Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը եկավ ու ջրեց երեսուն տարվա չարչարանքը, ծանրագույն բանակցությունները». Գեղամ Նազարյան

Մայիս 18,2020 13:20

«Համանախագահները յոթ-ութ տարեկան երեխաներ չեն, որ հեշտությամբ տրվեն հայկական կողմի նման պահվածքին: Վատ է, որ Նիկոլ Փաշինյանը եկավ ու զրոյացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արցախի ղեկավարների տարիների տքնաջան, բարդ աշխատանքը»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի մտահոգություն հայտնեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը՝ խոսելով իշխանության վարած արտաքին քաղաքականության մասին:

Ըստ նրա՝ հաջորդ իշխանությունը ծանր բեռի տակ է ընկնելու: Նա, հիշեցնելով արցախյան հիմնախնդրի լուծման բանակցությունների ընթացքը, հիշեցրեց. «Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ հասանք նրան, որ Արցախի անմիջական մասնակցությամբ կնքվեց հրադադարի պայմանագիր և հաստատվեց խաղաղություն, որից հետո սկսվեց բանակցային փուլը: Հաջորդ քաղաքական ուժն այդ բազայի վրա շարունակեց բանակցությունները: Բայց բերեցին, հասցրին մի փուլի, երբ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ում գտնվեցին մարդիկ, որ ապրիլյան պատերազմը ներկայացրին որպես պարտություն: Հակառակ բոլոր այդ քայլերի՝ Ալիևը հայտարարեց, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Մենք հասել էինք այդ մակարդակի, իսկ Նիկոլ Փաշինյանը եկավ ու ջրեց երեսուն տարվա չարչարանքը, ծանրագույն բանակցությունները»:

Խոսելով ներքաղաքական խնդիրների մասին և անդրադառնալով այն փաստին, որ դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամների միջնորդությունը`Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին, Գեղամ Նազարյանը դատավարությունը շոու որակեց և նշեց հետևանքների մասին. «ՀՀ դատական համակարգին ծանրագույն հարված հասցվեց: Հանրությունը հետևում է, տեսնում է, որ ՀՀ-ում արդարադատություն գոյություն չունի, այլ կա մեկ մարդու կամք ու ցանկություն»: Նրա կարծիքով՝ այս ամենը միայն Ռոբերտ Քոչարյանի դեմ չի ուղղված. «Ոտնատակ տրվեց ՀՀ պետությունը, եթե չորս վարչապետեր երաշխավորել են Ռոբերտ Քոչարյանի ազատության համար, կաթողիկոսը կոչով դիմել է և այդ ամենից հետո մերժվում է միջնորդությունը, ուրեմն դա միայն Ռոբերտ Քոչարյանի դեմ չի ուղղված, այլ մեր պետության դեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031