Լրահոս
Օրվա լրահոսը

Խստորեն դատապարտում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի գործունեությունը․ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Մայիս 17,2020 22:54

Վերջին շրջանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ծավալվող զարգացումներն արդարացիորեն մտահոգությունների առիթ են տալիս:

1995 թ. հիմնադրված և ՀՀ ԳԱԱ  համակարգում գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ ունեցող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՀՀ-ում գործող միակ թանգարան-ինստիտուտն է, որն ունի մեր և համաշխարհային պատմության ամենադատապարտելի էջերից մեկի մասին ամբողջական և համալրվող հավաքածու՝ ներառելով Հայոց ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, հուշային մասունքներ, հուշագրություններ:

Իր նշանակությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ոչ միայն ռազմավարական նշանակության համազգային գիտական կենտրոն է, այլև մեր հավաքական ապրումների, հիշատակների, արժանապատվության և ազգային-քաղաքական իրավունքների պահպանման, պաշտպանության խորհրդանշան և կենտրոն միաժամանակ:

2018 թ. հոկտեմբերից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորանշանակ տնօրեն Հարություն Մարությանի նշանակմամբ կառույցում սկսվեցին գործընթացներ, որոնց հանրագումարն ու ընթացքը մտահոգիչ են:

2019 թ. տնօրենը հանդես է եկել հիմնական ֆոնդում կառուցվածքային փոփոխություններ անելու առաջարկությամբ: 2020 թ. փետրվարին  ՀՑԹԻ Ֆոնդային գնահատող հանձնաժողովին ներկայացված տնօրենի առաջարկի համաձայն՝ հիմնական ֆոնդում գրանցված նյութերը (հիմնականում՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմագիտական և աղբյուրագիտական նշանակության գրքեր, եզակի օրինակներ), համապատասխան ընթացակարգով հանվում են հիմնական ֆոնդից և ընդգրկվում նոր ձևավորվող գրադարանում, այդպիսով փոխելով դրանց իրավական կարգավիճակը:

Ըստ այդմ, հիմնական ֆոնդից, որը 2019 թ. դրությամբ կազմում է շուրջ 95.000 միավոր,  դուրս է գալիս ընդհանուր առարկաների շուրջ 1/3-ը՝ շուրջ 36.000 միավոր: Սա ՀՀ բոլոր թանգարանների պատմության մեջ չգրանցված գործընթաց է: Ի դեպ,  գործող կարգը երբեք որևէ  ուսումնասիրողների համար նյութերի անհասանելիության խոչընդոտ չի հանդիսացել:

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս գործընթացը. սույն հարցը արդարացիորեն շրջանառվում է հանրության լայն շրջանակների կողմից և սպասում իր թափանցիկ, հրապարակային գնահատականին: Արդյոք սա չի՞ կարող նախադեպային լինել և հետագայում «ոչ համապատասխան առարկաներ» հիմնավորումով դուրս չեն գրվի այլ նյութեր:

Ինչո՞ւ է խախտվում թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդի անձեռնմխելիությունը, փոխարենը սկսում է ակտիվանալ մարդկային սուբյեկտիվության գործոնը: Ի դեպ, այս սուբյեկտիվությամբ էր պայմանավորված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրյակին հիմնական կարգախոսից «պահանջում եմ» բաղադրիչի դուրս մղման ամոթալի փորձը: Արդյո՞ք սա մեր պատմությունը, պահանջատիրության քաղաքականությունը ռևիզիայի ենթարկելու անթաքույց մղում չէ:

Նույնքան մտահոգիչ է մեկ այլ հանգամանք. ինչու՞ է մեր թանգարանային ֆոնդերի պահպանման չափանիշների մշակման կարևոր գործին լծվել մի հասարակական կազմակերպություն՝ սնվող Բաց Հասարակության ինստիտուտ-օժանդակության հիմնադրամի կողմից, որի հետ տնօրեն Մարությանի՝ այլ դրվագներով գործակցությունը ևս հայտնի է:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, ելնելով վերոհիշյալից, հայտարարում է՝ գործ ունենք համահայկական տարողության, մեր պետականության անվտանգությանն ու ազգային բաղադրիչին առնչվող իրողության հետ:

Մենք խստորեն դատապարտում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Մարությանի գործունեությունը, ինչն ակնհայտորեն միտված է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթային վկայությունների վերացմանը, ազգային ինքնության, հոգևոր արժեքների ոչնչացմանը և սպառնում է Հայաստանի պետականության անվտանգությանը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը չի՛ հանդուրժելու նման կասկածելի և անվտանգային առումով խիստ մտահոգիչ գործընթացների առկայությունը ՀՑԹԻ-ում և բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է այդ քաղաքականության դեմ։

 

ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031