Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խռոված մանուշակներ (պատմվածք)

Մայիս 17,2020 23:24

Մակար պապը ծաղիկներ շատ էր սիրում: Լինեին դրանք դաշտային, ջերմոցում աճեցրած, թե տանը խնամված ծաղիկներ:

Այդ սերը իր մեջ ծվարել էր այն ժամանակներից, երբ դեռ ինքը փոքր երեխա էր և իրենց տան պատուհանների գոգերին միշտ ծաղկամաններ կային դրված և նրանց մեջ զանազան ծաղիկներ էին աճում ու ծաղկում, որոնց խնամում էր մայրը, ապա նաև քույրերը:

Երբ ընկերներով ամռան սկզբներին դաշտ էին գնում, անպայման գեղեցիկ ծաղկեփնջեր էին պատրաստում դաշտային գույնզգույն ծաղիկներից, տուն բերում, դնում հատուկ ծաղկամանների մեջ, պարբերաբար ջրում ու հեռացնում արդեն չորացած ծաղիկները, որ մնացած ծաղիկները ավելի գեղեցիկ դիտվեին:

Գուցե այդ սերն էր, որ նա միշտ էլ ուշադիր էր լինում թե՛ դաշտային և թե՛ տանը  կամ ջերմոցում աճեցրած ծաղիկների նկատմամբ մինչև խոր ծերություն:

Բարեբախտաբար այդ սերը ծաղիկների նկատմամբ ունեցավ նաև իր կինը, որը ցնծությամբ էր դիմավորում ամուսնուն, երբ նա տուն էր մտնում տարբեր տեսակի  ծաղկեփնջեր ձեռքին: Հատկապես նա շատ էր սիրում կարմիր կակաչներ և կապույտ մանուշակներ: Գուցե վերջիններիս նկատմամբ մեծ սերն էր պատճառը, որ նրանց տանը մնացած այլ ծաղկատեսակների հետ միասին, անպայման աճեցվում էին մանուշակներ:

Այս մանուշակները զարմանալի հատկություն ունեին: Նրանք ծաղկում էին տարին մի քանի անգամ ու հին չորացած ծաղիկներին միշտ փոխարինում էին նորերը:

Ամուսիններով հատուկ նշանակություն էին տալիս կենդանի ծաղիկների առկայությանը իրենց տանը, որոնք միշտ խնամված տեսք ունեին: Նրանք սիրով ու քնքշանքով պարբերաբար հեռացնում էին չորացած տերևները, թառամած ծաղիկները, որոնք կարծես այդ ուշադրությունից շոյված ավելի գեղեցիկ ծաղիկներ էին տալիս  ու բուրավետ դառնում:

Սակայն, դժբախտաբար, երկար տարիների միասնական կյանքին հրաժեշտ տվեց սիրելի կինը, և Մակար պապը իր վրա վերցրեց ծաղիկների խնամքի ամբողջ պատասխանատվությունը:

Իհարկե, նա այնքան էլ լավ չէր հասկանում ծաղիկների լեզուն, բայց ի հիշատակ մոր և կնոջ, ծաղիկների նկատմամբ ունեցած անսահման սիրո, փորձում էր նրանց խնամել և պահպանել:

Բայց կնոջ կյանքից հեռանալուց հետո ծաղիկների մի մասը կարծես տխրեցին ու թառամեցին ու որոշ մասը կորցրեց իր գեղեցկությունն ու հմայքը:

Սակայն հետաքրքիրն այն էր, որ մանուշակները կարծես չէին զգում հոգատար ձեռքերի բացակայությունն ու պահպանում էին իրենց թարմ ու գեղեցիկ տեսքը: Նրանք, ինչպես նախկինում, ծաղկում էին տարին մի քանի անգամ ու հիշեցնում իրենց տիրուհու մասին:

Անցավ մի քանի տարի, Մակար պապը ապրում էր միայնակ ու մնացած գործերի հետ չէր մոռանում ծաղիկների խնամքը: Սակայն, այնպես պատահեց, որ ԱՄՆ-ում ապրող նրա աղջիկը իր ընտանիքով վերադարձավ հայրենիք և ապրելու տեղ չունենալու  պատճառով հանգրվանեց հայրական տանը:

Իսկ Մակարի դուստրը, ինչքան էլ որ զարմանալի է, բավականին անտարբեր էր  ամեն տեսակի ծաղիկների նկատմամբ՝ լինեին դրանք տնային, դաշտային, թե ջերմոցային, չէր սիրում զբաղվել ծաղիկների խնամքով, իսկ դեռահաս թոռները չէին կարող ծաղիկներ խնամել, ուստի նրանց խնամքը մնաց Մակար պապի վրա:

Այնպես էր պատահում, երբեմն էլ հարազատ փեսան էր ջրում ծաղիկները, երբ Մակար պապը մոռացության էր տալիս նրանց:

Ամեն աշնան սկզբներին Մակար պապը չէր մոռանում փխրեցնել ծաղիկների հողը: Նա խնամքով այդ գործողությունը կատարում էր այնպես, որ ծաղիկները չվնասվեն:

Այսպես հաշտ ու խաղաղ ապրում էին Մակար պապը և մանուշակները, երբ տեղի ունեցավ անսպասելին:

Մի որոշ ժամանակ անց, Մակարենց տուն այցելեց փեսայի մորաքույր Սանդուխտը, որը փեսայի համար մայրություն էր արել, երբ նրա մայրը ժամանակից շուտ էր հեռացել կյանքից: Սկզբնական շրջանում նա ուշ-ուշ էր այցի գալիս քրոջ որդուն և երեխաներին, բայց աստիճանաբար այցելությունները դարձան ավելի հաճախակի, իսկ վեջում՝ այն վերածվեց պարտադիր գրաֆիկի: Սանդուխտ մորաքույրը  ամեն շաբաթ նույն օրը պարտադիր ժամին գալիս էր այցելության:

Ինչպես ասում են ախորժակը ուտելուց ավելի է բացվում: Նա գալիս էր աշխատանքից ազատ օրը, քանի որ մնացած օրերին աշխատանքի էր գնում: Գալիս էր ու երկար ժամանակ նստելով բազմոցին խաղում էր Մակար պապի փոքրիկ թոռնուհու հետ: Իսկը երեխա կարծես լիներ: Խաղերը հաճախ իրար վրա բարձիկներ  նետելու էր  վերածվում:

Մակար պապը, իհարկե, նյարդայնանում էր Սանդուխտի հաստատուն այցելություններից, բայց ելքը չէր գտնում: Նա սկսեց յուրատեսակ վերաբերմունք  բանեցնել նրա նկատմամբ, որպեսզի հասկացնի, որ այդքան հաճախակի չի կարելի այցելել այն տունը, որ իր քրոջ տղային չի պատկանում:

Մակար պապը սկզբում սկսեց չբարևել նրան, տեսնելուց դեմքը ծամածռել, ապա որոշեց նրա հայտնվելուց հետո անմիջապես փոխել տնային հագուստը, տանից դուրս գալ և երկար ժամանակով տուն չվերադառնալ:

Բայց, ինչպես ասում են, ձայն բարբառո հանապատի: Ոչ մի փոփոխություն տեղի չէր ունենում մորաքույր Սանդուխտի պարբերական այցելություններում: Նույնիսկ պատահում էր, որ նա շաբաթը երկու անգամ էր այցելում, եթե աշխատանքը չէր խանգարում:

Տեսնելով, որ իր բացասական լուռ արհամարհանքը չի կատարում իր դերակատարությունը, Մակար պապը մտածում էր ուղիղ խոսքով նրան զգուշացնել, բայց վախենում էր փչացնել դստեր և փեսայի հարաբերությունները:

Եվ նա սկսեց հաճախակի մտորել մեր հանճարեղ բանաստեղծ Համո Սահյանի հայտնի բանաստեղծության տողերի շուրջ, որտեղ ասվում է.

Ես չեմ կարող չարհամարհել…

Եվ այն հյուրին պնդաճակատ,

Որ գալիս է ու չի գնում…

Խեղճ Համո Սահյան, մտածում էր Մակար պապը, տեսնես ո՞վ է եկել իրենց հյուր և երկար ժամանակ մնացել ու չի գնացել, երևի այս մորաքրոջ նման  մեկը եղած կլինի:

Այսպես անցնում էին օրերը ու Մակար պապը համապատասխան լուծումը չէր գտնում:

Բայց պատահեց ավելի սարսափելին:  Օրերից մի օր, երբ առավոտյան Մակար պապը ճաշասենյակով դուրս եկավ պատշգամբ, որ պատուհանը բացի ճաշասենյակը օդափոխելու և ամենօրյա մարզանքը կատարելու համար, նկատեց պատուհանին դրված ջրով լի ապակե ամանը, որի մեջ դրված էին մանուշակի տասնյակ կոտրտված տերևներ, իսկ երկու ծաղկամանների մեջ մնացել էին հատուկենտ տերևների և ծաղիկների կենդանի մնացորդներ:

Տեսարանը ահավոր էր Մակար պապի համար: Նա լուռ ու մունջ վերցրեց ջրով լի ծաղիկներ տերևներով ամանը, գնաց խոհանոց, ջուրը դատարկեց լվացարանի մեջ, իսկ կոտրտած տերևները զայրացած ճմրթելով ձեռքերի մեջ, տարավ նետեց աղբամանի մեջ: Տանը աղմուկ չբարձրացրեց, միայն դստերը հասկացրեց, որ ծաղիկների այդ կոտորածը  իր համար մեծ ողբերգություն է և ինքը այլևս չի զբաղվելու այդ ծաղիկներով, քանի որ այսպիսի գարշելի արարք երբեք չի տեսել իր ապրած ամբողջ կյանքում:

Դուստրը, իհարկե ցավակցեց հայրիկին, բայց անտարբեր հաղորդեց, որ մանուշակների այդ կոտորածը տեղի է ունեցել Սանդուխտ մորաքրոջ և փոքրիկ դստեր՝ բարձերը իրար վրա նետելու խաղի հետևանքով:

Իսկ հետագայում Մակար պապը թոռնիկի միջոցով պարզեց, որ մանուշակների ջարդը տեղի է ունեցել Սանդուխտ մորաքրոջ կողմից բարձի հերթական նետման արդյունքում։

Անցան ամիսներ, նույնիսկ ամբողջ մեկ տարի, Մակար պապը կատարեց իր խոստումը, նա այլևս ծաղիկների խնամքով չզբաղվեց, իսկ մանուշակները մի փոքր կազդուրվեցին, տերևներ տվեցին, բայց ծաղկել այլևս չցանկացան:

Ինչպես երևում էր բավականին խորն էր նրանց հասցված վիրավորանքը, որից առաջացած տառապանքն ու խռովքը հասցրել էին նրան, որ այլևս մանուշակները չծաղկեցին:

Եվ Մակար պապը հասկացավ, որ ինչպես նրբազգաց մարդը, այնպես էլ ծաղիկները, այս դեպքում մանուշակները, վիրավորանքը չմոռանալու և խռովելու հատկություն ունեն:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031