիջնի ավտոբուսից»:

Բոլոր երթուղայինները, ինչպես վստահեցրեց Սարգսյանը, ապահովված են մանրադրամների համար նախատեսված արկղերով եւ ախտահանիչ նյութերով. «Կարող են լինել եզակի դեպքեր, որ դրանք չլինեն, բայց հանձնարարական է տրվել, որպեսզի դրանցով ապահովվեն»:

Նա ասաց, որ մասնավոր ընկերության շահագործվող հանրային տրանսպորտի միջոցներն եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գործողներն ախտահանվելու են քաղաքապետարանի միջոցներով, նախկինում նույնպես քաղաքապետարանն էր իրականացնում: Ինչ վերաբերում է վարորդների համար նախատեսված ախտահանիչ նյութերին ու պաշտպանիչ միջոցներին՝ ձեռնոցներին եւ դիմակներին, Սարգսյանն ասաց, որ դրանք ձեռք են բերվում գիծը շահագործող ընկերությունները:

Որքան էլ քաղաքապետարանը լիարժեք վերահսկողության համար ներուժ ներգրավի, ինչպես ասաց Սարգսյանը, 800 գազելների եւ 300-ից ավելի ավտոբուսների վերահսկողության համար համապատասխան մարդկային ներուժ չկա. «Այդ իսկ պատճառով կխնդրեի մեր քաղաքացիներին, որպեսզի ուշադիր լինեին մեր կողքին այլ քաղաքացիներին, եթե մի բան սխալ է անում, ապա կարող են ասել, թե ինչպես պետք է դիմակը կրեն կամ ինչ-որ մի բան այնպես չէ: Կարծում եմ միմյանց վերահսկողությունը բավականին մեծ ազդեցություն կունենա, որպեսզի կարողանանք ճգնաժամային վիճակից դուրս գանք եւ տարածում չունենանք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031