Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են իրավապաշտպանները լռում Արթուր Ալեքսանյանի գործով, մինչդեռ Գեւորգ Սաֆարյանին քաղբանտարկյալ էին հայտարարում

Մայիս 17,2020 18:42

«Ընդհանուր առմամբ, ինձ մոտ տպավորություն է, որ պրովոկացիաների միտում կա` դիտավորությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն` անդրադառնալով «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հեծանիվով վրաերթին:

Հիշեցնենք, այս գործով, դատախազի ցուցումով ձերբակալվեց, ապա կալանավորվեց «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը: Նա նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի (Լանզարոտեի կոնվենցիա) վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին` նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը:

Ըստ դատախազության, Ազգային ժողովի նիստի ավարտից հետո, Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ: «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ, կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, բռնություն գործադրելու սպառնալիք տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Արթուր Ալեքսանյանի պաշտպանը, սակայն, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ Արթուր Ալեքսանյանը հեծանիվով եղել է, բայց հեծանիվով վրաերթի ենթարկելու փորձ, հեծանիվով բռնություն գործադրելու փորձ, կամ հեծանիվով բռնություն գործադրելու որևէ գործողություն չի կատարել։ Ըստ փաստաբանի, վիճելի է նաեւ հոդվածը, որով իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել, քանի որ ՔՕ 316 հոդված, 3-րդ մաս՝  սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով: ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն, ըստ պաշտպանի, այդպիսի անձ չի հանդիսանում:

Aravot.am-ը տիկին Ալեքսանյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ են այժմ իրավապաշտպանները լռում, մինչդեռ քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի` «տոնածառի գործով» մեծ աղմուկ էին բարձրացրել եւ վերջինիս քաղբանտարկյալ են հայտարարել:

Ժաննա Ալեքսանյանն ասաց` տպավորություն ունի, որ ընդդիմադիր երիտասարդները վերջին շրջանում դիտավորությամբ են միջադեպեր հրահրում: Նա օրինակ բերեց դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը, Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջադեպը եւ այլն:  Արթուր Ալեքսանյան-Նիկոլայ Բաղդասարյան միջադեպն էլ է նա այս հարթությունում դիտարկում: «Հակառակ կողմի ագրեսիան նկատելի է»,- ասաց մեր զրուցակիցը: Դիտարկմանը, եթե անգամ դա ագրեսիա որակենք, արդյո՞ք դրա պատճառը իշխանության դրսեւորումները չեն` հենց վարչապետի կողմից հանրության սեւի եւ սպիտակի բաժանելը, պատերին ծեփելը, ասֆալտին փռելը եւ այլն:

«Ինչ-որ առումով համաձայն եմ»,- ասաց իրավապաշտպանը` հավելելով, որ առհասարակ կա լարված մթնոլորտ, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու հետ կապված. «Բայց միեւնույն է, կողմ չեմ ագրեսիվ դրսեւորումներին: Համենայնդեպս, իշխանության ներկայացուցիչների կողմից նման ագրեսիվ դրսեւորումներ չկան: Չենք կարող ասել, որ իշխանության ներկայացուցիչը վրաերթի է ենթարկում ինչ-որ մեկին»: Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է, որ «Ադեկվատ» նախաձեռնության անդամներին բերման էին ենթարկել ոստիկանություն եւ առանց հիմքերի ու ինքն այդ մասին բարձրաձայն խոսել է, բայց, տվյալ դեպքում, ոչ իշխանական կողմին է զսպվածության կոչ անում. «Իշխանությունից հայտարարություններ լսում ենք, որոնք նյարդայնացնող են, մթնոլորտը լարող են, բայց գործողությունների ականատես չենք լինում: Մյուս կողմը, սակայն, ավելի շատ ձգտում է գործողությունների»:

Միաժամանակ, Ժաննա Ալեքսանյանը վիճելի է համարում Արթուր Ալեքսանյանի կալանավորումը: Նա կարծում է, որ քննությունը կարելի էր վարել առանց կալանավորման:

Հայաստանում FIDH-ի անդամ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար Արտակ Կիրակոսյանն էլ այս հարցի շուրջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք միջադեպին չեն արձագանքել, քանի որ արտակարգ իրավիճակի պայմաններում փոքր-ինչ դժվարություն կա աշխատանքները լիարժեք կազմակերպելու առումով: Հիշեցնենք, Գեւորգ Սաֆարյանի գործով Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Հայաստանում FIDH-ի անդամ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»  ՀԿ-ն մտահոգություն էին  հայտնել`այն որակելով «ոստիկանության կողմից օրենքի չարաշահման ակնառու օրինակ», ինչը ակտիվիստի վրա ճնշում գործադրելու նպատակ ունի:

Արտակ Կիրակոսյանը պնդում է` կալանավորումը պետք է լինի ծայրահեղ միջոց եւ դատապարտում է Արթուր Ալեքսանյանի կալանավորումը: Թե այս դեպքով, թե դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ «անհարգալից վերաբերմունքի» գործով նա խնդիր է տեսնում:

«Խնդիրն այն է, որ անընդհատ խոսվում է բռնության մթնոլորտի, բռնության կոչերի մասին, բայց իշխող ուժը նույն պահվածքը ունի: Այսինքն, էական տարբերվող չեն միմյանցից: Այս առումով, շատ ցուցադրական օրինակ էր ԱԺ-ում տեղի ունեցած վերջին միջադեպը: Եթե այդ երեք պատգամավորները մանդատ դնելու առիթ են տվել, պետք է դնեն մանդատները: Պարիտետային պայմանավորվածության կոչը` երեք մանդատ մենք դնենք, երեքը`դուք, անիմաստ է: Կամ նրանք ճիշտ են արել եւ մանդատ դնելու խնդիր չկա, կամ` եթե ճիշտ չեն, մանդատները պետք է դնեն: Այսօրվա իշխանությունները, դա երեւում էր նաեւ ՄԻՊ-ին խորհրդարանում ուղղված հարցերից, իրենց դիտում են հասարակության մի մաս, որը պաշտպանության կարիք ունի: Բայց իրենք իշխող ուժն են եւ պաշտպանված լինելու կարիք ունեն քաղաքացիները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031