«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն առաջարկում է «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարել: Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ նա ասաց, որ նախագիծը փաստաբանական պալատի խորհրդին հնարավորություն է տալիս նիստերն անցկացնել նաեւ օնլայն՝ առցանց: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված այս օրերին առցանց նիստերը մեր կյանքի բաղկացուցիչ մասն են դարձել:
Այս դեպքում ընթացակարգային հարցեր են լինում, որի պայմաններում նիստն անցկացնելու անհրաժեշտություն չի լինում, պարզապես պետք է ստանալ խորհրդի անդամների կարծիքը՝ «կողմ» եւ դեմ կամ առկա՞ է առարկություն: Գործերի քննության գրավոր ընթացակարգը տվյալ պարագայում ավելի արդիական է:
Հարակից զեկուցող Արթուր Հովհաննիսյանը միակ խնդիրը, որ նկատում էր` ժամկետի հարցն էր, որովհետեւ եթե ուշացնեն, այլեւս անիմաստ կլինի այս նախաձեռնությունը:
Կառավարությունը մտահոգություն ուներ գրավոր ընթացակարգի հետ կապված: Խորհրդակցական մարմնում կարծիքները հրապարակային չեն, ուստի գրավոր ընթացակարգի դեպքում էլ պետք է այնպես անել, որ այդ կարծիքները հրապարակային չլինեն:
Կարդացեք նաև
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ անհարկի կծանրաբեռնեն օրենքը, եթե գրավոր ընթացակարգի համար կանոնակարգումներ մտցնեն, ուստի պետք է ամրագրել, որ հեռավար նիստերը պետք է համապատասխանեն կանոնադրությանը:
Առաջարկ եղավ, որ ԱԺ հանձնաժողովի նիստերը նույնպես անցկացնեն առցանց:
Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Ես մշտապես եղել եմ, կամ եւ կմնամ առկա նիստերի կողմնակից, որովհետեւ մարդկային շփումը ոչինչ չի կարող փոխարինել»: Բայց անելանելիության պարագայում, ըստ նրա, պետք է նախատեսել գործիքներ:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ