Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագիծը: Օրինագծով առաջարկվում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հնարավորություն տալ տարվա մեջ 4 անգամ մասնակցելու իրենց ազգային, մշակութային պատմական օրերի միջոցառումներին: Սա թույլ կտա, որ իրենք մոտ լինեն իրենց ազգային ինքնությանը, իրենց արմատներին եւ կարողանան մասնակցել կրոնական, ազգային ծիսակատարություններին:
Խնդիրն այն է, որ հեղինակն առաջարկում է այդ 4 օրը որպես չվճարվող արձակուրդ տալ, այսինքն, գործատուն դրա համար չի վճարելու աշխատավարձ, ու մի բան էլ աշխատողը պետք է գրավոր հիմնավորի, թե ինչ ազգային տոն է իրենց մոտ:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որը մասնակցում էր այդ նիստին, ասաց՝ նման կարգավորման կարիք կա՞ ընդհանրապես. «Եթե խոսքը գնար լրացուցիչ վճարովի արձակուրդ, հասկանալի կլիներ: Գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ մինչեւ 60 օր ոչ վճարովի արձակուրդ վերցնել տարվա ընթացքում: Մենք չե՞նք ստեղծում մի իրավիճակ, երբ անձին ավելի հեշտ կլինի գործատուի հետ համաձայնության գալ, ասի՝ գիտեք ինչ կա, ես վաղը չեմ կարող գալ աշխատանքի, քան գրի հիմնավորումներ»: Բաքոյանը համաձայն էր, բայց դա կառավարության մոտեցումն էր:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը նույնպես համաձայնեց, բայց ասաց, որ կարող է լինել վատ սցենար, գործատուն չհամաձայնի, այդ դեպքում մարդը կզրկվի ընդհանրապես իր ազգային տոնին մասնակցելու հնարավորությունից:
Կարդացեք նաև
Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Այդ դեպքում մեկ այլ վատ սցենար: Աշխատողն ասում է՝ ես վաղը գնում եմ, իմ ազգային տոնն է, գործատուն ասում է՝ այդ ի՞նչ տոն է, որ ու չի թողնում, ի՞նչ է լինելու այդ դեպքում»: Ուդումյանը պատասխանեց, որ աշխատանքային վեճ կհամարվի:
Հարակից զեկուցող Սարգիս Խանդանյանը գրավոր հիմնավորման պահանջը հորդորեց հանել, որ խտրական մոտեցում չլինի:
Իմքայլական Մարիա Կարապետյանն ասաց, որ երբ աշխատողը մի օր գործի չի գալիս, գործատուն իրավունք ունի բացատրագիր պահանջել: Հենց այդ բացատրագրում էլ կարող է ներկայացնել հիմնավորումներ, եթե բարեխղճության ու փոխվստահության մթնոլորտը գործատուի եւ աշխատողի միջեւ չկա:
Առաջարկն ընդունվեց, նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ