Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Երեխան սեռական բռնության է ենթարկվել ծանոթ ընտանիքի՝ տարիքով մեծ երեխաների կողմից»

Մայիս 18,2020 15:24

Հայաստանի խորհրդարանը մայիսի 11-ին վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան՝ Լանզարոտեի կոնվենցիան, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել: Կոնվենցիային անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անդրադարձել իր ասուլիսում:

«Կոնվենցիան հետապնդում է սեռական բռնությունից ու սեռական շահագործումից երեխաներին պաշտպանելու նպատակ, սակայն այն բազմաոլորտ է»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով վեբինարի ժամանակ ասաց երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը:

Նրա խոսքով, կոնվենցիայի վավերացումից հետո ի թիվս այլնի, Հայաստանը պարտավոր կլինի վերանայել «սեռական բռնություն» եզրույթը, արդեն քրեորեն պատժելի կդառնա 16-18 տարեկանների սեռական ծառայությունից օգտվելը, երեխայի ՝մանկական պոռնոգրաֆիայի դիտումը, նաեւ դատապարտված անձինք հնարավորություն չեն ունենա աշխատելու երեխաների հետ:

«Պետք է աշխատանքներ տարվեն երեխաների ընտանիքների հետ, որովհետեւ շատ հաճախ երեխաների ընտանիքն ավելի մեծ սթրես է տանում»,-ասաց իրավաբանը: Նրա խոսքով, կանխարգելիչ հոգեբանական միջոցառումները պետք է նաեւ մանկապիղծներին վերաբերեն. «Մանկապիղծների հետ եւս հոգեբաններ կաշխատեն, եւ ազատազրկումը բավարար չի լինի, քիմիական ստերջացումը եւ տարբեր երկրներում կիրառվող այլ մեթոդներ եւս քննարկվում են»: Նա ներկայացրեց իրավապահ մարմիններից ստացված քրեական գործերի վիճակագրությունը, եւ նշեց, որ գուցե թվերն իրական պատկերն ամբողջությամբ չեն արտացոլում, որովհետեւ նման հանցագործությունների լատենտայնությունը բարձր է:

Հոգեբան Անուշ Ալեքսանյանը նշեց, որ նախ պետք է հստակեցնել, թե ինչ է նշանակում իրազեկում, եւ ինչպես է այս հարցը դիտարկվում մեր կրթական համակարգում. «Առհասարակ մեզանում կա մոտեցում, որ ցանկացած տեղեկատվության փոխանցում նպատակ ունի նվազեցնելու ռիսկը, բայց մենք չունենք համապարփակ սեռական դաստիարակություն»:

Հոգեբանը վստահ է, որ կարիք կա երեխաներին որոշակի տեղեկատվություն տրամադրելու, թե օտար մարդկանց հետ ինչպես պետք է շփվել, ծանոթ մարդկանց հետ շփումներում ինչն է ցանկալի, ինչը՝ ոչ ցանկալի, եւ այդ տեղեկությունները պետք տրվեն երեխայի տարիքին համապատասխան, ու երեխայի համար պետք է ճանաչելի լինեն իրեն շրջապատող աշխարհը եւ այդ աշխարհից եկող վտանգները:

Նա նկատեց, որ շատ երեխաների ձեռքի տակ այսօր կան սմարթֆոններ, ոմանք կարող են անգամ ծնողների դրած ֆիլտրերը հանել եւ այլ տեղեկատվությամբ էլ հետաքրքրվել: Հոգեբանը խոսելով սեռական բռնության, ոտնձգության ենթարկված երեխաների մասին, որոնցից ոմանց մամուլն էլ է անդրադարձել, փաստեց, որ նման երեխաները հետո էլ կարող են խտրականության ենթարկվել՝ հասակակիցների եւ մեծահասակների կողմից: Իր մասնագիտական պրակտիկայից այլ դեպքերի օրինակներ էլ բերեց՝ երեխան տարիներ շարունակ սեռական բռնության ու շանտաժի է ենթարկվել ծանոթ ընտանիքի տարիքով մեծ երեխաների կողմից, այդ մասին չի բարձրաձայնել եւ այդ ամենից ազատվել է միայն այն ժամանակ, երբ ընտանիքն այլ վայր է տեղափոխվել:

Անուշ Ալեքսանյանը հետեւյալ օրինակ էլ բերեց. հաճախ բակում, որտեղ երեխաներ են խաղում, նստած է լինում մի տղամարդ, որը ծնողներին ասում է՝ հանգիստ եղեք, ձեր երեխաներին նայում եմ, բայց պարզվում է, որ երեխաներին հետեւելուց բացի՝ նաեւ գրկում է, սկսում է ձեռք տալ նրանց մարմնի մասերին, այսինքն` ստացվում է, որ երբեմն նման գործողություններ իրականցվում են հենց ծնողների կողմից վստահված մարդկանց կողմից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031