Մայիսի 20-ից վերաբացվելու են մայրաքաղաքի մանկապարտեզները:
Այսօր կառավարության մամուլի սրահում փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ներկայացրեց, թե ինչ կանոններով են գործելու մանկապարտեզները կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Ըստ Վիրաբյանի, առաջնահերթությունը տրվելու է այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարող աշխատանքը հեռավար կերպով կազմակերպել, ինչպես նաեւ առաջնահերթությունը տրվելու է սոցանապահով ընտանիքների երեխաներին կամ այն ընտանիքներին, որտեղ միայն մայրն է աշխատում:
Մայրաքաղաքի 161 մանկապարտեզ 31 հազար ծնողների շրջանում հարցում է իրականացրել, 11 հազար ծնող ցանկություն է հայտնել երեխաներին տանել մանկապարտեզ:
«Մշակվել են անվտանգության կանոններ՝ սկսած մանկապարտեզի բակային տարածքների նշագրումից, որպեսզի ծնողները կարողանան պահել սոցիալական հեռավորությունը եւ բացառվի ծնողների մուտքը մանկապարտեզ: Հեռավար ջերմաչափում են անելու, համոզվելով, որ երեխան չունի ջերմություն, ընդունելու են: Հորդորում եմ ծնողներին համբերություն ցուցաբերել այս ժամանակահատվածում. մեկ մուտքով հարյուր երեխա է մուտք գործելու մանկապարտեզ: Հետո օրվա ընթացքում էլ ջերմաչափում է կատարվելու, եթե որեւէ երեխայի մոտ կլինի ջերմություն, հորդորում ենք հաջորդ օրը չբերել»,-ասաց Վիրաբյանը:
Կարդացեք նաև
Նրա վստահեցմամբ՝ մանկապարտեզներում գործելու են փոքր խմբեր՝ 8-10 երեխա մեկ խմբում, հրաժարվել են այն խաղալիքներից, որոնց վրա վարակը կարող է երկար մնալ, ինչպես նաեւ չեն լինի այն խաղերը, որոնք սերտ շփումներ են նախատեսում:
Այսօր եւ վաղը մանկապարտեզները կախտահանվեն, նաեւ կախտահանվեն ամեն օրվա ավարտին:
Ինչ վերաբերում է սննդի մատուցմանը, ապա Վիրաբյանն ասաց, որ որոշ կանոններ են սահմանել՝ որոշ սննդատեսակների դեպքում փաթեթավորման փոփոխություններ են կատարել՝ ավելի անվտանգ դարձնելու համար:
Քաղաքապետարանը մեկ շաբաթվա համար 160 հազարից ավելի դիմակներ է պատվիրել, եւ մի քանի հազարից ավելի լիտր ալկոգել:
Բոլոր աշխատակիցները պարտավոր կլինեն պահպանել անվտանգության կանոնները, նրանք, ովքեր չեն ենթարկվի կանոններին եւ կվտանգեն երեխաների եւ նրանց ընտանիքների կյանքը, Վիրաբյանի խոսքով՝ քաղաքապետարանը շատ արագ կազատվի նրանցից. «Մեզ համար կարեւոր է երեխաների ու ծնողների անվտանգությունը: Ովքեր չեն պահպանի կանոնները, մեկ հոգի, հարյուր, թե հազար՝ այդ մարդիկ շատ արագ կմաքրվեն մեր համակարգից: Ամենօրյա խստագույն վերահսկողություն ենք իրականացնելու»:
Փոխքաղաքապետի ներկայացմամբ՝ մանկապարտեզների՝ ռիսկային խմբի աշխատակիցները՝ 20-22 տոկոսը, աշխատանքի դուրս չեն գա, բայց կվճարվեն ամբողջությամբ, նրանց կփոխարինեն այլ գործընկերները, իսկ նրանք, ովքեր ռիսկային խմբում չեն, իրենց խնամքի տակ չունեն ռիսկային խմբի մարդիկ, բայց չեն ցանկանա գնալ աշխատանքի, կվճարվեն հարկադիր պարապուրդով, իսկ նրանք, ովքեր կգնան աշխատանքի, կվճարվեն հարյուր տոկոսով եւ, ինչպես փոխքաղաքապետը վստահեցրեց, քաղաքապետարանը միջոցներ կգնի նրանց հավելյալ վճարելու համար:
Վիրաբյանը հորդորեց այն ծնողներին, որոնք ունեն հնարավորություն տանը խնամել իրենց երեխաներին՝ նրանց չուղարկեն մանկապարտեզ, որ հեռավար աշխատանքի եւ երեխային տանը խնամելու հնարավորություն չունեցող ծնողներին հնարավորություն տան իրենց փոքրիկներին ուղարկել մանկապարտեզ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ