Լրահոս
Օրվա լրահոսը

Թվում է` Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանն ու Ադրբեջանին լսեցնում էր, որ Արցախում չկա անկախ իշխանություն. Էդուարդ Շարմազանով

Մայիս 18,2020 15:06

«Երբ վերլուծում եմ, ինձ թվում է, որ այս մարդը ասուլիս է հրավիրել՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին լսեցնելու համար, որ չկա Արցախում անկախ իշխանություն, Արցախում փաստացի չկա ժողովրդավարական հանրապետություն, կան ինչ-որ անկախ ներկայացուցիչներ։ Այսինքն, կան Արցախի ընտրված ներկայացուցիչներ եւ չընտրված ներկայացուցիչներ։ Սա անհեթեթություն է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում `անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսում Արցախի հարցի մասին արած հայտարարություններին, ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա սա պատահական չի համարում, քանի որ եւ մեկուկես տարի առաջ, եւ երկու տարի առաջ Ստեփանակերտում երկու հայկական պետությունների անվտանգության խորհրդի համատեղ նիստերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր` «Արցախի հայեր»: «Նման բան չկա, ասում ենք` «Արցախի ժողովուրդ», «Արցախի բնակչություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Բանախոսի համոզմամբ, իր ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով արցախյան հարցի խաղաղ կարգավորման «փուլային տարբերակի» լինել-չլինելուն, պատահական չի օգտագործել «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպումը: Նա նկատում է, որ ասուլիսի ժամանակ «հարցերի առյուծի բաժինը ֆռռացրին, ջուր ծեծեցին, հարցերը որոնք ուղիղ էին հնչեցնում, ինքը ֆռռaցնում էր ու ուրիշ բան էր պատասխանում», բայց հնչեցին «շատ վտանգավոր հարցեր Արցախի հետ կապված»։ Շարմազանովի գնահատմամբ, ինքնորոշման իրավունքի իրականացման հարցը Փաշինյանը միտումնավոր կամ ոչ միտումնավոր, իր անփութության պատճառով, տեղափոխում է միջհամայնքային հարթության մեջ. «Այսինքն, կա Արցախի հայ համայնք եւ կա Արցախի ադրբեջանական համայնք։ Ադրբեջանցիները դրանից շատ լավ օգտվեցին, եւ այսօր մենք տեսնում ենք, որ ԱՄՆ դեսպանն է Բաքվում հանդիպում «ադրբեջանական համայնք» կոչվածի հետ, սկսել են դա ակտիվ շրջանառության մեջ դնել այն դեպքում, երբ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին մենք ունեցել ենք հանրաքվե, որին մասնակցել է Արցախում ապրող ԽՍՀՄ քաղաքացիների 82.8 տոկոսը։ Այսինքն, ֆիքսում ենք, որ այդ հանրաքվեին մասնակցել է Արցախում բնակվողների գրանցվածների 82.8 տոկոսը։ Հետեւաբար, Հայաստանի իշխանության սուրբ պարտականությունը պետք է լինի պաշտպանել արցախահայության հանրաքվեի արդյունքը: Այսինքն, հասնել Արցախի միջազգային ճանաչմանը»:

ԱԺ նախկին փոխխոսնակի գնահատմամբ, վարչապետը խույս տվեց նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ հնչած հարցից:

«Փաշինյանը ավելի վտանգավոր բան ասaց. Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, դա թուղթ ու գրիչով, պայմանագրային բազա է։ Միակ երկիրը, որի հետ մենք ունենք բարեկամության երկկողմանի պայմանագիր` ՌԴ է։ Իրեն Լավրովի հայտարարության հետ կապված հարց են տալիս`կա՞ փուլային կամ փաթեթային տարբերակ, ինքը շատ է անլրջացնում հարցը եւ այդպես էլ չի ասում, որ չկա փուլային տարբերակ, որ ինքը «ոչ» է ասում փուլային տարբերակին եւ սկսում է դատարկ, անտրամաբանական մտավարժանքներ անել, թե մեկի համար սա փուլային է, մեկի համար՝ փաթեթային, դե կարող է մեկը եկել է, ձեռի տակ ինչ-որ փաթեթ է եղել։ Դե կներեք էլի, ընկեր, սա շուկա չի, որ մեկը փաթեթով գա ելակ առնի, մյուսն էլ ասի՝ չէ, գիլաս տվեք: Բանակցություններում աշխատում են Մինսկի խմբի համանախագահները. «մեկը փաթեթով եկել է`ես տեղյակ չեմ»,-ը ո՞րն է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը`ամրագրելով, որ Նիկոլ Փաշինյանը «ոչ» չասաց Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակին:

Նա նաեւ անհարկի է համարում Նիկոլ Փաշինյանի`ԱՄՆ պետքարտուղարի օգնականից մեջբերումը, որն ասել էր, թե Լավրովի հայտարարությունը օգտակար չէ հարցի կարգավորման համար. «Այս ո՞ւր ենք հասել, որ ՀՀ վարչապետն իր դաշնակից պետության ԱԳ նախարարից «պաշտպանվելու» կամ նրան հարվածելու համար օգտվում է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի «ոչ օգտակար» եզրույթից: Կարո՞ղ է, պարոն Փաշինյան, վաղն էլ հայտարարեք, որ ՌԴ-ի դեմ սանկցիաներն արդարացված են»: Ի դեպ, բանախոսը Փաշինյանի նաեւ այս հղումն է մանիպուլյատիվ համարում, քանի որ պետքարտուղարության ներկայացուցիչն իր գնահատականը ՌԴ գործողություններին տվել է Դոմբասի հետ կապված:

Էդուարդ Շարմազանովը վերահաստատում է իր տեսակետը. Նիկոլ Փաշինյան իշխանությունը եկել է Արցախում ոչ հայանպաստ լուծումների գնալու`ի դեմս փուլային տարբերակի եւ հայ-ռուսական հարաբերությունները թուլացնելու համար:

Առհասարակ, Արցախի հարցում, ըստ Շարմազանովի, Սերժ Սարգսյանի թողած հայանպաստ ժառանգությունը, որի արդյունքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2018-ի հոկտեմբերի 7-ին հայտարարեց, որ իրեն փակ դռների ետեւում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, մսխել է եւ համանախագահները դեղին քարտ են ցույց տալիս Փաշինյանին, երբ նա խոսում է բանակցային սեղան Արցախի վերադարձի մասին, «ադրբեջանական համայնք» թեմա է առաջացել, մարդիկ նշում են, որ կա փուլային տարբերակ եւ Հայաստանը`Փաշինյանի ջանքերով, նահանջել է Լեւոն Տեր-Պետրոսյանի`Լիսաբոնի եւ դրանից հետո եկած շրջան`ետ մղելով ինքնորոշման իրավունքը, որը փաստաթղթային ամրագրում ուներ:

Նիկոլ Փաշինյանն, ըստ նրա, կորցրել է բանակցություններում գլխավոր խաղաքարտը` կառուցողականությունը: «Սիրելի ժողովուրդ, 2018-ին դուք իշխանության եք բերել Լեւոն Տեր-Պետրոսյանական թեւի ռեւանշիստներին Արցախի հարցում`Նիկոլ Փաշինյանի դեմքով: 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ սպարապետ Վազգեն Սարգսյանը ճանապարհեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա փուլային տարբերակը: Քսան տարի անց, փուլային տարբերակի կողմնակիցները Փաշինյանի գլխավորությամբ, ռեւանշ իրականացրեցին»,- ասաց բանախոսը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031