Այսօր «Հայելի» մամուլի ակումբում, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ասուլիսը սկսեց շնորհավորանքներով`Լաչինի ազատագրման առիթով: Շնորհավորանքներն ուղղված էին հայ ժողովրդին եւ ազատագրմանը մասնակցած մարտիկներին`Արկադի Տեր-Թադեւոսյան, Վարդան Տեր-Ստեփանյան`«Դուշման Վարդան» եւ այլոց: Նա հույս հայտնեց, որ ազգային միասնության ժամանակաշրջանը երբեւէ կվերադառնա մեր հայրենիք եւ մեր ժողովուրդն առաջիկայում կձերբազատվի «սեւի ու սպիտակի պատերազմից»:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ԱԺ-ում վերջերս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի եւ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, որն ավարտվեց ծեծկռտուքով, Էդուարդ Շարմազանովն այն «քաղաքական խուժանություն» որակեց:
«Ազգային ժողովում տեղի ունեցածը, բնականաբար, աննախադեպ էր բացասական առումով, բայց դա այն արդյունքն էր, այն հայելին էր, որը երկու տարի շարունակ քարոզել է օրվա ռեժիմը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սա ամբողջությամբ ատելության, քաղաքական բազմակարծության ոտնահարման և քաղաքական խուժանության հստակ դիրքորոշում էր»,-ասաց նա` հավելելով, որ տեղի ունեցածից հետո անթույլատրելի էին Նիկոլ Փաշինյանի գնահատականները: Վարչապետը, հիշեցնենք, հայտարարեց, որ իշխող ուժի ներկայացուցիչներին սադրել են: «Նա փորձ արեց արդարացնել այն, ինչ տեղի ունեցավ, եւ ցույց տվեց, որ կլինի քաղաքական ուժ, կլինի խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմություն, կլինի մամուլ, նրանք, ովքեր այլակարծությամբ հանդես կգան, կարժանանան նման ճակատագրի: «Մեր դեմ ով կխոսի, մենք բռունցքներով կհարվածենք», մոտավորապես սա էր Փաշինյանի ասածը։ Ես դատապարտել եմ առաջին հենց վայրկյանից: Սա ցույց է տալիս մի բան, որ «սիրո և համերաշխության» քաղաքականությունը իրականում ատելության և թույնի քաղաքականություն է եղել ի սկզբանե և այսօր էլ մենք դա տեսանք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Դիտարկմանը` ինչո՞ւ այդպես եղավ, եթե մեկ օր առաջ Փաշինյանն ու Մարուքյանը սուրճ էին խմում եւ երբ մամուլում մեծ աղմուկ բարձրացավ, թե հանդիպման հիմքը Արցախի հարցն է, պարոն Մարուքյանն էլ պարզաբանեց, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Ես չեմ ուզում մատի և մատանու արանքը մտնել։ Ես մի քանի անգամ նշել եմ, ընդդիմությունը, մանավանդ վերջին տարվա ընթացքում չի կարող հովհարային անջատումներով լինել: Գլոբալ առումով, ես իրական ընդդիմադիր ուժեր համարում եմ այն ուժերին, այն գործիչներին, որոնք առաջին իսկ օրվանից թավշյա հեղաշրջումը ոչ միայն չեն ողջունել, այլ ունեցել են համարձակություն ասելու, որ սա կործանարար է մեր պետության համար: Իսկ բոլոր այն ուժերը, որոնք հեղափոխություն կոչվածը առաջին իսկ օրվանից ողջունել են, ովքեր որ լռել են եւ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի վրա լկտի արշավ է տեղի ունեցել, ովքեր որ լռել են եւ Արցախի առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա շինծու մեղադրանք կարվեց եւ նա շուրջ 1,5 տարի ապօրինաբար անազատության մեջ է, ովքեր որ լռել են եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա քաղաքական դրդապատճառներով շինծու գործ կարվեց, ովքեր որ լռել են, երբ իմ ու իմ ընկերների դագաղներն ու սեւ «լենտերն» էին հանվում, նրանք չեն կարող ինձ համար լինել իրական ընդդիմություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։ Ըստ բանախոսի, խորհրդարանում կան ընդդիմադիր պատգամավորներ, բայց ընդդիմադիր խմբակցություններ չկան:
Կարդացեք նաև
Խորհրդարանում, ըստ նրա, նաեւ քաղաքական բանավեճ չկա, քանի որ իր կարծիքով, Նիկոլ Փաշինյանն այն իջեցրել է «սամասուդի», «ասֆալտին փռելու» մակարդակի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ