«Կարիք չկար նրան «պապկա» փոխանցել, որովհետեւ հոկտեմբերի 11-ին Ալիեւը նման կերպ իրեն պահեց, ես էլ ընդամենը մեկ ժամ հետո իմ ֆեյսբուքյան էջում գրառում եմ արել եւ ներկայացրել եմ թե ադրբեջանական լեգիոնի պատմությունը, թե Նժդեհի գործունեությունը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն`անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Ադրբեջանի ֆաշիստական լեգիոնի դրվագի մասին իր վերջին մամուլի ասուլիսում արած հայտարարություններին:
Ադրբեջանի նախագահը, հիշեցնենք, Գարեգին Նժդեհին եւ հայ ժողովրդին մեղադրում է ֆաշիզմին աջակցելու մեջ։ Ըստ Փաշինյանի, ադրբեջանական քաղաքականությունն է` նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին, մանավանդ Հայրենական մեծ պատերազմի հաղթական 75-ամյակի առիթով, և ցույց տալ, որ հայերը ֆաշիստական Գերմանիայի և նացիստների հետ համագործակցող ժողովուրդ են եղել. «Շուրջ 600 000 հայ մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, ընդ որում` 100 000 հայ մասնակցել է` բնակվելով Խորհրդային Միությունից դուրս։ 300 000 հայ զոհվել է կամ անհետ կորել։ 65 հայ ստացել է գեներալի կոչում։ Խորհրդային Միության պատմության մեջ 115 հայ գեներալ է եղել և 4 մարշալ։ Խորհրդային Միության հայազգի 107 հերոսներից 26-ը եղել են Լեռնային կամ Դաշտային Ղարաբաղից։ 27 հայ համարվում է «Փառքի ասպետ»։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փառքի շքանշանակիրներից մեկն իր մայրիկի քեռին է եւ հավելեց, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ձեւավորվել է 6 հայկական դիվիզիա` ընդհանուր 60,000 զինվորով»: Նա նաեւ ցույց տվեց այդ հագուստներից մեկի լուսանկարը՝ նացիստական տարբերանշաններով։ Վարչապետը հավելեց նաեւ, աշխարհամարտի տարիներին Գերմանիայում լույս է տեսել «Ադրբեջան» լեգեոներական պաշտոնաթերթը, եւ ցույց տվեց դրա համարներից մեկի առաջին էջը։ Փաշինյանը հիշեցրեց` Ադրբեջանի առաջին հանրապետության ղեկավարներից մեկը՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն, սերտորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի և նացիստական կուսակցության հետ, նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է ադրբեջանական խմբավորում, որի ղեկավար կազմը դասընթացներ է անցել նացիստական հետախուզական դպրոցներում։
Ասուլիսի օրը Նիկոլ Փաշինյանը խոսեց ադրբեջանական լեգեոնից, բայց Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, մեկ այլ կարեւոր բան չնշեց այս անգամ. «Չնշեց, որ Նժդեհի որևէ զինվոր Կարմիր բանակի դեմ չի կռվել, չնշեց, որ Նժդեհի գործունեությունը ուղղված չի եղել Խորհրդային միության դեմ, չնշեց, որ նույնիսկ Նժդեհը իր ջանքերով իր զինվորներին, որոնց ուղարկել էին Ղրիմ՝ Կարմիր բանակի դեմ, գնաց և իր հեղինակության շնորհիվ հետ բերեց, ուղարկեց Թուրքիա։ Կան մանրամասներ, որ մեր պետության ղեկավարը պարտավոր է տիրապետել: Պարտավոր չէ իմանալ շատ մանրամասներ, բայց երբ խնդիրը գնում է այս բանավեճով և միջպետական հարաբերությունների մակարդակով, ապա սրանք պետք է ներկայացվեր: Իսկ ինչ մնում է ադրբեջանական լեգիոնին, ապա ադրբեջանական լեգիոնը բաղկացած է եղել 40 հազար մարդուց և կան Հիտլերի խոսքերը, որ պետք չէ հայերին և վրացիներին վստահել, պետք է վստահել մահմեդական լեգիոնին, իսկ մահմեդական լեգիոնի հոմանիշը հենց ադրբեջանական լեգիոնն է»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ